Մերսման միջոցով հնարավոր է բուժել մի շարք հիվանդություններ, լուծել ողնաշարի եւ հենաշարժական համակարգի տարատեսակ խնդիրներ, լավացնել գլխուղեղի սնուցումը, տեսողությունը... Սակայն որոշ դեպքերում մերսումը խստորեն հակացուցված է։
Այն մասին, թե երբ է մերսումը հակացուցված, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ֆիզիոթերապեւտ, մանուալիստ, ակադեմիկոս Գագիկ Կարապետյանը։
Բարձր ջերմություն
Գագիկ Կարապետյանի խոսքով՝ մերսումը միանշանակ հակացուցված է բարձր ջերմության ժամանակ, մանավանդ եթե դրա պատճառն ինֆեկցիոն կամ սուր շնչառական հիվանդություններն են։ Եթե օրգանիզմում ինչ-որ թարախային պրոցեսներ են ընթանում, մերսումը ավելի լավ կլինի հետաձգել մինչեւ լիովին կազդուրվելը։
Սիրտ-անոթային համակարգ
Սիրտ-անոթային համակարգի հետ կապված որոշ խնդիրների, ինչպես նաեւ զարկերակային գերճնշման եւ թռիչքաձեւ ճնշման ժամանակ մերսումը հակացուցված է։ Կա կարծիք, որ ցրված սկլերոզի եւ գլխուղեղի սնուցման որոշ այլ խնդիրների ժամանակ այն նույնպես ցուցված չէ։
Ստամոքս-աղիքային խնդիրներ
Ստամոքս-աղիքային տրակտի որոշակի խնդիրների առկայության դեպքում մերսում նույնպես չի թույլատրվում անել։
Սեռավարակներ
Սուր սեռավարակները, մասնավորապես ՁԻԱՀ-ը եւ սիֆիլիսը, ինչպես նաեւ որոշ այլ ինֆեկցիաները նույնպես կարող են մերսման համար լուրջ հակացուցում լինել։
Մաշկային հիվանդություններ
Մերսման միջոցով հնարավոր է բուժել մի շարք մաշկային խնդիրներ, սակայն կան մաշկային հիվանդություններ, որոնց դեպքում մերսումը հակացուցված է։ Բացի այդ, ցանկալի չէ մերսման գնալ, եթե մաշկի ամբողջականությունը խախտված է, կան ճաքեր եւ վերքեր, կամ սնկային հիվանդություններ։
Մասնագետները նշում են, որ կան նաեւ մի շարք այլ ստույգ հակացուցումներ եւ հարաբերական հակացուցումներ (ինչպես, օրինակ, հղիությունն է կամ օնկոլոգիական հիվանդությունները), այնպես որ, մերսման գնալուց առաջ պետք է խորհրդակցել լուրջ մասնագետի հետ եւ պարզել, ցուցված է Ձեզ մերսումը թե ոչ։ Բացի այդ, չի կարելի մերսող մասնագետից թաքցնել առկա խնդիրները, նույնիսկ եթե դրանք, Ձեր կարծիքով, մերսման հետ ոչ մի կապ չունեն. Ձեր իսկ շահերից է բխում մասնագետին Ձեր ունեցած բոլոր հիվանդությունների մասին ասելը, որպեսզի նա կարողանա ճիշտ որոշումներ կայացնել եւ ճիշտ աշխատել Ձեզ հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day