• Latest news

Ծերացման եւ քրոնիկ հիվանդությունների համար պատասխանատու են նույն գեները

1 փետրվարի, 2019  18:09

Ծերացման եւ քրոնիկ հիվանդությունների համար պատասխանատու են նույն գեները: Այս մասին են վկայում Gero LLC բիոտեխնոլոգիական ընկերությունից, Նովոսիբիրսկի պետական համալսարանի Ցիտոլոգիայի եւ գենետիկայի ինստիտուտից եւ Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտից գիտնականների խմբի հետազոտությունները:

Ուսումնասիրության շրջանակում 37-73 տարեկան 300 հազար բրիտանացիների գենետիկական տվյալների եւ բժշկական տեղեկատվության վերլուծություն է կատարվել: Գիտնականներին հաջողվել է գենոմի 12 հատված առանձնացնել, որոնցում կետային մուտացիաները որոշում են կյանքի հնարավոր տեւողությունը նախքան այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են  դիաբետը, քաղցկեղը, կաթվածը եւ այլն: Մարդու կյանքի այս համեմատաբար առողջ շրջանը բնորոշվում է որպես  «healthspan»:

Ստացված արդյունքները վերահաստատվել են եվրոպական, աֆրիկյան, հարավասիական, չինական եւ կարիբյան ծագմամբ մարդկանց գենետիկ տվյալների վերլուծության միջոցով:

Պարզվել է, որ գենոմի 12 հատվածներից առնվազն 3-ը կապված են նաեւ  բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների բարձր վտանգի հետ, որոնք զարգանում են տարիքին զուգընթաց: Նրանցից եւս 5-ը պատասխանատու է մարմնի զանգվածի ինդեքսի, մաշկի քաղցկեղի նախատրամադրվածության, սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի կաթվածի, 2-րդ տեսակի դիաբետի համար:

Գենետիկ կապեր են հայտնաբերվել նաեւ մարդու healthspan-ի եւ ճարպակալման, սրտի իշեմիկ հիվանդության, ծնողների կյանքի տեւողության, ծխելու եւ անգամ կրթության մակարդակի միջեւ:

Ստացված տվյալները գիտնականներին թույլ են տվել ստեղծել մոդել, որը կարող է կանխագուշակել այն տարիքը, երբ, կախված մարդու տարիքից, սեռից եւ գենետիկ գործոններից, կավարտվի healthspan-ը:

Գենետիկական եւ բժշկական տվյալների վերլուծումը ցույց է տալիս, որ ծանր քրոնիկ հիվանդությունների զարգացման վտանգը տարիքի հետ աճում է եւ յուրաքանչյուր 8  տարին մեկ կրկնապատկվում է:

Հետազոտության արդյունքները  հրապարակվել են Communications Biology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել