• Latest news

Ոչ միայն հետեւել բուժմանն ու խնամել, այլեւ զրուցել, հույս ու հավատ ներշնչել․ բուժքույր լինելը առաքելություն է․ Վերգինե Երեմյան

31 հուլիսի, 2020  16:44

Վերգինե Երեմյանն արդեն 4 տարի բուժքույր է աշխատում, ընդ որում՝ ամենածանր բաժանմունքներից մեկում՝ քիմիաթերապիայի: Վերգինեն եւ նրա գործընկերներն ամեն օր պացիենտներին են տալիս բժիշկների նշանակած դեղերը, միացնում կաթիլայինները, ներարկումներ անում, գնահատում նրանց վիճակը, որ անհրաժեշտության դեպքում բժշկին հայտնեն հնարավոր խնդիրների մասին: Իսկ երբեմն, նրանք պարզապես զրուցում են հիվանդների հետ՝ սատարելու եւ հույս տալու համար, որ ամեն ինչ լավ կլինի:

Վերգինե Երեմյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմում է իր աշխատանքի առանձնահատկությունների, դժվարությունների ու խնդիրների մասին, որոնց Հայաստանում բախվում են բուժքույրերը:

Աշխատանքի եւ հիվանդների հետ հարաբերությունների մասին

Վերգինե Երեմյանի կարծիքով՝ առողջապահության ոլորտում երկրորդական դերեր չկան. յուրաքանչյուրի առաքելությունը կարեւոր է, եւ հիվանդի բուժման արդյունավետությունը կախված է յուրաքանչյուրի աշխատանքից՝ գլխավոր բժշկից մինչեւ սանիտար:

Բուժքույրը բժշկի եւ հիվանդի միջեւ յուրատեսակ կապող օղակ է: Հենց բուժքույրն է կատարում բժշկի նշանակած բուժման ընթացակարգի գործողությունների մեծ մասը: Նա է անմիջական կապ պահպանում հիվանդի հետ, լսում նրա գանգատները, զրուցում հետը: Եվ հաճախ հենց նա կարող է առաջինը նկատել, որ հիվանդի մոտ խնդիր է առաջացել, որի վրա պետք է սեւեռել բժշկի ուշադրությունը. Օրինակ՝   դեղերի կողմնակի ազդեցությունը կամ որեւիցե այլ բարդություն:

«Պացիենտների բուժումը թիմային աշխատանք է: Բժիշկն է նշանակումներ կատարում, բայց այդ նշանակումներն իրականացնում են բուժքույրերը՝ բժիշկների գլխավոր օգնականները: Մենք հիվանդներին ոչ միայն բժշկի նշանակած դեղերն ենք տալիս, այլեւ հոգեբանական աջակցություն ենք ցուցաբերում, որն, իմ կարծիքով, անչափ կարեւոր է ծանր հիվանդություններով մարդկանց համար: Եթե մենք, ինչպես ռոբոտներ տանք դեղերը, միացնենք կաթիլայիններն ու գնանք, չնայելով, մարդը վշտացած է ու արտասվում է, կարո՞ղ ենք արդյոք ասել, որ կատարել ենք մեր աշխատանքը, մեր պարտքը: Չեմ կարծում: Երբեմն պացիենտները ոչ միայն դեղերը ստանալու կարիքն ունեն, այլեւ պարզապես մեզ՝ բուժաշխատողներիս հետ զրուցելու, հարցեր տալու ու պատասխան ստանալու, մխիթարվելու, տեղեկություններ ստանալու կամ ուղղակի արտահայտվելու», - պատմում է Վերգինե Երեմյանը:

Բուժքրոջ խոսքով՝ մարդու մտածելակերպը, վարքագիծը եւ հոգեբանությունը հաճախ փոխվում են, երբ նա բախվում է առողջական լուրջ խնդրի, եւ բուժաշխատողները, այդ ամենը հասկանալով, ջանում են նրան համբերատարությամբ եւ ըմբռնումով վերաբերվել:

«Հույս, հավատ ներշնչել, լավ օրինակներ բերել՝ այս ամենը մեր աշխատանքի կարեւոր մասն է: Եթե խոսում ես արտասվող պացիենտի հետ եւ հասնում ես նրան, որ նա հեռանում է ժպտալով, սա անչափ հաճելի է: Իսկ երբ բուժված մարդիկ հիվանդանոցից հեռանում են ժպիտով, դա մեզ համար ուղղակի աննկարագրելի գոհունակության զգացում է»:

Վերգինե Երեմյանի խոսքով՝ գործընկերների հետ միասին իրենք ջանում են բոլոր պացիենտներին այնպես վերաբերվել, ինչպես կցանկանային, որ վերաբերվեին հենց իրենց կամ իրենց ազգականներին: Անգամ եթե հիվանդն ինքն այնքան էլ բարյացակամ չէ, դա չպետք է ազդի նրա հանդեպ բուժաշխատողների վերաբերմունքի վրա: Ինչպես եւ չպետք է ազդի իրենց՝ բուժաշխատողների տրամադրությունը:

«Այո՛, մենք էլ ենք մարդ, մենք նույնպես հոգնում ենք, մենք նույնպես խնդիրներ ենք ունենում, բայց աշխատում ենք այդ ամենը հիվանդներին ցույց չտալ: Ես կարծում եմ, որ մեր աշխատանքի հաջողության գլխավոր բանալին սերն է մարդկանց հանդեպ, բոլոր մարդկանց՝ անկախ այն բանից, թե որքանով են առողջ, որտեղ են գտնվում, ինչ են անում: Եթե մարդկանց սիրում ես եւ սիրում ես նրանց օգնել, ամեն ինչ լավ է ստացվում», - ասում է Վերգինե Երեմյանը:

Նրա խոսքով՝ որպես մասնագետ, իր կայացման գործում մեծ դեր է խաղացել ֆրանսահայ անեսթեզիոլոգ Գեւորգ Աբգարյանը:

«Ինձ համար նա բժշկի իդեալ է, եւ նրա խորհուրդներն ինձ շատ են օգնել: Տեսնելով հիվանդների հանդեպ նրա բարությունը, հոգատարությունը, ես սովորեցի նույն կերպ վերաբերվել բուժօգնության կարիքի մեջ հայտնվածներին: Կարծում եմ, որ այսօր մարդկությունը նրա նման բժիշկների կարիք շատ ունի», - ասում է Վերգինե Երեմյանը:

Ամենածանրի մասին

Երբ պացիենտն առողջանում եւ հիվանդանոցից հեռանում է, նրա հետ աշխատած բոլոր բուժաշխատողները նրա համար անկեղծորեն ուրախանում են: Բայց երբեմն պատահում են նաեւ ոչ բարենպաստ ելքեր, եւ դա բժշկության ոլորտում աշխատանքի, թերեւս, ամենածանր եւ ամենատխուր դրվագն է:

«Չէ՞ որ մենք շփվում ենք հիվանդների, նրանց ազգականների հետ, մենք մասնակցում ենք նրանց բուժման ամբողջ գործընթացին, մենք նրանց համար անհանգստանում ենք, մենք նրանց հույս ենք ներշնչում: Շատերը դա չգիտեն, բայց երբ պատահում է ոչ բարենպաստ ելք, մենք՝ բուժաշխատողներս, դրա պատճառով մեծ ապրումներ ենք ունենում, քանի որ մենք էլ ենք կապվում մեր պացիենտներին: Սա մեր աշխատանքի ամենածանր, ամենատխուր մասն է», - ասում է Վերգինե Երեմյանը:

Գլխավոր մինուսի մասին

Վերգինե Երեմյանի խոսքով՝ բուժքրոջ աշխատանքը ենթադրում է մեծ պատասխանատվություն, քանի որ բժշկի նշանակումները կատարելն իրականում այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Օրինակ՝ որոշ դեղեր չի կարելի տալ, եթե հիվանդն ունի բարձր ճնշում կամ ջերմություն: Ուստի բուժքույրը պետք է բավականին գրագետ լինի, որ իմանա բժիշկների նշանակած դեղերի բոլոր ցուցումների եւ հակացուցումների մասին, այնուհետեւ անցկացնելով համապատասխան հետազոտություններ՝ համոզվի, որ կոնկրետ պահին պացիենտին կարելի է տալ կոնկրետ դեղը, եւ միայն հետո մյուսը տա: Իսկ եթե պարզվի, որ կան ինչ-ինչ հակացուցումներ, եթե հնարավոր է՝ դրանք պետք է վերացնել եւ միայն հետո անցնել բժիշկի նշանակած բուժմանը:

Բուժքույրերի աշխատավարձը, սակայն, չի համապատասխանում պատասխանատվության այն ծանրությանը, որը դրված է նրանց ուսերին, եւ սա, թերեւս, այս մասնագիտության ամենամեծ մինուսն է: Հենց ցածր աշխատավարձն է հաճախ մասնագիտական ու մարդկային բարձր որակներով օժտված, լավ բուժքույրերին ստիպում թողնել այս ոլորտում աշխատանքը եւ անցնել որեւէ այլ աշխատանքի, որտեղ պատասխանատվությունն այդքան մեծ չէ, իսկ աշխատավարձն ավելի բարձր է:

Փոփոխված հայացքների մասին

Վերգինե Երեմյանի խոսքով՝ քիմիաթերապիայի բաժանմունքում բուժքրոջ աշխատանքը նկատելիորեն ազդել է կյանքի վերաբերյալ իր հայացքների վրա:

«Երբ տեսնում ես իրենց կյանքի համար պայքարող մարդկանց, որոնք ունեն ծանր խնդիրներ, որոնք անհնար է լուծել փողի կամ նույնիսկ ժամանակի միջոցով, սկսում ես ամեն ինչին այլ կերպ վերաբերվել: Հասկանում ես, որ չարժե վշտանալ ինչ-որ մանրուքների պատճառով, հասկանում ես, որ ամենագլխավորը մարդկային կյանքն է: Կարեւորը, որ մարդկային կորուստներ չլինեն, իսկ մնացյալ ամեն ինչը ինչ-որ կերպ կկարգավորվի», - ասում է Վերգինե Երեմյանը:

Նա նշում է, որ բուժքրոջ աշխատանքի փորձի շնորհիվ ինքն ավելի լավ է գիտակցում առողջության պահպանման համար առողջ ապրելակերպի կարեւորությունը: Ավելին՝ նա սկսել է ավելի շատ գնահատել ե՛ւ իր առողջությունը, ե՛ւ հարազատների: Եթե նախկինում առաջին հայացքից ոչ մեծ խնդիրները կարող էին անուշադրության մատնվել, ապա հիմա ցանկացած ախտանիշ, անգամ աննշան գանգատն արդեն մասնագետին դիմելու պատճառ է:

«Ցանկացած մեծ խնդիր սկսվում է փոքրից, առաջին հայացքից անկարեւոր ախտանշաններից: Անհրաժեշտ է մշտապես ժամանակին հետազոտվել, որպեսզի եթե խնդիր կա, որքան հնարավոր է վաղ հայտնաբերվի, այդ դեպքում այդ խնդիրը հաղթահարելու հավանականությունը շատ ավելի մեծ կլինի: Միշտ ավելի լավ է ապահովագրվել, քան անտեսել մի ախտանիշ, որը հետո կարող է վերաճել մեծ խնդրի: Ավելի լավ է համենայնդեպս հետազոտվել եւ իմանալ, որ ամեն ինչ կարգին է, քան ուշանալ ախտորոշման հարցում: Ես դա մշտապես մեր պացիենտներին էլ եմ ասում. անպայման մեզ հայտնեք ցանկացած ախտանշանի մասին, նույնիսկ ամենաաննշան: Մենք կհասկանանք՝ դրանք ուշադրության արժանի են, թե ոչ, մենք կասենք՝ ինչ պետք է անել հետո՝ անտեսել այդ ախտանշանը, թե դրա մասին հայտնել բժշկին: Երբեք մեզնից մի թաքցրեք ցանկացած ախտանշան, որը հայտնվում է բուժման ընթացքում», - նշում է Վերգինե Երեմյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ