• Latest news

Պատվաստման շնորհիվ 4-5 տարի հետո ջրծաղիկով վարակելիությունը կնվազի գրեթե 50 %-ով․ Գայանե Սահակյան

17 հունվարի, 2024  21:12

Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ջրծաղիկի դեմ պատվաստում։ Բարձր վարակելիություն ունեցող այս վիրուսի միակ կանխարգելումը պատվաստումն է։ Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ջրծաղիկով հիվանդացությունը կտրուկ աճում է գարնանն ու ձմռանը։ Փակ տարածքներում՝ հատկապես մանկապարտեզներում ու դպրոցներում, մի վիրուսակիրն արագ վարակում է գրեթե բոլորին։

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը NEWS.am Medicine-ին ասաց, որ բարձր վարակելիությունն է պատճառներից մեկը, որ Հայաստանը որոշեց ներդնել ջրծաղիկի պատվաստումը, որովհետև վիրուսակրի հետ սերտ շփվածների գրեթե 90-95 վարակվում է։ 100 հազար բնակչության հաշվարկով գրանցվում է 200-ից ավելի հիվանդացման դեպք։ 80 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են։ «Սա չի նշանակում, որ մեծահասակները կարող են չհիվանդանալ։ Պարզապես նրանք վիրուսի հետ առնչվել են մանկական տարիքում»,- նշեց Գայանե Սահակյանը։

Ջրծաղիկի պատվաստումը ներդրվելու է փուլ առ փուլ։ Հիմնական տարիքային խումբը 12 ամսական երեխաներն են։ Պատվաստումը կիրականացվի կարմրուկի և կարմրախտի սկզբունքով՝ 1 տարեկանում և 4-ից 6 տարեկանում։ Առաջին փուլում կպատվաստվեն նաև նախազորակոչային տարիքում գտնվողները՝ 15 -16 տարեկան տղաները։ Որովհետև այդ տարիքում հիվանդությունն ավելի ծանր են տանում և լուրջ բարդություններ են առաջանում։ Զորակոչի ցանկություն հայտնած աղջիկները նույնպես կպատվաստվեն։

12 ամսական երեխաները կպատվաստվեն մեկ դեղաչափով, երկրորդ դեղաչափը կստանան 4-ից 6 տարեկանում։ 15-16 տարեկանների պատվաստումը կկատարվի 2 դեղաչափով։ Նշված տարիքային խմբից դուրս գտնվողներն էլ կունենան պատվաստվելու հնարավորություն, սակայն վճարովի հիմունքով։ Թե ի՞նչ կարժենա պատվաստանյութը, Գայանե Սահակյանը դժվարանում է պատասխանել։ Քանի որ դա պայմանավորված է մատակարարի առաջարկած գնով։

«Հիմա ակտիվ աշխատանք է կատարվում պատվաստանյութի ներկրման ուղղությամբ։ Թե կոնկրետ ե՞րբ կսկսվի պատվաստումը՝ դեռ հստակ չէ»,- նշեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը։ Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ պատվաստման հենց հաջորդ տարին հիվանդացությունը կտրուկ չի նվազի։ Քանի որ մեր երկիրն ընտրել է պատվաստման ոչ թե զանգվածային, այլ պլանային կարգը, արդյունքը նկատելի կլինի 4-5 տարի հետո։ «4-5 տարի հետո մենք կունենանք նվազում գրեթե 50 տոկոսով»,- պարզաբանեց Գայանե Սահակյանը։

Այս պահի դրությամբ ջրծաղիկի պատվաստումը ներդրված է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Այն բավական թանկ պատվաստանյութ է։ Սակայն, հաշվի առնելով բնակչության անվտանգությունն ու առողջությունը, Հայաստանը որոշել է ներդնել այն։


 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել