• Latest news

Ինչո՞ւ է հիպերտոնիան վտանգավոր եւ ինչպե՞ս վերահսկել ճնշումը. Ամերիկացի մասնագետի խորհուրդները

19 դեկտեմբերի, 2019  17:18

Զուր չէ, որ հիպերտոնիան անվանում են «լուռ մարդասպան». տարիներ շարունակ մարդը կարող է անգամ չկռահել այն մասին, որ արյան բարձր ճնշում ունի, մինչեւ մի օր նրա մոտ չպատահի գլխուղեղի կամ սրտի կաթված: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց թերապեւտ, ներքին հիվանդությունների մասնագետ Արա Սողոմոնյանը (ԱՄՆ):

Մասնագետի խոսքով՝ հիպերտոնիայի գլխավոր վտանգը հատկապես այն է, որ բավական հաճախ ընդհանրապես չի դրսեւորվում. մարդու մոտ կարող են չլինել ո՛չ գլխացավեր, ո՛չ գլխապտույտներ, ո՛չ որեւիցե այլ ախտանիշ, որոնք մարդիկ սովորաբար կապում են բարձր ճնշման հետ:

«Իմանալու համար՝ ձեզ մոտ հիպերտոնիա կա, թե ոչ, անհրաժեշտ է օրը մի քանի անգամ չափել զարկերակային ճնշումը: Եթե չափումների ընթացքում այն մեծ մասամբ բարձր է, անհրաժեշտ է բժշկի դիմել: Չարժե հիմք ընդունել լավ ինքնազգացողությունը եւ մտածել, թե ամեն ինչ կարգին է»,- ասաց մասնագետը:

Ճնշման կանխարգելիչ չափումներ են խորհուրդ տրվում առաջին հերթին այն մարդկանց, ում ազգականների շրջանում հիպերտոնիա եղել է, եւ հատկապես նրանց, որոնց ծնողները մահացել են գլխուղեղի կամ սրտի կաթվածի հետեւանքով: Վերջինները պետք է ժամանակ առ ժամանակ ճնշումը չափեն՝ սկսած 20 տարեկանից:

Ի՞նչ անել, եթե մարդու մոտ հիպերտոնիա կա:

Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին խորհուրդ է տրվում կենսակերպի մեջ որոշ փոփոխություններ կատարել. երբեմն դա միանգամայն բավարար է լինում ճնշման հաջող վերահսկման համար:

Այսպես՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդակարգին. խորհուրդ է տրվում առաջին հերթին նվազեցնել աղի քանակությունը, քանի որ այն օրգանիզմում ջուրը զսպելով՝ նպաստում է ճնշման բարձրացմանը: Պետք չէ աղից ամբողջությամբ հրաժարվել, բայց ցանկալի է դրա քանակությունը նվազագույնի հասցնել: Ցանկալի է նաեւ սննդակարգում նվազեցնել շաքարի եւ հագեցած ճարպերի քանակությունը եւ անցնել ավելի առողջ սնունդի:

Դրանից բացի, եթե ավելորդ քաշ ունեք, ցանկալի է դրանից ազատվել:

Մասնագետի խոսքով՝ հաջորդ կարեւոր քայլը ծխելուց հրաժարվելն է: Բանն այն է, որ ծխելը, ինչպես եւ հիպերտոնիան, անոթները վնասում է, ուստի այն մեծացնում է հիպերտոնիայի հետեւանքով բարդությունների հավանականությունը, իսկ եթե բարդություններ են լինում, ծխողների շրջանում դրանք, որպես կանոն, ավելի ծանր են ընթանում եւ ավելի շատ երկարաժամկետ խնդիրներ են ստեղծում: Մասնավորապես՝ ծխող հիպերտոնիկների շրջանում, ըստ մասնագետի, մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների, փտախտի եւ այլ խնդիրների զարգացման հավանականությունը:

Հիպերտոնիայի դեպքում վտանգավոր է նաեւ ալկոհոլը, ընդգծեց մասնագետը:

«Եթե մարդը խմում է, անչափ դժվար է վերահսկել նրա ճնշումը՝ նույնիսկ դեղերի միջոցով: Ուստի եթե ձեզ մոտ հիպորտոնիա է հայտնաբերվել, առաջին բանը, որ պետք է անել՝ ալկոհոլի քանակության կրճատումն է»,- ասաց բժիշկ Սողոմոնյանը:

Հիպերտոնիկներին ցանկալի չէ նաեւ ավելորդ սթրեսը, ուստի ցանկալի է սովորել այն վերահսկել: Այս հարցում կարող է օգնել, օրինակ, յոգան:

Եթե մարդն արդեն հետեւում է նշված բոլոր խորհուրդներին, բայց նրա ճնշումը դեռեւս բարձր է, նա դեղորայքային բուժման կարիք ունի, որը պետք է նշանակի բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է