• Latest news

Սիրողական եւ չհիմնավորված գնահատականները վնասում են ոլորտին. ՍԱՊԾ–ի արձագանքը NEWS.am Medicine-ի նյութին

11 հունիսի, 2018  18:34

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, որը պաշտոնավարել է երեք ամիս, այժմ, ներկայանալով որպես միջազգային փորձագետ, med.news.am կայքում գնահատականներ  է տվել կենդանիների վարակիչ հիվանդությունների եւ սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ առանց լուրջ եւ փաստարկված հիմնավորումների:

Չի եղել ահազանգի կամ հիվանդության կասկածի որեւէ դեպք, որին ոլորտային լիազոր մարմինը՝ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայությունը,  եւ անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, չեն արձագանքել եւ համապատասխան գործողություններ չեն կատարել. Ծառայությունը վերահսկողական գործառույթներ է իրականացնում հիվանդությունների կանխարգելման եւ վերացման միջոցառումների համալիրում, որում շատ կարեւոր է հիվանդության պաշտոնական ախոտորոշումը: Մեր երկիրը Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության (OIE), ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ է եւ, ստանձնած պարտավորություններին համապատասխան, հիվանդության վերաբերյալ տեղեկացնում է բացառապես ախտորոշման ռեֆերենս մեթոդով՝ մեր կամ այլ երկրում  հաստատված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա: Ի դեպ, մեր նախաձեռնությամբ ու հրավերով հոկտեմբերին Հայաստան կայցելեն OIE-ի փորձագետները՝ գնահատելու անասնաբուժական ծառայությունների գործունեությունը. սա, ի հեճուկս հրապարակման մեջ ներկայացված տեսակետների, վկայում է թափանցիկ աշխատելու մասին:

Կենդանիների հիվանդությունների՝ ներկայացված պատկերն իրականության հետ ոչ մի աղերս չունի, եւ մի քանի ոլորտների վերաբերյալ սիրողական մակարդակի կամ չփաստարկված-չհիմնավորված մտքերը խիստ վտանգավոր հետեւանքներ  կարող են ունենալ: Օրինակ՝ 2016 թ. էկզոտիկ տիպի դաբաղի բռնկման մասին խոսելիս՝ միջազգային փորձագետն առնվազն պետք է իմանա, թե որոնք են ՀՀ-ի համար դաբաղի էկզոտիկ տիպերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին 20-30 տարիների ընթացքում  մեր երկրում արձանագրվել են դաբաղի A,O,Asia 1 տիպերի շճատեսակները, որոնք էկզոտիկ չեն կարող որակվել, քանի որ դրանց նկատմամբ կենդանիները պատվաստվել են, ինչպես նաեւ առկա է նշված տիպերի շճատեսակների նկատմամբ ձեւավորված  օրգանիզմի բնական իմունիտետ: Կամ, օրինակ, բրուցելոզի մասին. հանրապետությունում երբեւիցե բրուցելոզի նկատմամբ մանր կամ խոշոր եղջերավոր կենդանիների պետական պատվաստում չի իրականացվել, երբեւիցե պետական նման քաղաքականություն, ծրագիր չի եղել եւ նախատեսված էլ չէ: Նույն տրամաբանությամբ կարելի է անդրադառնալ հնչեցված մյուս բոլոր տեսակետներին:

Հավելենք, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել եւ իրականացնում է մի շարք կարեւորագույն ծրագրեր՝ ուղղված կեդանիների համարակալման եւ նույնականացման համակարգի ներդրմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցմանը,  կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողության, ինչպես նաւ կենդանական եւ բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման մշտադիտարկումներին, ռիսկերի գնահատման եւ կառավարման մոդելի արդիականացմանը եւ այլն, որոնք կենդանիների առողջության եւ սննդամթերքի անվտանգության ապահովման կարեւոր նախադրյալներն են:

Նախկին պաշտոնյան կարծես թե այնքան էլ տեղեկացված չէ ներմուծումների ոչ քաղաքականության, ոչ իրավական հիմքերի, ոչ էլ ընթացակարգերի մասին, այլապես կիմանար, որ Հայաստանը վաղուց է անդամակցում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ, պարտավորությունների համաձայն, չի կարող միայն քաղաքական հիմքով սանիտարական եւ բուսասանիտարական ոլորտներում այլ երկրներից ներկրման սահմանափակումներ կիրառել: Ի դեպ, Թուրքիայից եւ Պակիստանից ներկրվող հսկողության ենթակա բեռները պարտադիր ենթակա են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա է միայն թույլատրվում ներմուծումը, իսկ ադրբեջանական ծագման սննդամթերքի ներմուծման թույլտվություն Ծառայությունը երբեւէ չի տվել: Նշենք, որ կենդանական ծագման մթերքի ներմուծում նշված երկներից վերջին տարիներին ընդհանրապես չի եղել: Միշտ չէ, որ մամուլում շրջանառվող լուրերը՝ հատկապես թուրքական աղբյուրներից սնվող, համապատասխանում են իրականությանը:

ՍԱՊԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ անհեռատես այսօրինակ գործելակերպից, միաժամանակ պատրաստակամ է ցանկացած ձեւաչափով եւ ցանկացած պահի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային փորձագետների հետ, քննարկել հնչեցված մտահոգությունները եւ գնահատականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել