• Latest news

Շտապօգնության բրիգադները զինվում են պլանշետներով

31 հուլիսի, 2014  18:27

Հայաստանի շտապօգնությունը այսօրվանից համալրվում է նոր տեղեկատվական-վերլուծական համակարգով, որը մի շարք փոփոխություններ է մտցնելու ծառայության գործունեության մեջ: Մասնավորապես, շտապօգնության բրիգադները ստանալու են հատուկ պլանշետներ, որոնց միջոցով կանչեր ստանալու, հիվանդի պատմությանը ծանոթանալու եւ ավելի տեղեկացված ու պատրաստված վիճակում հիվանդի մոտ հասնելու հնարավորություն կընձեռնվի:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համակարգի ներդրման շնորհանդեսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ, իր կարծիքով, նոր համակարգի շնորհիվ շտապօգնության ծառայության արդյունավետության եւ հասանելիության աճ է սպասվում:

Ահա թե ինչպես է հիմա աշխատելու շտապօգնությունը. կանչը ստանալու է դիսպետչերը եւ փոխանցելու է այն կամ կայանի դիսպետչերին, կամ՝ հենց շտապօգնության բրիգադներից մեկին: Ընդ որում, այլեւս կարիք չի լինելու զանգահարել բրիգադների բժիշկներին եւ պարզել, թե ով է ազատ եւ որտեղ է գտնվում, քանի որ մեքենաների մեջ ներդրվում է նաեւ GPRS համակարգ, որը դիսպետչերներին հաղորդում է, թե որտեղ է գտնվում յուրաքանչյուր մեքենան եւ արդյոք ազատ է այն, մեկնում է կանչի, թե հիվանդին հիվանդանոց է տեղափոխում:

Կանչից վերադառնալիս բժիշկը հիվանդի մասին տվյալները մուտքագրելու է համակարգում. եթե նույն հիվանդը կրկին շտապօգնություն զանգահարի, նրա մոտ մեկնող բժիշկը համակարգից իր պլանշետի միջոցով տեղեկություններ կստանա հիվանդի՝ նախորդ կանչի ժամանակ ստացած դեղամիջոցների, ինչպես նաեւ առկա խնդիրների մասին: Դա բժիշկին հնարավորություն կտա ժամանակ խնայել եւ ավելի արդյունավետ գործել:

Նոր տեղեկատվական-վերլուծական համակարգից օգտվել կարողանալու համար մոտ 1000 բուժաշխատող, ներառյալ բուժհաստատությունների ղեկավար անձնակազմը, հատուկ դասընթացների են մասնակցել:

Ի դեպ, մեկնարկել է նաեւ Շտապօգնության նոր պորտալ/կայքը՝ www.1-03.am հասցեով: Կայքում արդեն կարելի է բազմաթիվ նյութեր գտնել այն մասին, թե ինչպես է պետք վարվել այս կամ այն պարագայում եւ երբ է հարկավոր շտապօգնություն կանչել: Կան նաեւ օգտակար նյութեր՝ մասնագետների համար:

Հիշեցնենք, որ այս ամենն արվում է ՀՀ ԱՆ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2012 թվականի հունվարի 19-ին եւ որի նպատակն է բարելավել շտապօգնության ծառայությունները եւ հանրային իրազեկման մակարդակը բարձրացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել