• Latest news

Ոչ հեռու ապագայում անհրաժեշտ է աշխարհում ծխախոտն արգելել. մասնագետ

12 հոկտեմբերի, 2019  15:49

Ծխախոտը բնակչության առողջությանը լուրջ վնաս է հասցնում, ուստի ոչ մի զարմանալի բան չկա, որ այսօր ծխելու դեմ այսպիսի ակտիվ պայքար է մղվում: Բացառված չէ, որ ոչ հեռու ապագայում ծխախոտի արտադրությունը կարգելվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանը:

«Նույնիսկ զարմանալի է, որ դեռեւս ծխախոտ են արտադրում: Ես հավատում եմ, որ ոչ հեռու ապագայում ծխախոտը կարգելվի, ինչպես այսօր արգելված են շատ թմրանյութեր: Ծխախոտը բնակչության առողջությանը շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան մեծ թվով արգելված նյութերը: Հիմա այս հարցն անչափ սրությամբ է դրված, ծխախոտի դեմ լուրջ պայքար է տարվում, եւ ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանում պատրաստվում է հակածխախոտային  օրենք»,- ասաց մասնագետը:

Քիմիաթերապեւտը հիշեցրեց, որ բազմիցս ապացուցվել է՝ ծխելը նպաստում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացմանը: Դա, իհարկե, առաջին հերթին թոքերի քաղցկեղն է, որին հաջորդում են ստամոքսի քաղցկեղը, միզապարկի, կրծքագեղձի քաղցկեղը եւ քաղցկեղի մի շարք այլ տեսակներ:

«Ապացուցվել է, որ թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ 90 տոկոսը ծխողներ են, որոնք օրական մեկ տուփից ավելի ծխախոտ են ծխում: Եթե մարդը 20 տարում օրական ծխում է մեկ տուփ եւ ավելի ծխախոտ, նա ուռուցքաբանի պոտենցիալ պացիենտ է»,- ասաց Լեւոն Բադալյանը:

Ծխախոտը նպաստում է նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, որոնք այսօր ամբողջ աշխարհում մահացության առաջին պատճառն են, ուստի ոչ մի զարմանալի բան չկա, որ ամբողջ զարգացած աշխարհը պայքարում է ծխելու դեմ:

Մասնագետի խոսքով՝ եթե աշխարհում ծխախոտը չլինի, ուռուցքային հիվանդություններով հիվանդացությունը նվազագույնը կրկնակի կկրճատվի:

Հոգեբան Սամվել Խուդոյանն իր հերթին նշեց, որ ծխելը թողնելն իրականում այնքան էլ դժվար չէ, ինչպես կարծում են: Եթե 2-3 օր չծխեք, ծխելու ֆիզիկական ցանկությունը վերանում է, եւ արդեն հնարավոր կլինի չծխել, եթե, իհարկե, մարդն իրեն չներշնչի, որ առանց ծխախոտի չի կարող:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել