Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել ծխելը թողնելու փորձ կատարող մարդկանց շրջանում եւ ուղեղի դիտարկման օգնությամբ ճիշտ կանխագուշակումներ արել, թե հիշյալ փորձերից որոնք կարող են հաջողությամբ պսակվել: Նրանք համոզված են` ծխելուց հրաժարվելը բոլորին չէ, որ հասու է. ամեն ինչ ուղեղի ակտիվությունից է կախված, գրում է The Daily Mail-ը:

Մարդիկ, ովքեր ավելի ցածր ակտիվությամբ են արձագանքել առաջարկվող մրցանակին, ծխելը թողնելու անբավարար ցանկություն են դրսեւորել:  Փենն Սթեյթ համալսարանի գիտաշխատողներից մեկի` դոկտոր Ստեֆան Վիլսոնի հաղորդմամբ, փորձարկմանը 44 ծխողներ են մասնակցել: Ուղեղի դիտարկման արդյունքները նախապես ցույց են տվել նրանց` դրամանական պարգեւի նկատմամբ արձագանքի ակտիվության մակարդակը:

18-45 տարեկան բոլոր կամավոր մասնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում օրական առնվազն 10 սիգարետ են ծխել: Մինչ փորձարկման մեկնարկը նրանց առաջարկվել է 12 ժամ հրաժարվել սիգարետից կամ նիկոտինի պարունակությամբ որեւէ ապրանքի սպառումից` խոստանալով, որ փորձարկումն ընդամենը երկու ժամ է տեւելու եւ որ ընդմիջման ընթացքում բոլորը ծխելու հնարավորություն կունենան:

Որքան թույլ է եղել մրցանակի արձագանքը, այնքան այնուհետ մեծ է եղել ծխելու ցանկությունը: Ընդմիջման ժամանակ էլ մասնակիցներին մեկական դոլար է առաջարկվել` յուրաքանչյուր հինգ րոպեի համար, եթե այդ ընթացքում եւս ծխելուց հրաժարվեն: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուրը կարող էր 10 դոլար աշխատել: Սակայն դա եւս անհրաժեշտ խթան չի հանդիսացել այն մասնակիցների համար, որոնց մոտ նախնական դիտարկումների ընթացքում ուղեղի թույլ արձագանք է նկատվել: