• Latest news

Կարմրուկը վերադառնու՞մ է. Ինչ պետք է իմանալ այդ հիվանդության մասին

4 մարտի, 2023  20:07

Կարմրուկ

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է բարձր ջերմաստիճանով (մինչեւ 40,5 °C), բերանի խոռոչի լորձաթաղանթի ու վերին շնչուղիների բորբոքմամբ, շաղկապենաբորբով ու մաշկի բծավոր բշտիկային ցանով։ Այս բոլոր ախտանիշներն ուղեկցվում են օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով։

Փոխանցման ճանապարհները

Կարմրուկը հիվանդ մարդուց առողջ մարդուն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով․ երբ վարակված անձը փռշտում կամ հազում է, հարուցիչները նրա օրգանիզմից անցնում են արտաքին միջավայր։ Եթե նրան շրջապատող մարդիկ կարմրուկի դեմ իմունիտետ չունեն, ապա հիվանդանալու հավանականությունը 100 տոկոս է։ Եթե մարդը կարմրուկի դեմ պատվաստվել է կամ արդեն իսկ հիվանդացել է, ապա հիվանդ մարդու հետ շփումից վարակվելը քիչ հավանական է։

Կարմրուկով հիվանդ պացիենտը վտանգավոր է շրջապատի համար սկսած ինկուբացիոն շրջանի վերջին օրերից մինչեւ մաշկի վրա ցանի հայտնվելու չորրորդ օրը։ Ցանի 5-րդ օրվանից նա արդեն վտանգավոր չի համարվում։

Ախտանիշները

Ինկուբացիոն շրջանը սովորաբար տեւում է 8-14 օր, որից հետո սկսվում է հիվանդության բուռն զարգացումը՝ ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 38-40 °C, սկսվում է չոր հազ, հարբուխ, փռշտոց, գլխացավ, կոպերն այտուցվում, աչքերը կարմրում, կոշտ եւ փափուկ քիմքի վրա կարմիր բծեր են հայտնվում։

Հիվանդության երկրորդ օրը այտի լորձաթաղանթին հայտնվում են փոքրիկ սպիտակ բծեր՝ շրջապատված նեղ կարմիր երիզով՝ այսպես կոչված Բելսկի-Ֆիլատովա-Կոպլիկի բիծը, իսկ կարմրուկի ցանը (էքզանտեման) հայտնվում է արդեն հիվանդության 4-5-րդ օրը՝ սկզբում դեմքին, ապա պարանոցին, ականջների ետեւում, իսկ հաջորդ օրը՝ իրանին ու վերջույթներին։

Բուժումը

Կարմրուկի բուժման համար հատուկ դեղամիջոցներ դեռեւս չկան, այդ իսկ պատճառով մասնագետները դիմում են ախտանշային բուժման, որը ներառում է հակաբորբոքիչ միջոցներ շնչուղիների վիճակի բարելավման համար, խխահան միջոցներ, ջերմիջեցնող դեղեր եւ այլն։

Բարդությունները

Անգրագետ բուժման դեպքում կարմրուկը կարող է բարդացումների հանգեցնել, որոնք կապված են կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի, շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի հետ։

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կարմրուկը այլ վտանգներ էլ է պարունակում:  Եթե մարդը (բնական ուղիով) վարակվում է կարմրուկի հարուցիչով, հիվանդությունն ամբողջությամբ ոչնչացնում է նրա այսպես կոչված իմունոլոգիական հիշողությունը, այսինքն օրգանիզմի` այս կամ այն իմունային գրգռիչի դեմ իմունիտետ մշակելու կարողությունը: Այսինքն` նոր գրգռիչի բախվելով` օրգանիզմը չի կարող  դրա նկատմամբ իմունիտետ ձեւավորել: Կարմրուկ տարած հիվանդից  2 տարի կպահանջվի, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնել իմունոլոգիական հիշողությունը եւ դարձյալ իմունիտետ ձեւավորել հանդիպող միկրոօրգանիզմների նկատմամբ: Իսկ մինչ այդ օրգանիզմը խոցելի կլինի բոլոր իրեն անհայտ վարակների նկատմամբ:

Կանխարգելումը

Կարմրուկի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը այսօր մնում է պատվաստումը։ Այն շատ արդյունավետ է համարվում․ մեկ չափաբաժնից երեխաների շուրջ 85 տոկոսը իմունիտետ է ձեռք բերում կարմրուկի դեմ, եւ միայն մոտ 15 տոկոսն է, որ իմունիտետ ձեռք չի բերում։ Համընդհանուր պատվաստումը ապահովում է կարմրուկի համաճարկների կանխարգելումը, սակայն եթե պատվաստումների ծավալը սկսում է նվազել, բարձրանում է վարակի տարածման վտանգը պոպուլյացիայում։

Հայաստանում պլանային պատվաստումներ կատարվում են 1 եւ 4-6 տարեկան երեխաներին։ Միաժամանակ պատվաստել անհրաժեշտ է նաեւ նրանց, ովքեր շփվել են կարմրուկով հիվանդների հետ, եւ ովքեր ժամանակին պատվաստանյութի 2 չափաբաժին չեն ստացել։

Կարմրուկ եւ Covid 19

Ըստ ԱՀԿ-ի տվյալների, COVID-19 համավարակի սկզբից ի վեր կարմրուկի դեմ պատվաստումները կայուն նվազել են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) համատեղ հրապարակման մեջ հաղորդվում է, որ 2021 թվականին ռեկորդային մեծ թվով՝ մոտ 40 միլիոն երեխա, բաց է թողել կարմրուկի դեմ իր պատվաստումը։ 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին պատվաստումը, եւս 14,7 միլիոն երեխա՝ երկրորդ պատվաստումը: Այս անկումը զգալի հետընթաց է կարմրուկի վերացմանը հասնելու եւ այդ արդյունքները պահպանելու ուղղությամբ համաշխարհային առաջընթացի մեջ, եւ նշանակում է, որ միլիոնավոր երեխաներ վարակի նկատմամբ խոցելի են մնում:

Ըստ գնահատականների՝ 2021 թվականին աշխարհում կարմրուկի մոտ 9 միլիոն դեպք եւ դրանից 128 000 մահ է գրանցվել։ 22 երկրներում խոշոր ու ավերիչ բռնկումներ են գրանցվել։ Պատվաստումների ընդգրկվածության մակարդակի նվազումը, կարմրուկի դեմ համաճարակաբանական հսկողության թուլացումը եւ COVID-19-ի պատճառով իմունիզացիայի շարունակական ընդհատումներն ու ուշացումները, ինչպես նաեւ 2022 թվականին տեղի ունեցած լայնածավալ բռնկումները նշանակում են, որ կարմրուկն անմիջական սպառնալիք է աշխարհի բոլոր տարածաշրջաններում:

Վերջաբանի փոխարեն

Կարմրուկը բավականին վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը կարող է լուրջ բարդացումների բերել եւ նույնիսկ մահացու ելքի։ Պացիենտների մեծամասնությունը եւ կարմրուկի զոհերի մեծ մասը մինչեւ 5 տարկան երեխաներ են։

Մինչեւ երեք տարեկան երեխաները հազվադեպ են հիվանդանում կարմրուկով, եթե նրանց կերակրում են կրծքով եւ եթե մայրը այս հիվանդության նկատմամբ իմունիտետ ունի: Սակայն եթե երեխաները հիվանդանում են, նրանց մոտ հիվանդությունը շատ ավելի սուր է արտահայտվում, քանի որ կարմրուկը շատ հաճախ կարող է ուղեկցվել բարդություններով՝ թոքաբորբով, էնցեֆալիտով (ուղեղի հյուսվածքների բորբոքում):

Հիշեցնենք, որ Հայաստանում կարմրուկի բռնկում կա, գրանցված դեպքերի թիվը մարտի 4-ի դրությամբ կազմել է 14։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ կարմրուկով բոլոր վարակվածները պատվաստված չեն եղել։

Նշենք, որ Հայաստանը համարվում է այս հիվանդությունը հաղթած երկիր, եւ 2007 թվականից Հայաստանում կարմրուկով վարակման տեղական օջախներ չեն եղել, սակայն արտասահմանից վարակի ներմուծման մի քանի դեպք է գրանցվել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել