• Latest news

Թոքերի քաղցկեղը՝ չծխողների մոտ. Նոր տվյալներ

9 սեպտեմբերի, 2021  09:41

Թոքերի քաղցկեղով պացիենտների ճնշող մեծամասնությունը ծխողներ են: Սակայն երբեմն այս հիվանդությունը կարող է չծխողների մոտ զարգանալ: Nature genetics-ում հրապարակված նոր գենոմային վերլուծությունը ցույց է տվել, որ չծխողների մոտ թոքերի քաղցկեղի հետ կապված մուտացիաների մեծ մասը կապ չունի արտաքին ազդեցությունների հետ:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հայտնի է, որ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են պասիվ ծխելը, ռադոնի ու ասբեստի ազդեցությունը, թոքերի հիվանդությունները: Սակայն գիտնականները կարծում են, որ դրանց ազդեցությունը չի կարող բացատրել չծխողների մոտ հիվանդության տարածվածությունը:

Նոր հետազոտության հեղինակները թոքերի քաղցկեղի մի քանի տեսակներով 232 չծխող պացիենտների մոտ անցկացրել են քաղցկեղի եւ նորմալ հյուսվածքների գենոմի հաջորդականացում: Ուսումնասիրությունը կատարվել է մինչ այս հիվանդների բուժումը սկսելը:

Հետազոտության հեղինակները նախ քաղցկեղի գենոմը ստուգել են քաղցկեղ առաջացնող հայտնի մուտացիաների առկայության համար, որոնք զարգանում են թթվային սթրեսի եւ քաղցկեղածին նյութերի ազդեցության արդյունքում: Ինչպես պարզվում է, հայտնի ուռուցքաբանական մուտացիաները չեն բացատրում քաղցկեղի որոշ տեսակները:

Պարզվել է, որ չծխողների մոտ քաղցկեղ առաջացնող մուտացիաները սովորաբար կապված են գեների էնդոգեն վնասվածքի, այսինքն՝ օրգանիզմում տարբեր գործընթացների ազդեցության հետ:

Գենոմի անալիզը նաեւ չծխողների մոտ թոքերի քաղցկեղի երեք նոր ենթատեսակ է հայտնաբերել: Գիտնականները դրանց տվել են երաժշտական անուններ՝ կախված մուտացիաների քանակից.

  • «դաշնամուր» (նվազագույն թվով մուտացիաներով տարբերակ, շատ դանդաղ աճով)
  • «մեցցո-ֆորտե» (մուտացիաները զուգորդվում են քրոմոսոմային փոփոխություններով, համեմատաբար արագ է աճում)
  • «ֆորտե» (բնութագրվում է գենոմի կրկնապատկմամբ եւ արագ աճով):

Գիտնականների կարծիքով՝ քաղցկեղի նոր ենթատեսակների հայտնաբերումը կհանգեցնի դրանց բուժման եւ կանխարգելման անհատական մոտեցումների մշակմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել