• Latest news

Հեպատիտի դեմ դեղը արդյունավետ է եղել կորոնավիրուսի դեմ

27 մայիսի, 2020  17:30

Հոնկոնգից բժիշկները պարզել են, որ վերջերս C հեպատիտի դեմ ստեղծված դեղը՝ սիմեպրեվիրը կարող է ճնշել նոր տեսակի կորոնավիրուսի (SARS-CoV-2) բազմացումը մարդու բջիջներում եւ ուժեղացնել հակավիրուսային մեկ այլ դեղամիջոցի՝ ռեմդեսիվիրի ազդեցությունը, հայտնում է bioRxiv-ը:

«Մեր փորձերը ցույց են տալիս, որ սիմեպրեվիրը եւ ռեմդեսիվիրը ուժեղացնում են միմյանց ազդեցությունը, ինչի շնորհիվ կորոնավիրուսային ինֆեկցիան բուժելիս կարելի է նվազեցնել եւ մի, եւ մյուս դեղամիջոցի դեղաչափերը: Սա անչափ կարեւոր է նաեւ այն պատճառով, որ վիրուսը կարող է դրանցից մեկի նկատմամբ կայունություն մշակել, եթե դրանք սկսեն պրակտիկայում լայնորեն կիրառել»,- նշում են հետազոտողները:

Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման ամենասկզբից գիտնականները եւ բժիշկներն ուսումնասիրում են, թե դրա վրա ինչպես են ազդում արդեն գոյություն ունեցող հակավիրուսային դեղամիջոցները եւ մյուս դեղերը: Կենսաբանները վերջին 3 ամսում առանձնացրել են տասնյակ դեղամիջոցներ եւ հակամարմիններ, որոնք հիպոթետիկորեն կարող են ճնշել վիրուսի բազմացումը, ինչպես նաեւ մի քանի դեղեր ստուգել են պրակտիկայում, այդ թվում՝ հիդրոօքսիքլորոքինը՝ մալարիայի դեմ դեղը, ՄԻԱՎ դեմ դեղամիջոց նելֆինավիրը կամ մյուս հակամալարիային դեղամիջոց մեֆլոքինը:

Հետազոտողներն առայժմ առանձնացրել են միայն մի քանի դեղամիջոց, որոնք կարող են ազդել կորոնավիրուսի վրա. օրինակ՝ ֆավիպիրավիր, ռեմդեսիվիր եւ ինտերֆերոն-2-ալֆա վերահամակցված սպիտակուց: Սրանք ստեղծվել էին գրիպի վիրուսի, C հեպատիտի եւ Էբոլա տենդի դեմ պայքարելու համար, սակայն արդեն իրենց երաշխավորել են COVID-19-ի դեմ տարբեր փորձարկումներում:

Վարակված բջիջների կուլտուրաների վրա տարբեր դեղերի ազդեցությունն ուսումնասիրելիս հոնկոնգցի մոլեկուլային կենսաբանները եւ բժիշկները՝ Հոնկոնգի Չինական համալսարանի դոցենտ Մայքլ Չանի ղեկավարությամբ հայտնաբերել են եւս մեկ համանման դեղամիջոց: Այն SARS-CoV-2-ի դեմ պայքարում կարող է գոյություն ունեցող բոլոր միջոցներից առավել արդյունավետ լինել:

Հետազոտության ընթացքում գիտնականները բջիջները մշակել են 11 հայտնի հակավիրուսային դեղամիջոցների տարբեր դեղաչափերով, որոնք արդեն հաստատվել են Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում՝ տարբեր վարակների բուժման համար: Նրանք հետեւել են, թե ինչպես է փորձապակու ներսում փոխվել վիրուսային մասնիկների եւ վիրուսային ՌՆԹ-ի կոնցենտրացիան, ինչպես նաեւ՝ կենսունակ բջիջների քանակը:

Փորձերը ցույց են տվել, որ այդ նյութերից միայն մեկին է հաջողվել ճնշել վիրուսի բազմացումը եւ այդ ընթացքում չսպանել բջիջների մեծ մասին: Այս դեղամիջոցը ստեղծվել է 21-րդ դարի սկզբին հեպատիտ C-ի վիրուսի դեմ պայքարի համար: Սիմեպրեվիրի մոլեկուլներն արգելափակում են ֆերմենտի աշխատանքը, որը պատասխանատու է նոր վիրուսային մասնիկների հավաքման համար:

Չանի եւ նրա գործընկերների փորձերը ցույց են տվել, որ ցածր կոնցենտրացիաների դեպքում այս նյութը նույնքան արդյունավետ էր, որքան ռեմդեսիվիրը: Եվ մեծ չափաբաժիններով այն նույնիսկ ավելի արդյունավետ էր: Հետագա փորձերը ցույց են տվել, որ ռեմդեսիվիը եւ սիմեպրեվիրը վիրուսի վրա նույնիսկ ավելի արդյունավետ ազդեցություն են ունեցել, ընդ որում՝ ավելի վտանգավոր չդառնալով առողջ բջիջների համար:

Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչպես է սիմեպրեվիրը ճնշում SARS-CoV-2-ի վերարտադրությունը: Ինչպես ցույց են տվել վարակված բջիջներում վիրուսի գեների ակտիվության ուսումնասիրությունը, դեղամիջոցը գրեթե չի խանգարում սպիտակուցների աշխատանքին, որոնք մասնակցում են կորոնավիրուսի նոր պատճենների ձեւավորմանը: Այնուամենայնիվ, սիմեպրեվիրը ինչ-որ կերպ արգելափակում է այս գործընթացը եւ թույլ չի տալիս վիրուսին բազմանալ:

Ըստ գիտնականների՝ այս դեղամիջոցը կարող է ուղղակիորեն փոխազդել վիրուսային մասնիկները կազմող սպիտակուցների հետ, ինչպես նաեւ արգելափակել տարբեր բջջային ֆերմենտների աշխատանքը, որոնք SARS-CoV-2-ն օգտագործում է վերարտադրության համար: Չանը եւ նրա գործընկերները հույս ունեն, որ իրենց հետագա փորձերը կօգնեն ճանաչել սիմեպրեվիրի մեխանիզմի աշխատանքը եւ այս դեղամիջոցի՝ լյարդի բջիջների համար պակաս թունավոր անալոգներ ստեղծել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ