• Latest news

Օրական 100-120 վիրավոր եւ կորոնավիրուս՝ հոսպիտալներում. Վնասվածքաբանի հիշողությունները Արցախում պատերազմի մասին (ֆոտո)

3 դեկտեմբերի, 2020  19:40

Օրվա ընթացքում Իշխանաձորի զինվորական հոսպիտալ էին բերում մինչեւ 100-120 վիրավորներ: Այս հիվանդանոցում 7-8 բժիշկ կար, եւ նրանք մի քանի օր աշխատում էին գիշեր-ցերեկ` գրեթե առանց հանգստանալու:

Արցախում պատերազմի ժամանակ այս հոսպիտալում աշխատող բժիշկներից մեկը օրթոպեդ-վնասվածքաբան Անդրանիկ Բալասանյանն էր:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ երբ պատերազմը սկսվեց, ինքը պատրաստվում էր «Շենգավիթ» ԲԿ-ի իր գործընկերների հետ մեկնել Արցախ, բայց զինկոմիսարիատից ծանուցագիր ստանալով՝ որոշել է ամեն ինչ անել ըստ կանոնների եւ եկել է հոսպիտալ, որին ամրագրվել էր որպես պահուստային բժշիշկ-սպա:

Սեպտեմբերի 29-ին նրան ուղարկել են Իշխանաձորի հոսպիտալ:

Առաջին օրը վիրավորները շատ չեն եղել, բայց Ջաբրայիլի հիվանդանոցի տարհանումից հետո վիրավորների թիվը սկսել է աճել: Մի քանի օրից արդեն յուրաքանչյուր 30-60 րոպեն մեկ հիվանդանոց նոր վիրավորներ են բերել՝ ամբողջ խմբերով:

«Բերում էին ոչ թե 1-2 վիրավոր, այլ միանգամից ամբողջ խմբերի: Եղել են, իհարկե, օրեր, երբ 2-3 ժամ ոչ մի նոր վիրավոր չէին բերում, եւ մեզ հաջողվում էր մի փոքր հանգստանալ... Բայց մնացած ժամանակ վիրավորները շատ էին: Բայց մենք ամեն ինչ հասցնում էինք՝ պարզապես պարտավոր էինք հասցնել»:

Թեթեւ վնասվածքներով պացիենտներին ցուցաբերում էին առաջին բուժօգնություն, որից հետո շտապօգնության մեքենաներով նրանց ուղարկում էին թիկունք՝ այլ հիվանդանոցներ: Որովայնի, կրծքավանդակի կամ վերջույթների վնասվածքներով ծանր պացիենտներին վիրահատում էին, կայունացնում, արյունահոսությունները դադարեցնում, այնուհետեւ կրկին ուղարկում թիկունքում գտնվող այլ հոսպիտալներ, որպեսզի այլ վիրավորների համար տեղ ազատվի:

Մի մարդը ամբողջ թիմի աշխատանք էր կատարում

Քանի որ շատ վիրավորներ կային, իսկ բժիշկներն ընդամենը 7-8 էին, հաճախ մի բժիշկը ստիպված էր անել այն, ինչ սովորական պայմաններում անում է մասնագետների խումբը:

«Օրինակ՝ անդամահատումները… Սովորաբար դրանք անում է թիմը, որում ընդգրկված է ե՛ւ վնասվածքաբան, ե՛ւ անոթային վիրաբույժ, ե՛ւ այլ մասնագետներ: Բայց այնտեղի պայմաններում անհնար էր մի պացիենտի համար մի քանի մասնագետ տրամադրել, ուստի մի բժիշկը ստիպված էր անել այն, ինչ սովորաբար անում է թիմը: Մեկ վիրաբույժ, ֆելդշեր, բուժքույր՝ ահա այսպիսի կազմով մենք երբեմն անդամահատում էինք»:

Բացի այդ, բժիշկ Բալասանյանը ստիպված է եղել անել շատ այնպիսի բաներ, որոնք վնասվածքաբանները սովորաբար չեն անում, օրինակ` անոթներ կարել: Սովորական պրակտիկայում դա անում են անոթային վիրաբույժները, բայց հոսպիտալում, եթե այդպիսի մասնագետներ չկային կամ նրանք զբաղված էին, իսկ վիրավորների մոտ արյունահոսություն կար, որը շտապ պետք է դադարեցվեր, նրա անոթներով զբաղվում էին այլ մասնագետներ: Հսկայական օգնություն, ըստ մասնագետի, ցուցաբերում էին ֆելդշերները եւ բուժքույրերը՝ հոսպիտալի լավ համակարգված աշխատանքը առանց նրանց պարզապես անհնար կլիներ պատկերացնել:

«Մենք անում էինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, նույնիսկ եթե դա բոլորովին էլ մեր մասով չէր, չէ որ դրանից էր կախված զինվորի կյանքը...»:

Կորոնավիրուսը՝ հոսպիտալներում

Պատերազմի օրերին կորոնավիրուսային վարակը, ցավոք, լայնորեն տարածված էր Արցախի ռազմական հոսպիտալներում, եւ դրանով վարակվում էին ոչ միայն վիրավորները, այլ նաեւ բուժաշխատողները:

Ինչպես եւ պետք էր սպասել, մեծ թվով վիրավորներ ունեցող ռազմական հոսպիտալում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակները սովորաբար շատ արագ են տարածվում, ու թեեւ բուժաշխատողներն ամեն ինչ անում էին անվտանգության կանոնները պահպանելու համար, երբեմն դա բավարար չէր, եւ նրանք վարակվում էին: Վարակվել է նաեւ բժիշկ Բալասանյանը։

Հոկտեմբերի կեսին նա ստիպված էր վերադառնալ Երեւան, քանի որ ինքնազգացողությունը վատանում էր, եւ այլեւս հնարավոր չէր այդ վիճակում շարունակել աշխատանքը, եւ դա նույնիսկ վտանգավոր էր հիվանդների համար: Ապաքինվելուց հետո նա պատրաստվում էր վերադառնալ հոսպիտալ, բայց այդ ժամանակ արդեն հրադադար էր կնքվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է