• Latest news

Աշտարակի բժշկական կենտրոնի վիրահատարանը վերանորոգվել ու վերազինվել է ամերիկահայերի նվիրատվությունների շնորհիվ (ֆոտո)

3 հոկտեմբերի, 2019  15:31

Հոկտեմբերի 4-ին տեղի է ունենալու Աշտարակի բժշկական կենտրոնի վիրահատարանի պաշտոնական բացումը, որը վերանորոգվել ու վերազինվել է ամերիկահայերի նվիրատվությունների շնորհիվ, սակայն օտոլարինգոլոգ Բրայն Թանքենսոնը (ԱՄՆ) արդեն հասցրել է այնտեղ մի քանի վիրահատություն իրականացնել: Բժիշկ Թանքենսոնը այս կլինիկայում, այս նույն վիրահատարանում վիրահատություններ է կատարել նաեւ անցյալ տարի, եւ նրա խոսքով՝ տարբերությունը վիթխարի է:

Բժիշկ Թանքենսոնը Հայաստան է եկել 5-րդ Հայկական բժշկական առաքելության (Armenian Medical Mission) շրջանակում: Թե՛ անցյալ, թե՛ այս տարի նա Աշտարակում անցկացրել է անվճար վիրահատություններ:

Նրա խոսքով՝ անցյալ տարի վիրահատարանը վատ վիճակում էր, եւ վիրաբույժի հնարավորություններն այնտեղ շատ ավելի քիչ էին: Ավելին՝ չկար ինտենսիվ թերապիայի սենյակ, որտեղ պացիենտներին կտեղափոխեին վիրահատությունից անմիջապես հետո: Բժշկի խոսքով՝ հիմա վիրահատարանն ուղղակի անճանաչելի է, դրանից բացի, արդեն ինտենսիվ թերապիայի սենյակ կա՝ սարքավորված ըստ ամերիկյան ստանդարտների:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, որի ջանքերով է կազմակերպվել Հայկական բժշկական առաքելությունը, վիրահատարանը լիովին նորոգվել է շնորհիվ ԱՄՆ մեր հայրենակիցներ Քերի Գաբեջյանի եւ Մաթեւոս Մաթոյանի նվիրատվության։ Նորոգման համար ծախսվել է մոտ 325 հազար դոլար, եւ ավելի քան 200 հազարը ծախսվել է նոր սարքավորումների վրա։

Քերի Գաբեջյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր տատիկը եւ պապիկը ծնունդով Հայաստանից են եղել։ Տատը շատ է պատմել նրան այն մասին, թե ինչպես են փախել ԱՄՆ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Սա տիկին Գաբեջյանի առաջին այցելությունն է Հայաստան, եւ նրա առաջին գործն է եղել այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան։

Մաթեւոս Մաթոյանի տատիկի եւ պապիկի ճակատագիրը շատ նման է Քերի Գաբեջյանի նախնիների պատմությանը, նրանք նույնպես փախել են Ցեղասպանությունից եւ հիմնավորվել ԱՄՆ-ում։ Այնտեղ էլ ծնվել են նրանց երեխաներն ու թոռները։

Ցանկանալով օգնել հեռավոր հայրենիքին՝ Քերի Գաբեջյանը եւ Մաթեւոս Մաթոյանը որոշել են դրամական միջոցներ նվիրաբերել Հայկական բժշկական առաքելությանը, ինչպես նաեւ գալ Հայաստան եւ, ի վերջո, տեսնել այն սեփական աչքերով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել