Կանադացի մաշկաբանները խորհուրդ են տալիս արեւի տակ երկար ժամանակ անցկացնող մարդկանց օգտագործել արեւապաշտպան քսուքներ մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի մահացու եւ ագրեսիվ տիպի առաջացումը կանխարգելելու համար, որն արագ տարածվում է մետաստազների տեսքով: Այդ մասին պատմում են EurekAlert!-ի մամուլի հաղորդագրության մեջ, իսկ հետազոտողների հոդվածը հրապարակված է Canadian Medical Association Journal պարբերականում:
Գիտնականներն արդեն վաղուց պարզել են, որ մաշկի օնկոլոգիական հիվանդությունների մեծամասնությունն առաջանում է արեւի տակ երկար ժամանակ անցկացնելու հետեւանքով: SPF30 արեւապաշտպան քսուքները նվազեցնում են մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը, քանի որ արգելափակում են վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Մի շարք ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ այդպիսի քսուքներն իսկապես օգնում են կանխարգելել մելանոմայի եւ մաշկի հարթաբջիջ քաղցկեղի առաջացումը, դեռ ավելին, դրանք նաեւ արգելակում են մաշկի ծերացումը:
Ընդ որում՝ մասնագետները խորհուրդ չեն տալիս քսել արեւապաշտպան քսուքները մինչեւ 6 ամսական երեխաների մարմնին, քանի որ օրգանիզմը կարող է ներծծել քսուքի բաղադրիչները: Բացի այդ, որոշ դեպքերում քսուքներն ու դրանց բաղադրիչները կարող են բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի համար, ուստի նաեւ պետք է խուսափել արեւի ուղիղ ճառագայթների ներքո գտնվելուց, կրել լայնեզր գլխարկներ եւ փորձել գտնվել ստվերում, եթե ուլտրամանուշակագույն ինդեքսը գերազանցում է 3 ցուցիչը 11-բալանոց սանդղակով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր