• Latest news▼

Համավարակի ֆոնին աճել է սիֆիլիսով հիվանդացությունը. մասնագետներ

3 փետրվարի, 2021  23:25

2020 թվականից ի վեր մինչ մարդկանց ուշադրությունը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի վրա, մեկ այլ ինֆեկցիոն հիվանդություն բավականին մեծ տարածում է գտել: Սիֆիլիսը:

2020 թվականի մարտին Ավստրալիայում սիֆիլիսի դեպքերի թիվը 2019 թվականի մարտի համեմատությամբ մեծացել է 23 տոկոսով, հայտնում է Particle.scitech.org.au-ն:

Արեւմտյան Ավստրալիա նահանգի ՁԻԱՀ խորհրդի տվյալներով՝ սիֆիլիսով հիվանդացությունը 40 տոկոսով աճել է այն տղամարդկանց շրջանում, որոնք սեքսով են զբաղվում տղամարդկանց հետ, իսկ նրանց շրջանում, ովքեր իրենց հետերոսեքսուալ են համարում, այս ցուցանիշն աճել է ավելի քան կրկնակի:

M Clinic-ից Ջո Ստանիշեւսկու խոսքով՝ տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդիկ վերջին 5-10 տարում սկսել են ավելի հաճախ վարակվել սիֆիլիսով: Բայց միաժամանակ վերջին 1-2 տարում հիվանդացությունը սկսել է կտրուկ աճել նաեւ մարդկանց մյուս խմբերում:

«Հիվանդությունը հյուսիսային Քվինսլենդ նահանգից Ավստրալիայի հյուսիսով տարածվել է նաեւ ներքեւ Պերտ եւ Մանդուրա»,- ասել է Ստանիշեւսկին:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ համավարակի պատճառով լոքդաունի ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով հիվանդացությունը պետք է նվազի: Մասնագետների խոսքով, սակայն, ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ամենայն հավանականությամբ, հիվանդությունը տարածում են մարդիկ, որոնց մոտ դեռեւս ախտորոշում չի կատարվել, եւ որոնք դրսեւորում են վտանգավոր եւ անպատասխանատու վարքագիծ՝ երբեմն անգամ չիմանալով, որ իրենց մոտ սիֆիլիս կա:

Վարակումից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պահպանակներ օգտագործել, եւ դրանք ճիշտ օգտագործել: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ անգամ դրանք 100-տոկոսանոց պաշտպանություն չեն ապահովում, ուստի խորհուրդ է տրվում նաեւ պարբերաբար սիֆիլիսի եւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների ստուգման անալիզ հանձնել: Դրանք որքան վաղ հայտնաբերվեն եւ բուժումը սկսվի, այնքան քիչ վնաս կհասցնեն ձեր առողջությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll