• Latest news

Անպտղության բուժման պետական ծրագրին 210 մլն դրամ են հատկացրել

9 սեպտեմբերի, 2019  15:17

Անպտղության անվճար կամ արտոնությամբ բուժման նոր Ծրագրի բյուջեն, որի շրջանակում մի քանի հարյուր զույգ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին հասանելիություն կստանա, ընթացիկ տարում կկազմի 210 մլն դրամ: Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ ծրագրի շրջանակում կծնվի մոտ 130-140 երեխա: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանության վարչության պետ Գայանե Ավագյանը:

Անցյալ ամիս Կառավարության հավանությունը ստացած ծրագիրը սեպտեմբերի 7-ից ուժի մեջ է մտել: Ծրագրի շահառուներ կարող են դառնալ.

  • Զույգերը, որոնցից մեկը կամ երկուսը զինծառայողներ են կամ հավասարեցված են զինծառայողներին,
  • Ծնողները, որոնք իրենց որդուն կորցրել են զինվորական ծառայության ժամանակ կամ հետո համապատասխան հանգամանքների պայմաններում (տվյալ դեպքում կնոջ առավելագույն տարիքն է 42, մնացյալ դեպքերում՝ 35),
  • Սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնք լրացուցիչ սոցիալական աջակցություն են ստանում,
  • Զույգերը, որոնցից մեկը հաշմանդամ է, իսկ կինը հղիանալու հակացուցումներ չունի,
  • Սոցիալական անապահով խմբերի ներկայացուցիչները (անապահովության 30,1 եւ ավելի միավորով):

Նվազագույնը ամուսիններից մեկը պետք է լինի Հայաստանի քաղաքացի, իսկ ամուսնությունը՝ պաշտոնապես գրանցված: Կինը 35 տարեկանից մեծ չպետք է լինի (բացառությամբ ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերի, որոնք կարող են լինել մինչեւ 42 տարեկան):

Ծրագրի շրջանակում նշված խմբերը հասանելիություն են ստանում՝

  • Անպտության պատճառների անվճար ախտորոշմանը,
  • Մինչեւ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին դիմելը անհրաժեշտ հետազոտություններին (առավելագույնը 6 փորձ),
  • Ամուսնու կամ դոնորի սերմնահեղուկի օգտագործմամբ ինսեմինացիային,
  • Արտամարմնային բեղմնավորման մեկ անվճար փորձին (մնացած սաղմերը կարելի է սառեցնել պետպատվերի շրջանակում, ծրագրի շահառուների համար անվճար կլինի նաեւ երկրորդ եւ երրորդ փոխանցումը, ԱՄԲ երկրորդ փորձը կարող է անցկացվել 50 տոկոս զեղչով):

Ծրագիրը, ինչպես նշեց Գայանե Ավագյանը, ծածկում է բոլոր ծախսերը՝ կապված բուժզննման, հետազոտության եւ բուժման հետ։ Չի ծածկում միայն փոխնակ մոր ծառայության, դոնորական ձվաբջիջների ու սերմնահեղուկի ձեռքբերման ծախսերը, դրա փոխարեն անհրաժեշտության դեպքում պետք է վճարի արդեն շահառուն։

Ծրագիրն իրականացվում է Երեւանի 5 բժշկական կենտրոններում՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի Հանրապետական կենտրոնում, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, «Աստղիկ» ԲԿ-ում, «Շենգավիթ» ԲԿ-ում եւ «Fertility Center»-ում։

Ծրագրի պահանջները բավարարող զույգերը կարող են դիմել այս կենտրոններից յուրաքանչյուրին, որտեղ նրանց կասեն, թե ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել, ինչից հետո հատուկ հանձնաժողովը կպարզի, թե զույգն ինչ խնդիրներ ունի եւ ինչ բուժում է անհրաժեշտ։

Ինչպես նշեց Գայանե Ավագյանը, զույգին կարող են մերժել մասնակցել ծրագրին, եթե պարզվի, որ կնոջը հակացուցված է հղիությունը այս կամ այն պատճառով, եւ եթե զույգն ունի այնպիսի խնդիրներ, որ անգամ օժանդակ վերարտադրողական բեղմնավորման հնարավորություններն են շատ ցածր (օրինակ, չափազանց ցածր է ձվարանների ռեզերվը, բայց այդ դեպքում զույգը կարող է ձեռք բերել դոնորական ձվաբջիջներ, արդեն իր հաշվին)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել