Կանադայի Ալբերտայի համալսարանական Հիվանդանոցում  ներդրվել է ատերոսկլերոտիկ վահանիկների չափերի որոշման նոր եռաչափ մեթոդ, որը հնարավորություն է տալիս բավականին արագ ախտորոշում կատարել , ինչն անչափ կարեւոր է իսուլտների կանխման համար։ Հետազոտողների թիմում է նաեւ մեր հայրենակից  Հայրապետ Քալաշյանը, ով էլ պատմեց NEWS.am Medicine-ին նոր սարքավորման մասին։

Հայտնի է, որ ինսուլտների մոտ 16% - ի պատճառը քնային զարկերակների նեղացումն է: Նեղացման պատճառը քնային զարկերակի պատին աթերոսկլերոտիկ վահանիկի առաջացումն է եւ այդպիսով արյան հոսքի դանդաղումը (երբեմն լրիվ խցանումը) դեպի գլխուղեղ, ինչի հետեւանքով ուղեղի բջիջները ստանում են պահանջվածից քիչ քանակությամբ թթվածին եւ գլյուկոզա: Դա բերում է ուղեղի բջիջների թերի ֆունկցիայի կամ այդ բջիջների մահվան: Այսպես զարգանում է ինսուլտի իշեմիկ տեսակը (իշեմիա նշանակում է արյան պակաս):

Ինչպես ներկայացրեց Հ. Քալաշյանը, ներկայումս քնային զարկերակների հետազոտման հիմնական մեթոդներից մեկը ուլտրաձայնային հետազոտությունն է (էխո): Այն կարող է որոշել քնային զարկերակի նեղացման աստիճանը՝ արյան արագությունը չափելու միջոցով (Դոպպլեր): Համարվում է, որ եթե քնային զարկերակը նեղացած է 70% (որոշ դեպքերում նաեւ 50) եւ ավելի, պետք է վիրահատական միջամտություն՝ հետագա ինսուլտների կանխարգելման համար: Այլ դեպքերում ցուցված է դեղորայքային բուժում:

«Ներկայումս, սակայն, կանխարգելման տեսանկյունից բաց է այն հարցը, թե ինչպես վարվել այն հիվանդների հետ, ովքեր ինսուլտ չեն տարել, բայց ունեն աթերոսկլերոտիկ վահանիկ կամ տարել են ինսուլտ, բայց քնային զարկերակի նեղացումը բավարար չէ վիրահատության ցուցման համար՝ գոյություն ունեցող ուղեցույցներով: Կամ ի՞նչպես հետեւել այդ վահանիկի չափերի փոփոխությանը՝ դեղորայքային բուժման ժամանակ, հասկանալու համար, թե որքանով է արդյունավետ այդ բուժումը», - ասաց հայ նյարդաբանը։

Ըստ նրա, երկչափ (2D) ուլտրաձայնային  հետազոտությունները, որոնք լայնորեն կիրառվում են, ունեն մեկ թերություն՝ կարող են չափել վահանիկը մեկ հարթությունում: Կախված թե հետազոտողն ինչ անկյունով է տեսնում վահանիկը, այդ չափը խիստ փոփոխական կարող է լինել: Այստեղից էլ առաջացավ եռաչափ (3D) ուլտրաձայնային հետազոտության պահանջը։ Այն թույլ տվեց չափել վահանիկի ծավալը, որն էլ կարող է ճշգրիտ ցուցանիշ հանդիսանալ եւ աթերոսկլերոտիկ ախտահարման արտահայտվածության, եւ կանխարգելիչ բուժման արդյունավետության գնահատման համար:

Բայց այս  մեթոդը եւս ուներ մեկ լուրջ խնդիր՝ այն բավականին ժամանակատար էր, մեկ հիվանդի հետ պետք էր ծախսել 45 րոպեից մեկ ժամ: Ուլտրաձայնային ընկալիչը պետք էր ձեռքով տեղաշարժել հիվանդի պարանոցի երկայնքով համաչափ արագությամբ, որը գրեթե անհնար է: Բացի այդ, ուլտրաձայնային սարքի հետ անհրաժեշտ էին նաեւ այլ սարքեր եւ այդ հետազոտությունների արդյունքում այդ մեթոդներն այդպես էլ առօրյա կլինիկական կիրառում չէին ստանում:

«Մեր մեթոդի առավելությունն այն է, որ հիվանդի հետազոտումը տեւում է ընդամենը 5 րոպե՝ շնորհիվ ուլտրաձայնային ընկալիչի ավտոմատացման: Այսինքն՝ ձեռքով շարժելու անհրաժեշտություն չկա. ընկալիչն իր ներսում ունի մի սարք, որն ուլտրաձայնային ալիքների հոսքն է շարժում մեզ հետաքրքրող հատվածում: Այդ ընթացքում ընկալիչը գտնվում է ֆիքսված դիրքում: Իսկ նկարներն էլ շերտ-շերտ գրանցվում ու պահպանվում են ուլտրաձայնային սարքի սկավառակի վրա: Այս գրանցման ընթացքը տեւում է ընդամենը երկու վայրկյան: Հիվանդը այլեւս կարիք չունի մնալու հետազոտման սենյակում: Հետագա հաշվարկներն արվում են հետո եւ տեւում մոտ 10 րոպե», - բացատրեց նա։

Քալաշյանն ու իր գործընկերները կիրառել են այս մեթոդը համեմատաբար կարճ ժամանակում, պատկառելի թվով հիվանդների վրա, ստուգելու համար, թե որքանով է այն ճշգրիտ, եթե երկու տարբեր հետազոտողներ կատարում են նույն վահանիկի չափումն՝ իրարից անկախ: Եվ արդյունքները տպավորիչ էին. այդ տարբերությունն ընդամենը 5.6% էր: Այդպիսով, այս մեթոդը հնարավոր եղավ ներդնել առօրյա կլինիկական պրակտիկայում, եւ ներկայումս  այն հաջողությամբ կիրառվում է Ալբերտայի համալսարանական Հիվանդանոցում:

Նշենք նաեւ, որ այս նոր մեթոդի մասին հոդվածներ (որոնցում մեր հայրենակիցը հանդես է եկել որպես գլխավոր հեղինակ) են հրապարակվել Atherosclerosis եւ Echocardiography պարբերականներում։ Հայրապետ Քալաշյանը զեկույցներ է ներկայացրել մի շարք հեղինակավոր ֆորումներում, այդ թվում՝ 2013-ին կայացած Ինսուլտի միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Մեթոդը կներկայացվի նաեւ  հոկտեմբերին կայանալիք Ինսուլտի Համաշխարհային Կոնգրեսի ժամանակ։