• Latest news

2020-ին առողջապահության բյուջեն կկազմի 109 մլրդ դրամ. ինչի՞ վրա է ծրագրվում ծախսել այդ գումարը

1 նոյեմբերի, 2019  12:10

    2020-ին Հայաստանում առողջապահական ոլորտի համար բյուջեից կտրամադրվի 109 մլրդ 14,6 մլն դրամ՝ 2019-ին տրամադրված 89 մլրդ 590 մլն դրամի փոխարեն: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ հաջորդ տարի առողջապահության ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահությանը, հիվանդությունների կանխարգելմանը, բժշկական ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացմանն ու ծնելիության եւ կյանքի միջին տեւողության բարձրացմանը:

    Նախարարի խոսքով՝ պետբյուջեից ստացված միջոցները կծախսվեն հետեւյալ ծրագրերի համար՝

    • Առողջապահության բյուջեից 8%-ը (27.1 մլրդ դրամ) կծախսվի բնակչության առողջության առաջնային պահպանման համար: Այդ գումարի մեծ մասը կգնա առողջապահության առաջնային օղակ (պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ), իսկ մնացած մասը կծախսվի լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների անցկացման համար՝ նեղ մասնագիտացված կենտրոններում ախտորոշումը հաստատելու նպատակով: Երկրի ողջ բնակչությանը, ինչպես նշեց նախարարը, հասանելի կլինեն ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի եւ մի շարք նեղ մասնագետների անվճար կոնսուլտացիաները, ինչպես նաեւ պոլիկլինիկաներում լաբորատոր-գործիքային հետազոտությունները: Դրանից բացի, երկու բուժկենտրոններում ծրագրվում է 55-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման հարցով պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնել:
    • Առողջապահության բյուջեից 3%-ը (5.7 մլրդ դրամ, 26.2%-ով ավելի շատ, քան 2019-ին) կծախսվի հանրային առողջապահության ծրագրերի իրականացման համար: Սա ներառում է նաեւ իմունականխարգելման ազգային ծրագիրը, որի շրջանակում 5-վալենտ պատվաստանյութից ծրագրվում է անցում կատարել դեպի 6-վալենտ:
    • Առողջապահության բյուջեից 7%-ը (20.4 մլրդ դրամ, 27.4%-ով ավելի շատ, քան նախորդ տարի) կծախսվի մոր եւ մանկան առողջության պահպանման ծրագրերի համար: Բարձր ռիսկի հղիների համար ծրագրվում է հավելյալ սքրինինգային հետազոտություններ ներդնել, ինչը կօգնի պահպանել հղիությունը: Բացի այդ, շատ զույգեր կկարողանան հասանելիություն ստանալ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների ծրագրերին:
    • Առողջապահության բյուջեից 25%-ը (27.1 մլրդ դրամ) կծախսվի ծառայությունների ֆինանսավորման համար, որոնք տրամադրվում են բնակչության սոցիալապես անապահով խմբերին, 47%-ով ավելի շատ, քան անցած տարի:
    • 200 մլն դրամ նախատեսվում է ուղղել օրգանների փոխպատվաստման ծրագրերին. 100 մլն՝ երիկամի փոխպատվաստմանը երիկամների քրոնիկական անբավարարություն ունեցող մարդկանց համար եւ եւս 100 մլն՝ ոսկրածուծի փոխպատվաստմանը՝ արյան չարորակ հիվանդություն ունեցող մարդկանց համար։
    • Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրերին, նախարարի խոսքով՝ նախատեսվում է հատկացնել առողջապահության բյուջեի 12,5 տոկոսը (13,7 մլրդ դրամ, 34,4 տոկոսով ավելի, քան 2019-ին)։
    • 4% (2,7 մլրդ դրամ, 6% տոկոսով ավելի, քան 2019-ին) կհատկացվի վարակիչ հիվանդությունների, այդ թվում աղիքային վարակների բուժմանը։
    • 3 մլրդ դրամ, նախարարի խոսքով, կծախսեն շտապօգնության ծառայությունների ֆինանսավորման համար, ինչը 1 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։
    • 3 մլրդ դրամ նախատեսվում է ուղղել դեղորայքային ապահովման ծրագրերին, որոնք կապահովեն 14 հիվանդությունների ծածկումը 12-ի փոխարեն (ցուցակում կավելացնեն հիպոֆիզար գաճաճությունը եւ վիրուսային հեպատիտ С-ն)։
    • Դատաբժշկական, պաթոլոգաանատոմիական ծառայությունների համար կհատկացնեն 503 մլն դրամ՝ 11 տոկոսով ավելի, քան 2019-ին։
    • Իսկ ահա կոնսուլտացիաների, հետազոտությունների, մասնագիտական աջակցության բյուջեն 715 մլն դրամից կրճատվել է 317,6 մլն-ի՝ ի հաշիվ ֆինանսավորման զգալի կրճատման էլեկտրոնային առողջապահության համակարգի պահպանման հարցում։ 

    Նախարարը նաեւ ընդգծեց, որ 2020 թվականին նախատեսվում է շարունակել արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը։ 

    Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


     
    • Տեսանյութեր
     
     
    • Իրադարձությունների օրացույց
     
     
    • Արխիվ
     
    • Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

     
    • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
     
    • Հարցում
    Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
    Մինչեւ 10 000 դրամ
    Մինչեւ 20 000 դրամ
    Մինչեւ 50 000 դրամ
    Չեմ պատրաստվում վճարել