• Latest news

Բժշկական ապահովագրությունը ձեռնտու է թե բժիշկներին, թե պացիենտներին. հայ մասնագետ

28 մայիսի, 2014  21:57

Բժշկական ապահովագրությունը ձեռնտու է թե բժիշկներին, եւ թե պացիենտներին, համարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանը։

Ինչպես նա նշեց NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, շատ վատ է, երբ բժիշկը ստիպված է լինում առնչվել ֆինանսների հետ։ «Իմ խորին համոզմամբ, բժիշկը ընդհանրապես որեւիցե առնչություն ֆինանսների հետ պետք է չունենա», - ասաց Ռուբեն Ֆանարջյանը։

Ըստ նրա՝ բժշկի, մասնավորապես նյարդավիրաբույժի աշխատանքն այնքան ծանրաբեռնված է, որ ֆինանսական հարցերով զբաղվելը միայն լրացուցիչ հոգս է նրա համար, այդ պատճառով, Ռուբեն Ֆանարջյանի կարծիքով, պետք է լինի ստորաբաժանում, որը կվերցնի իր վրա բոլոր ֆինանսական հարցերը, որպեսզի բժիշկները կարողանան կենտրոնանալ իրենց հիմնական աշխատանքի՝ մարդկանց բուժելու վրա։

Ինչ վերաբերվում է պացիենտներին, ապահովագրությունը եւ նրանց տեսակետից շատ հարմար է եւ ճիշտ, համարում է Ռուբեն Ֆանարջյանը։ Եթե հիվանդը տարեկան ինչ-որ գումար հատկացնի իր ապահովագրությանը, դա այդքան մեծ վնաս չի հասցնի իր գրպանին, իսկ հարկ եղած դեպքում ապահովագրական ընկերությունը կհոգա հիվանդի բուժման ծախսերը։ Հակառակ դեպքում հիվանդին բավական դժվար է հատկացնել, ասենք, մի քանի միլիոն դրամ՝ վիրահատության համար։

Ռուբեն Ֆանարջյանը նաեւ նշեց, որ վերջին տարվա ընթացքում աճել է ապահովագրական բուժօգնությունից օգտվող հիվանդների թիվը, եւ դա, նրա կարծիքով, դրական միտում է։ Նշենք, որ բժշկական ապահովագրությունից Հայաստանում օգտվում են պետական ծառայողները սոցփաթեթի շրջանակներում։

Առողջապահության նախարարությունում այժմ մշակվում է մի օրինագիծ՝ երկրում համընդհանուր բժշկական ապահովագրություն ներդնելու մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll