2014 թվականի հունվարի 1-ից հայկական հեռուստատեսությունում կգործի լուրջ սահմանափակում այն տեղական արտադրության նոր ֆիլմերի համար, որտեղ ծխելու քարոզ կա։ Այս մասին դեկտեմբերի 20-ին Աղվերանում ընթացող ՀՀ Առողջապահության նախարարության առողջ ապրելակերպի խթանմանը ուղղված ծրագրերին ու դրանց ֆինանսավորման հեռանկարներին նվիրված համաժողովում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Իր խոսքում նախարարը նշեց այս ռազմավարական ծրագրերի կարեւորությունը, ընդգծելով որ այս տարվանից բյուջեում առաջին անգամ առանձին տողով նախատեսված էին միջոցներ, թեպետ եւ քիչ, առողջ ապրելակերպի քարոզչության համար։ «Բայց անկախ ֆինանսավորման չափից, բոլորը պետք է ներգրավվեն այս գործում։ Կանգնեցրեք բոլոր ծխողներին», - կոչ արեց Դ. Դումանյանը, նշելով, որ սա վերաբերում է եւ նախարարներին, եւ պատգամավորներին, եւ առավել եւս բժիշկներին։ «Չեմ կարծում, որ հիվանդին չծխելու կոչ անող ծխող սրտաբանը համոզիչ է։ Մենք չենք կարող մարդկանց համոզել ընտանեկան բյուջեին վնաս չհասցնել, բայց այն ինչ մարդու առողջությանն է վերաբերվում, վերաբերվում է նաեւ պետությանը. մենք հետո միջոցներ ենք հայթայթում նրանց բուժման համար», - ասաց նախարարը։
Լրագրողների հետ առանձին զրույցում նախարարը խոստովանեց, որ ինքն էլ է փորձել ծխել, բայց մոլի ծխող երբեք չի եղել։ «Իսկ հիմա ընդհանրապես չեմ ծխում», - ասաց նա։
Իհարկե, առողջ ապրելակերպը միայն ծխախոտից հրաժարվելով չի պայմանավորված։ Վնասակար սովորույթներից է, ըստ Դ. Դումանյանի, նաեւ մկանները մարզելու ցանկության բացակայությունը։ Որպես այս «ախտի» բուժման մեթոդ նախարարն առաջարկում է շատ մարզահրապարակներ կառուցել սպորտը մասսայականացնելու համար։
Վիճակագրության համաձայն, Հայաստանը ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշ ունեցող երկրներից է։ Ըստ նախարարի, մենք պարտավոր ենք պահպանել մեր մերձավորների առողջությունը, հատկապես փակ տարածքներում, երեխաների ներկայությամբ։ «Մենք պետք է հասկանանք, որ դրանով կերկարացնենք կյանքը եւ կապրենք որակապես ավելի լավ», -ասաց նա։
Դումանյանը նշեց, որո որոշակի քայլեր արդեն արվել են, մենք ունենք փաստաթղթեր փակ տարածքներում ծխելու արգելքի մասին, ծխախոտի գովազդի արգելքի մասին։ «Ուղղակի այսօր մենք հայտարարում ենք առողջ ապրելակերպի քարոզարշավի սկիզբը», - ասաց նա։
Կգործեն իրականում օրենքները, որոնք մինչ օրս հաճախակի խախտվել են, ժամանակը ցույց կտա։ Ըստ ելույթ ունեցողների, դրա համար տարիներ կպահանջվեն։ Համաժողովի մասնակիցները առաջարկեցին տուգանքներ սահմանել հասարակական վայրերում ծխելու կանոնները խախտելու համար։
Խոսելով առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման ուղիների մասին, «Word Vision Armenia»-ի ներկայացուցիչ Նաիրա Կարախանյանը, խղում անելով համաշխարհային փորձին, որպես լրացուցիչ միջոցների ստացման եղանակներից մեկը նշեց ծխախոտային եւ ալկոհոլային արտադրանքի հարկերի ավելացումը, ինչպես նաեւ բնապահպանական հարկերի ավելացումը։
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը իր զեկույցում նշեց, որ Հայաստանում գոյություն ունեն մեծ թվով ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ազգային ծրագրեր (ԶԻԱՀ, տուբերկուլյոզ, մալարիա եւ այլն), բայց նույնը չի կարելի ասել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների մասին։ Սակայն յուրաքանչյուրը կանխարգելիչ օգնություն ստանալու իրավունք ունի։ Ըստ նրա, առողջապահության նախարարության վերջին փաստաթղթերը վկայում են այն բանի մասին, որ շեշտը տեղափոխվում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վրա։ Մասնավորապես, այս տարի ներդրվել է առողջ ապրելակերպի ծրագիր։
Քրմոյանը տեղեկացրեց, որ Առողջապահության ազգային ինստիտուտը մշակել է Առողջապահության զարգացման հնգամյա հայեցակարգը, որը պետք է ընդունի կառավարությունը։
Համաժողովի կազմակերպիչներն են «Word Vision Armenia» կազմակերպությունը եւ Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day