• Latest news

Հաջողությունն ու ծոցատետրի մեջ խրված բեկորը. 19-ամյա զինվորը պատմել է, թե ինչպես է վիրավորում ստացել Արցախում պատերազմի ժամանակ (ֆոտո)

27 նոյեմբերի, 2020  20:04

19-ամյա Խաչիկն իրեն երբեք հաջողակ չի համարել, սակայն այժմ՝ հիշելով այն, ինչ տեղի ունեցավ իր հետ հոկտեմբերի 16-ի գիշերը, խոստովանում է, որ իսկապես բախտը բերել է:

«Եթե այդ պահին ինչ-որ բան այլ կերպ անեի, ապա այսօր ողջ չէի լինի», - պատմեց նա:

Խաչիկ Հովսեփյանը ծառայել է բանակում գրեթե 5 ամիս, երբ սկսվել է Արցախում պատերազմը: Հոկտեմբերի 16-ին նրանից 3 մետր հեռավորության վրա ընկել եւ պայթել է թշնամու ականը:

«3 մետրն այնպիսի հեռավորություն է, որ եթե մարդու եւ ականի միջեւ ոչինչ չկա, ապա հնարավոր չէ, որ մարդը ողջ մնա», - NEWS.am Medicine-ին պատմեց Խաչիկը:

Բարեբախտաբար, Խաչիկի եւ ականի միջեւ թնդանոթ է եղել, որից նա կրակել է: Լսելով թռչող ականի սուլիչը՝ Խաչիկը կիսանստել է, եւ նրա մարմնի վերին հատվածը մասնակի ծածկվել է թնդանոթով: Եվ չնայած նրան, որ նրա ոտքերի ոսկորները փշրվել են, Խաչիկը ողջ է մնացել: Նա վստահ է, որ եթե այդ պահին ինչ-որ բան այլ կերպ աներ կամ էլ պառկեր գետնին, ինչպես իրեն սովորեցրել էին, ապա այժմ չէր կարողանա պատմել այդ օրվա մասին:

Խաչիկի մարմնի մեջ ավելի քան 100 բեկոր է հայտնվել, որոնց մեծ մասը ծակոտել են նրա ոտքերը: Թմբկաթաղանթը պայթել է, մանր բեկորները հայտնվել են աչքերի մեջ, իսկ մեծ բեկորը կարող էր հայտնվել սրտի մեջ, եթե չլիներ ծոցատետրը:

«Դա փոքր ծոցատետր էր, որում գրված էին բանակի կանոններն ու օրենքները: Երբ ես հիվանդանոցում էի, տղաներից մեկը հանեց ծոցատետրի մեջ խրված բեկորն ու ինձ տվեց: Իմ աչքերն այդ ժամանակ կապված էին, եւ ես չտեսա այն: Ցավոք, ես կորցրի այդ բեկորը, երբ տեղափոխվեցի այլ հիվանդանոց», - պատմեց Խաչիկը:

Արկի պայթելուց հետո Խաչիկը գիտակից վիճակում է եղել, եւ երբ ծառայակիցները շտապել են նրա մոտ, նա խնդրել է առաջին օգնություն չցուցաբերել, այլ տանել անվտանգ վայր, քանի որ նրանց վրա եւս կարող էին կրակել:

Որոշ ժամանակ անց Խաչիկին տեղափոխել են Մարտակերտի հիվանդանոց, ապա՝ Ստեփանակերտ, որտեղ նրա ոսկորները ֆիքսել են, որից հետո նրան ուղարկել են Երեւան՝ «Շենգավիթ» ԲԿ, որտեղ մի քանի վիրահատության է ենթարկվել: Ոտքերը վիրահատել են, երկու ոտքերի վրա տեղադրել են Իլիզարովի կոմպրեսիվ-դիստրակցիոն սարք: Խոշոր բեկորները նրա մարմնից հանել են, սակայն մանր, կյանքին վտանգ չներկայացնող բեկորներին ձեռք չեն տվել: Դրանցից որոշները Խաչիկն ինքն է հանել մաշկի տակից: Խաչիկի աչքերը եւս վիրահատել են, իսկ ահա ականջների վիրահատությունը հետաձգել են մինչեւ լիարժեք ապաքինումը:

Բժիշկների գնահատմամբ՝ Խաչիկը մոտ 6 ամիս ստիպված կլինի քայլել Իլիզարովի սարքով: Վերականգնումից հետո նա հույս ունի շարունակել ուսումն ու աշխատանք գտնել: Խաչիկը մտադիր է ծրագրավորող դառնալ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է