• Latest news

5 վիրաբույժից 4-ը հրաժարվել է վիրահատել ՄԻԱՎ-ով պացիենտին. Ինչո՞ւ է Հայաստանում անհրաժեշտ ՄԻԱՎ ունեցող մարդկանց հանդեպ խտրականության դեմ օրենքը

18 մարտի, 2019  21:00

Երակների վարիկոզ լայնացումը եւ անգամ խոցն ու թրոմբները լուծելի խնդիր են, եթե պացիենտը, իհարկե, ի վիճակի է վճարել իր բուժման համար։ Արտակը, որին երկար ժամանակ տանջում էին ոտքերի ցավերը վարիկոզի եւ խոցերի պատճառով, պատրաստ էր վճարել ցանկացած գումար վիրահատության համար, բայց նրանով զբաղվել ցանկացողները շատ չէին։ Բանն այն է, որ Արտակը ՄԻԱՎ վարակ ունի, եւ շատ անոթային վիրաբույժներ, իմանալով այդ մասին, երես էին թեքում նրանից։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Արտակը պատմեց, որ առաջին վիրաբույժը, որին նա դիմել է, նայեց նրա ոտքերին եւ միանգամից ասաց, որ նրան վիրահատություն է հարկավոր, ընդ որում՝ որքան շուտ, այնքան լավ։ Բայց բավական էր, որ Արտակն ասեր, որ ՄԻԱՎ վարակ ունի, վիրաբույժի վերաբերմունքն անմիջապես փոխվել էր, ինչպես եւ փոխվել էին նրա խորհուրդները. նա սկսել էր տատանվել եւ առաջարկել էր վիրահատության փոխարեն դեղորայքային բուժում փորձել։

Ճիշտ նույն պատմությունն է տեղի ունեցել նաեւ երկրորդ եւ երրորդ վիրաբույժների հետ։ Չորրորդին Արտակը պարզապես որոշեց չասել իր կարգավիճակի մասին։ Նրան սկսեցին պատրաստել վիրահատության, բայց վիրահատությունից առաջ վերցված անալիզները ցույց տվեցին, որ նա ՄԻԱՎ ունի։

«Վիրաբույժն անմիջապես ասաց ինձ. «Դե գիտես, ես այնքան շատ մարդկանց եմ վիրահատում, հետո ինչպե՞ս եմ նույն գործիքներով վիրահատելու մյուսներին», - պատմել է Արտակը։ - Նա նաեւ ասաց, որ եթե ինձ վիրահատեն, դա կակտիվացնի ՄԻԱՎ վարակը։ Ես սկզբում հավատացի եւ անգամ գրեթե հրաժարվեցի վիրահատվելու գաղափարից, բայց հետո պարզեցի ոլորտում աշխատող մասնագետներից, որ վիրահատությունը որեւէ կերպ չի ազդում ՄԻԱՎ-ի վրա։ Ես այդ մասին ասացի վիրաբույժին, բայց նա անգամ լսել չցանկացավ՝ կտրուկ հրաժարվեց վիրահատել ինձ»։

Միայն հինգերորդ վիրաբույժը, որին դիմեց Արտակը, առանց ավելորդ հարցերի ու խնդիրների համաձայնեց վիրահատել նրան. դա Տիգրան Քամալյանն էր Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնից։

Իրականում վիրաբույժների բոլոր երկյուղները միանգամայն անհիմն էին. եթե նրանց գործիքները ճիշտ են ախտահանվում, կարեւոր չէ, թե ինչով է հիվանդ պացիենտը. նրան կարելի է հանգիստ վիրահատել։ Իսկ եթե գործիքները ինչպես հարկն է չեն ախտահանում, ապա ցանկացած պացիենտի վտանգավոր է վիրահատել։

Արտակը ՄԻԱՎ վարակով բնավ միակ պացիենտը չէ, որը դարձել է խտրականության զոհ Հայաստանի հիվանդանոցներում։ Նման բան տեղի է ունենում ամենուրեք. դա հաստատեց նաեւ հետազոտությունը, որն անցկացվել է ՄԻԱՎ-ի հակազդեցության ազգային կոնսորցիումի նախաձեռնությամբ՝ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ։

Հետազոտության համաձայն՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ թմրամիջոց օգտագործող մարդիկ ենթարկվում են լուրջ խտրականության ամենատարբեր բնագավառներում՝ ընտանեկան կյանքից մինչեւ բուժհաստատություններ։ Բժշկական կենտրոններում նրանց կարող են մերժել ծառայություններ մատուցել, եթե հայտնի դառնա, որ նրանք ՄԻԱՎ ունեն։

Նոր օրինագիծը, որը տեղադրվել է e-draft.am-ում, նպատակ ունի պայքարել բժշկական կենտրոններում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խտրականության դրսեւորումների դեմ։ ՄԻԱՎ ունեցող մարդուն բժշկական ծառայությունների մատուցումից հրաժարվելու համար՝ նրա կարգավիճակի պատճառով, նախատեսվում է տուգանք աշխատավարձի 400-ապատիկի չափով։

Հովհաննես Մադոյանը «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայից» NEWS.am Medicine-ի  թղթակցի հետ զրույցում նշել է, որ դա շատ կարեւոր եւ անհրաժեշտ օրինագիծ է, որի նպատակն է խտրականությունից պաշտպանել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բժշկական հաստատություններում։

Խտրականությունը, ինչպես նշում է փորձագետը, վտանգավոր է միշտ եւ բոլոր դրսեւորումներում, բայց ՄԻԱՎ-ով մարդկանց հանդեպ այն վտանգավոր է կրկնակի. բանն այն է, որ հենց խտրականությունն է ՄԻԱՎ համաճարակի շարժիչ ուժը, աքսելերատորը։ Խտրականությունը հասարակությունում եւ բուժհաստատություններում բարդացնում է կանխարգելիչ միջոցառումների անցկացումը։

ՄԻԱՎ ունեցող մարդկանց հանդեպ հասարակության եւ բուժանձնակազմի բացասական վերաբերմունքի պատճառով մարդիկ վախենում են ՄԻԱՎ-ի հանդեպ հետազոտվել. շատերին թվում է, թե եթե իրենց մոտ հանկարծ ՄԻԱՎ հայտնաբերեն, բոլորը կիմանան դրա մասին, եւ հասարակությունը երես կթեքի իրենից։ Արդյունքում՝ մարդը չի իմանում իր կարգավիճակի մասին, եւ եթե իսկապես վարակված է, չի ստանում բուժում։ Սա լուրջ խնդիր է ոչ միայն իր, այլ նաեւ ամբողջ հասարակության համար, չէ՞ որ նա, չիմանալով իր կարգավիճակի մասին եւ բուժում չստանալով, կարող է վարակել նաեւ այլ մարդկանց։

Բժիշկները բոլորից լավ են տեղեկացված այս բոլոր խնդիրների մասին, բայց անգամ բուժկենտրոններում ՄԻԱՎ ունեցող մարդիկ ամենուրեք բախվում են խտրականության խնդրին եւ իրենց հանդեպ վատ վերաբերմունքին։ Իրականում անգամ ավելի շատ, քան այլ ոլորտներում։

«Առողջապահության ոլորտում աշխատող մարդիկ բնավ ավելի վատը չեն, քան մյուսները։ Պարզապես, երբ ՄԻԱՎ ունեցող մարդը դիմում է բժշկի, նա հաճախ ստիպված է լինում տեղեկացնել իր կարգավիճակի մասին, եւ արդյունքում՝ նա արժանանում է բացասական վերաբերմունքի, հաճախ էլ նրան մերժում են բուժել կամ վիրահատել։ Բայց եթե մարդն ասեր իր կարգավիճակի մասին նաեւ այլ վայրերում, օրինակ՝ աշխատավայրում, նա այնտեղ էլ կբախվեր խտրականության դրսեւորումների՝ չի բացառվում, որ անգամ ավելի ագրեսիվ ու բացասական, քան բուժհաստատություններում», - նշել է փորձագետը։

ՄԻԱՎ ունեցող մարդկանց խտրականությունից պաշտպանող օրինագծի գաղափարը, Հովհաննես Մադոյանի կարծիքով, շատ լավն է։ Այլ հարց է, որ այս պահի դրությամբ այն կյանքի կոչելը գրեթե անհնար է։

Գլխավոր խոչընդոտներից մեկը նման օրենքի ճիշտ «աշխատանքի» համար դրա ընդունումից հետո՝ Հայաստանում «խտրականություն» հասկացության իրավաբանական սահմանման բացակայությունն է։ Ինչպե՞ս կարելի է տուգանել մարդուն խտրականության դրսեւորման համար, եթե չկա խտրականության հասկացության հստակ սահմանումը։

Երկրորդ խնդիրը կապված է խտրականության փաստի ապացուցման հետ։ Քանի որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, սովորաբար իրավախախտման փաստը պետք է ապացուցի մեղադրողը/տուժողը, բայց խտրականության դեպքում տուժողի համար դժվար կլինի ապացուցել, որ իր հանդեպ խտրականություն է կիրառվել։ Ուստի, շատ երկրներում ապացույցների բեռը տուժածից տեղափոխում են մեղադրվողի վրա. դա նշանակում է, որ եթե խոսքը խտրականության մասին է, տուժողը չէ, որ պետք է ապացուցի, որ իր հետ ճիշտ չեն վարվել, այլ մեղադրվողը պետք է ապացուցիր իր անմեղությունը։

Մյուս խնդիրը վերաբերում է նրան, որ միշտ չէ, որ պացիենտը կարող է հասկանալ, որ այն, թե ինչպես են իր հետ վարվել, խտրականության դրսեւորում է։ Եթե հիվանդանոցում նրան մերժել են բուժծառայություններ մատուցել, հազիվ թե որեւէ մեկն ուղղակի ասի, որ նրա հետ չեն ուզում գործ ունենալ այն պատճառով, որ ՄԻԱՎ ունի. ավելի շուտ նրան կասեն, թե սարքավորում չունեն կամ համապատասխան մասնագետ։ Պացիենտը, մասնագետ չլինելով, չի կարող հասկանալ, որ իրեն ճիշտ չեն ասում։

«Սա շատ լավ օրինագիծ է, բայց ինքնին խնդիրը չի լուծի, - նշել է Հովհաննես Մադոյանը։ - Որպեսզի այն աշխատի, անհրաժեշտ է ունենալ «խտրականություն» հասկացության սահմանումը, լուծել ապացույցի բեռի տեղափոխման հարցը եւ մի շարք այլ հարցեր»։

Այդ հարցերի մի մասը կարող է լուծել մեկ այլ օրինագիծ, որը դեռ ապրիլյան հեղափոխությունից առաջ ներկայացվել էր e-draft.am-ում. դրա քննարկումը եւ ընդունումը հետաձգվեցին անորոշ ժամկետով։ Այդ օրինագծում, ինչպես նշել է փորձագետը, կա «խտրականություն» հասկացության եւ դրա տարատեսակների սահմանումը։ Այդ օրինագծի ընդունումը կնպաստի նաեւ ՄԻԱՎ ունեցող մարդկանց խտրականությունից պաշտպանող նախագծի ընդունմանն ու ճիշտ աշխատանքին։

Հասարակությունն այս օրինագիծն ընդունեց ոչ այնքան միանշանակ։ Սակայն կա նպատակ, ինչպես հիշեցրեց Հովհաննես Մադոյանը՝ կանխել խախտումներն ու խտրականության դրսեւորումները. եթե այն ընդունվի, բուժաշխատողների վերաբերմունքը ՄԻԱՎ ունեցող մարդկանց հանդեպ կդառնա ավելի համարժեք, չէ՞ որ նրանք կիմանան, որ խտրական վերաբերմունքի համար կարող են պատասխանատվության կանչվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է