• Latest news

Արսեն Թորոսյանն ԱՀԿ նստաշրջանին ներկայացրել է ՀՀ կայուն զարգացման օրակարգի գերակայությունները

18 սեպտեմբերի, 2018  13:43

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ՄԱԿ-ի մինչեւ 2030 թվականը նախանշված օրակարգին եւ 2015-ի սեպտեմբերին ամրագրված կայուն զարգացման նպատակներին: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:

Թորոսյանը փոխանցել է, որ 2016-ին ՀՀ կառավարությունը սկիզբ է դրել այդ օրակարգի ազգայնացման գործընթացին` դրանով սահմանված նպատակներն ազգային ռազմավարության շրջանակներում ներառելու եւ ստեղծելու առաջընթացի գնահատման եւ հաշվետվության համակարգ: 2017թ. վերանայվել է Հայաստանի զարգացման ազգային ռազմավարությունը` նախատեսված իրականացնելու մինչեւ 2030 թվականը:

Արսեն Թորոսյանը խոսել է վերջին տասնամյակում առողջապահական համակարգում Հայաստանի ունեցած հաջողություններից, մարտահրավերներից ու անհրաժեշտ քայլերից, ընդգծել դրանց ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման կարեւորությունը:

Նախարարի ելույթը ներկայացնում ենք ստորեւ. Տեսանյութ

  • «Առողջությունն ու բարեկեցությունը մեր օրակարգի առանցքում են, եւ մենք կարող ենք ներկայացնել այս ընթացքում արձանագրված առաջընթացը.
  • Մանկական եւ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշերը նվազում են, սակայն մայրական մահացությունը դեռ շարունակում է ԵՄ միջին ցուցանիշից բարձր մնալ: Թիրախային բնակչության առնվազն 91 տոկոսն այժմ ընդգրկված է պատվաստումների ազգային ծրագրում:
  • ՄԻԱՎ վարակակիր բոլոր գրանցված մարդիկ այժմ օգտվում են հակառետրովիրուսային դեղամիջոցներից: 2016թ. Հայաստանը դարձել է աշխարհում առաջին չորս երկրներից մեկը` բացառելով ՄԻԱՎ վարակի փոխանցումը մորից մանկանը:
  • Տուբերկուլոզով հիվանդացության դեպքերը վերջին տասնամյակում նվազել են, 2016թ.-ին ամեն 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է 27 հիվանդ:
  • Երկիրը մշակել է ազգային ռազմավարություն` նվազեցնելու քրոնիկ հեպատիտ Բ-ից եւ Ց-ից մահացությունն ու հիվանդացությունը: Սակայն վիրուսային հեպատիտների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակումն ու իրականացումը շարունակում է մնալ համակարգի կարեւոր հարցերից մեկը:
  • Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը 80 տոկոս է. դրանց շարքում ամենատարածվածը` շուրջ 48%, կազմում են սրտանոթային հիվանդությունները, հաջորդում են քաղցկեղը (20.5%), դիաբետը (4.2%), վնասվածքներ, թունավորումներ եւ արտաքին պատճառներ (4.5%), քրոնիկ թոքային հիվանդություններ, այդ թվում` բրոնխիտ, ասթմա, այլ քրոնիկ թոքային եւ բրոնխային հիվանդություններ (4%):
  • Ռիսկի գործոնները նպաստում են ոչ վարակիչ հիվանդությունների աճին: Օրինակ, ծխախոտի օգտագործման ցուցանիշը բարձր է Հայաստանում. տղամարդկանց ավելի քան 52 եւ կանանց ավելի քան 1.2%-ը ծխող են: Հայաստանը վավերացրել է ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ ԱՀԿ շրջանակային կոնվենցիան: Այնուամենայնիվ, շատ միջոցներ դեռեւս չեն կիրառվում: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում աշխատում է ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի նախագծի վրա, որով ծխելու համար թույլատրելի տարածքները կսահմանափակվեն:

Կայուն զարգացման օրակարգի մեր գերակայությունները հստակ են. մենք պետք է կենտրոնանանք հետեւյալի վրա`

  • Հիվանդությունների կանխարգելման հզորացում վաղ ախտորոշման եւ բուժման միջոցով` հատուկ ուշադրություն դարձնելով ոչ վարակիչ հիվանդություններին,
  • Առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացում` ներառյալ խոցելի բնակչության համար մատչելիության ապահովում, դեղորայքի եւ բժշկական տեխնոլոգիաների երաշխավորված հասանելիություն, պացիենտի անհատական կարիքների վրա հիմնված երկարաժամկետ խնամքի ապահովում,
  • Առողջապահական ծառայությունների առավել լավ չափորոշիչների մշակում եւ ներդրում,
  • Խոցելի խմբերին մասնագիտացված ստացիոնար բուժօգնության ապահովում, մայրական եւ մանկական առավել բարելավված խնամք, առավել մեծ ուշադրություն` վերարտադրողական եւ դեռահասների առողջությանը,
  • Բժշկական հաստատությունների կարողությունների եւ մասնագիտական ներուժի զարգացում,
  • Առողջապահական ապահովագրության ներդրում` երկրում ընդհանուր առողջապահական համակարգի ֆինանսական կայունության բարձրացման նպատակով:

Մենք չենք կարող դա անել միայնակ: Ակնկալում ենք գործակցել բոլոր ոլորտներում, ներառյալ`

  • Ռեսուրսների վերաբաշխում եւ դրանց արդյունավետ օգտագործման ապահովում ծառայությունների մատուցման մակարդակում,
  • Պետական հարկերի եւ եկամուտների հավաքագրում,
  • Ճիշտ պլանավորում եւ ֆինանսական կառավարում,
  • Հակակոռուպցիոն միջոցառումներ,
  • Համընդհանուր սոցիալական պաշտպանություն:

Ամփոփելով` թույլ տվեք փոխանցել մեր երախտագիտությունը ԱՀԿ-ին աջակցության համար: Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզում, մասնավորապես, ընդգծվում է առողջության առաջնային պահպանման ուժեղացման կարիքը: Շարունակական, համապարփակ, համակարգակենտրոն եւ անձնակենտրոն, անվտանգ, արդյունավետ առաջնային բուժօգնության համակարգ` ֆինանսական պաշտպանության համընդհանուր ծածկույթով. թերեւս սա է «ոսկե» ուղին` հասնելու կայուն զարգացման նպատակներին եւ առողջապահությանը` բոլորի համար»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է