Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդը արդեն 3 շաբաթ չի ընդունել նշանակված դեղամիջոց տամօքսիֆենը, քանի որ պոլիկլինիկաները դեռ անցյալ տարվանից չեն հատկացնում այն։ Որոշ ժամանակ դեղատներից դեղի մեկ տուփը կարելի էր գնել մոտ 4000 դրամով, իսկ այժմ նա դժվարությամբ մի տեղ գտել է դեղը՝ տուփը 14 000 դրամով, սակայն նման գինն իր համար շատ թանկ է։
Այս մասին կինն ասաց Europa Donna Armenia կազմակերպության պացիենտական համաժողովի ժամանակ՝ դիմելով Առողջապահության նախարարության բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության վարչության պետ Մարինե Հարությունյանին։ Եվս մեկ հիվանդ հայտնեց նույն խնդրի մասին՝ նշելով, որ վերջին անգամ իրեն հաջողվել է գնել դեղամիջոցի երկու բլիստերը բավականին թանկ գնով, սակայն չգիտի, թե ինչ անել հետագայում, քանի որ դեղը հասանելի չէ ոչ պոլիկլինիկայում, ոչ էլ դեղատներում։
Ի պատասխան Մարինե Հարությունյանը վստահեցրեց, որ երկրում տամօքսիֆենի հետ կապված խնդիր չկա, քանի որ 2022 թվականի նոյեմբերին ԱՆ-ն թույլտվություն էր տվել չգրանցված 6 խմբի դեղերի ներկրման համար։
Թույլտվությունը ուժի մեջ է եղել մինչեւ 2023 թվականի փետրվարի 28-ը, եւ դրանով նրա հավաստմամբ երկիր է բերվել նաեւ տամօքսիֆեն։ Նա խնդրեց հիվանդներին հայտնել, թե որ պոլիկլինիկաներում են գրանցված, որպեսզի պարզեն, թե ինչու այդ պոլիկլինիկաներում չկա այդ դեղը։
«Նախարարության կողմից իրականացվում է մշտադիտարկում, կա դեղերի մեծ դեֆիցիտ աշխարհում, այդ թվում՝ տամօքսիֆենի։ Առողջապահության նախարարության կողմից շուկան մշտադիտարկվել է 2022 թվականին, եւ 6 խումբ դեղերի համար ընդունվել է որոշում, եւ տամօքսիֆենը ներկայացված է եղել այդ ցանկում։ Տամօքսիֆեն արտադրող ընկերությունները ներկայացված են մեր երկրում, սակայն նույն տամօքսիֆենը, որն արտադրված է այլ երկրների համար, չէր կարելի ներկրել, քանի որ տվյալ տուփը մեր երկրում գրանցված չէ։ Թույլատրվեց ներկրել մինչեւ սույն թվականի փետրվարի 28–ը։ Այս պահին երկրում կա տամօքսիֆեն», – ասաց նա։
Ինչ վերաբերում է դեղամիջոցի գների տատանումներին, ինչի մասին նշում էին հիվանդները, Մարինե Հարությունյանը դեղ ներկրողներին մեղադրեց անբարեխղճության մեջ՝ նշելով, որ նրանք օգտվում են ստեղծված իրավիճակից։
«Սա մեր «բարեխիղճ» ներկրողներն են, այսինքն, եթե կա դեֆիցիտ, նախարարությունը թույլատրում է, որ դեղը գա, եւ պացիենտը չունենա խնդիր, մեր հայրենակիցները, դեղագործական շուկայի ներկայացուցիչները գին են բարձրացնում։ Ցավոք, մեր պետությունը չունի փոխհատուցվող դեղերի գների զսպման մեխանիզմներ, որը մենք հույս ունենք ունենալ 2024 թվականից», – ասաց նա։
Նախարարության աշխատակիցը խոստացավ պացիենտներին տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք տամօքսիֆեն են ներկրել: Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներին, նա նշեց, որ նախարարության նորմատիվային ակտերով նախատեսվում է ունենալ դեղերի որոշակի պահուստային քանակ։ «Մենք չենք զրոյացնում քանակները, մենք պիտի երեք ամսվա գոնե քանակություն ունենանք։ Տամօքսիֆենն այն դեղն է, որ պոլիկլինիկան գիտի, եթե ինքն ունի երկու հիվանդ, այդ երկու հիվանդը տարիներ շարունակ խմելու են։ Այստեղ նաեւ պոլիկլինիկայի կազմակերպչական խնդիրն է», – նշեց նա։
Մարինե Հարությունյանը նաեւ հայտնեց, որ քանի որ մեր օրենսդրությամբ միայն մի քանի գերատեսչություններ՝ Առողջապահության նախարարությունը, ՊՆ եւ ՆԳՆ-ն իրավունք ունեն ձեռք բերել չգրանցված դեղեր, ԱՆ-ն մտադիր է թույլատրել նաեւ պոլիկլինիկաներին չգրանցված դեղեր ձեռք բերել։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Մարինե Հարությունյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ երկրում տամօքսիֆենի հետ կապված խնդիրներ չկան, եւ կարճաժամկետ թույլտվության շնորհիվ՝ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի փետրվար երկիրն ապահովվել է վեց խմբերի բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով։ Նա հավելեց, որ եթե հիվանդները պոլիկլինիկաներում պետպատվերով դեղեր ձեռք բերելու հետ կապված խնդիրներ են ունենում, ապա պետք է խնդիրների աղբյուրը փնտրել պոլիկլինիկաներում եւ Երեւանի քաղաքապետարանում։
«Նախ խնդիր տամօքսիֆենով չունենք, եթե այդպիսի խնդիր կա, ապա պետք է դիմել քաղաքապետարան։ Եթե պետպատվերի շրջանակում դեղը չի տրամադրվում, ուրեմն պետք է դիմել այն ատյան, որը կարգավորում է՝ մարզպետարաններ եւ քաղաքապետարաններ։ Առողջապահության նախարարությունը այս մասով մշակել է հիմնական դեղերի ցանկը, հատկացրել է պոլիկլինիկական ծառայությանը, եւ ասում է՝ ձեռք բերեք, եւ ընթացիկ տարվա ընթացքում մրցույթներն իրականացրեք, որպեսզի հաջորդ տարվա մեջ պացիենտը խնդիր չունենա։ Ոնց որ դա անում է առողջապահության նախարարությունը։
Թե չէ բոլոր խնդիրները ներկայացվում են առողջապահության նախարարությանը, շրջանցելով այն ատյանները, որոնք իրենց լծակները պիտի կիրառեն։ Կարող է լինել ինչ–որ մի պոլիկլինիկա, որը մրցույթներն է ուշացրել եւ այլն։ Այս պահին ես գիտեմ, որ 2023 թվականի համար քաղաքապետարանը ինքն էր մրցույթներ հայտարարել, մենք այլ դեղերի մասով խնդիր ունեինք՝ սիրտանոթային դեղերի, դիմեցինք, իմացանք, որ հարցը լուծված է։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած ինֆորմացիայի՝ բոլոր դեղերով ապահովված են», – վստահեցրեց նա։
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ այս տարի առաջին անգամ Երեւանի քաղաքապետարանը վեց ամսով կենտրոնացված գնումներ է կատարել իրենց ենթակայության տակ գտնվող բոլոր 17 պոլիկլինիկաների համար։ Բայց հենց տամոքսիֆենի համար մրցույթը չի կայացել։ Անցած տարեվերջին եւս պոլիկլինիկաներում տամոօքսիֆեն չի եղել, քանի որ դեղագործական կազմակերպությունները չեն կարողացել այն մատակարարել։ Առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի վեց խմբի ներկրման թույլտվությունից հետո դեղամիջոցի որոշակի քանակություն հայտնվել է շուկայում, եւ ինչ–որ պոլիկլինիկաներ կարողացել են իրենց համար ձեռք բերել տամօքսիֆեն, բայց ոչ բոլորը։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի վերջին տրված թույլտվությունը վերաբերում էր դեղերի վեց խմբի. 1) անզգայացնողներ, 2) հակացնցումային եւ հակաէպիլեպսային դեղեր, 3) հոգեմետ դեղեր, 4) հակաթույներ եւ թունավորման ժամանակ կիրառվող դեղեր, 5) հակաուռուցքային եւ իմունաճնշիչ դեղեր, 6) հակապարկինսոնային միջոցներ:
P.S. Մինչեւ նյութը պատրաստվում էր հրապարակման, մեզ հետ կապվեց կանանցից մեկը, եւ ասաց, որ իրեն զանգահարել են Առողջապահության նախարարությունից եւ տեղեկացրել, թե որ դեղատներից կարելի է ձեռք բերել տամօքսիֆեն։ Նրան նաեւ խոստացել են, որ մի երկու օրից ինքը կարող է դեղը ստանալ պոլիկլինիկայից, քանի որ դեղը շուկայում կա, եւ պոլիկլինիկան այն պետք է ձեռք բերի։






