Հղի կինը կարող է ազդել իր ապագա երեխայի մաթեմատիկական ընդունակությունների վրա: Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ այդ գործընթացի հիմքում կնոջ վերահսկողության լոկուսն է:
Վերահսկողության լոկուսը հոգեբանական հասկացություն է, որը բնութագրում է անձի՝ սեփական հաջողությունները կամ անհաջողությունները կամ միայն ներքին կամ միայն արտաքին գործոններին վերագրելու հատկությունը:
Գործունեության արդյունքները արտաքին գործոններին վերագրելու հակվածությունը կոչվում է վերահսկողության արտաքին լոկուս, իսկ ներքին գործոններին վերագրելը՝ (բնավորության գծեր, հմտություններ, գիտելիքներ եւ այլն) վերահսկողության ներքին լոկուս:
Գիտնակաները վերլուծել են «90-ականների երեխաներ» (Children of the 90s study) հետազոտության տվյալները: Առաջին փուլում որոշվել է ավելի քան 1600 հղի կանանց վերահսկողության լոկուսը, այնուհետ գնահատվել են նրանց 8, 11 եւ 13 տարեկան երեխաների ընդունակությունները:
Մասնավորապես երեխաները պետք է մաթեմատիկական ընդունակությունների, այս կամ գիտությունների ուսումնասիրման հակվածության, խնդիրների լուծման կարողության թեստեր հանձնեին:
Պարզվել է, որ այն երեխաները, որոնց մայրերը վերահսկողության ներքին լոկուս են ունեցել, ավելի լավ են եղել մաթեմատիկայից եւ բնական գիտություններից, քան նրանք, ում մայրերը վերահսկողության արտաքին լոկուս են ունեցել:
Բացի այդ վերահսկողության ներքին լոկուս ունեցող կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց երեխայի զարգացմանը: Օրինակ՝ ուղեղի աշխատանքը բարելավող մթերքներ են ընտրում, ավելի հաճախ են երեխաների համար ընթերցում, հետաքրքրվում նրանց ուսման հաջողություններով:
Բացի դրանից վերահսկողության ներքին լոկուս ունեցող մայրերի երեխաները ավելի լավ են քնում, սնվում եւ վերահսկում իրենց զգացմունքները: Հետազոտողները նկատել են, որ նրանք ուսման հետ կապված համեմատաբար ավելի քիչ խնդիրներ ունեն, ինչպես նաեւ ճարպակալման զարգացման ավելի փոքր վտանգ:
Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր