Ուռուցքաբանական հիվանդությունների շարքում Հայաստանում ու ամբողջ աշխարհում և տարածվածությամբ, և որպես մահվան պատճառ թոքի քաղցկեղը առաջին տեղում է։ Վերջին տարիներին մեր երկրում աճ չի նկատվում։ 2021-ին հայտնաբերվել է 1100 նոր դեպք, 2022-ին՝ 935։ Սակայն լուրջ խնդիր է, որ հիվանդությունը հայտնաբերվում է ուշ՝ երրորդ, չորրորդ փուլերում, երբ մարդու կյանքը փրկելու հնարավորություն այլևս չի լինում։
«Հիվանդների 50 տոկոսից ավելին մեզ դիմում են այն փուլում, երբ որ արդեն արմատական բուժումը, այսպես ասած, շատ բարդ է, երբեմն ոչ հնարավոր՝ չորրորդ փուլում։ Երբ մենք ունենք արդեն հեռավոր մետաստազներ։ Հիմնականում դա կապված այն բանի հետ որ մենք չունենք վաղաժամ ախտորոշում», – NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Հայաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի Թորակալ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. Հովհաննես Սարկավագյանը։

Թոքի քաղցկեղի վաղ հայտմաբերման և վաղ փուլում բուժման հարցերին վերաբերող ուռուցքաբանական բազմամասնագիտական գիտաժողով էր կազմակերպել Հայաստանում «Հոֆֆմանն-Լյա Ռոշ» Շվեյցարական դեղագործական ընկերության գործընկեր կազմակերպությունը (ֆոտոռեպորտաժ)։ Խորագիրն էր՝ «Երբ նպատակը առողջացումն է»։

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» ԲԿ փոխտնօրեն ուռուցքաբանության գծով, բ.գ.թ. Հայկուհի Գյոկչյանի խոսքով՝ թոքի քաղցկեղն ինչքան շուտ է հայտնաբերվում, այդքան բուժումն ավելի հեշտ է լինում։

Ըստ մասնագետների՝ խնդիրը վաղաժամ ախտորոշման համակարգի ստեղծումն է՝ այսինքն, սկրինինգային ծրագրի իրականացումը։ Թոքի քաղցկեղի ճիշտ սկրնինգի դեպքում հիվանդների ապրելիությունը ավելանում է 20-25%-ով, նշեց Սարկավագյանը։

Գիտաժողովին ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները, ներկայացրեցին իրենց տեսակետը թոքի քաղցկեղի խնդրի արդիականության վերաբերյալ։ Նշեցին, որ հիվանդացության և մահացության տվյալներն ամբողջ աշխարհում և Հայաստանում չեն տարբերվում։

Վաղ ու ճշգրիտ ախտորոշման դեպքում թոքի քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է լինում՝ նվիրելով մարդուն կյանքի հավելյալ տարիներ։ Իսկ վաղ հայտնաբերման համար չափազանց կարևոր է սկրինինգը։ Սովորական ռենտգեն ախտորոշմամբ հնարավոր չէ հայտնաբերել թոքի քաղցկեղը վաղ փուլում։ Դրա համար հարկավոր է կատարել ցածր դոզավորմամբ համակարգչային շերտագրում, ինչը մարդու օրգանիզմին նվազագույն վնաս է հասցնում, սակայն հնարավորություն է տալիս հայտնաբերել շեղումները։ Իսկ այդ դեպքում փոխվում է նաև հիվանդի բուժման մեթոդն ու կյանքի որակը։

«Ցավոք Հայաստանի Հանրապետությունում որպես այդպիսին համակարգային թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր չկա։ Բայց մենք՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիան, Թորակալ վիրաբույժների ասոցիացիան և օնկոլոգները ուզում ենք համատեղ ներդնենք այդ ծրագիրը, քանի որ սկրինինգային ծրագրերը շատ–շատ արդյունավետ են», – ասաց Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, «Նաիրի» ԲԿ–ի ռադիոլոգիական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Կոստան Ղալումյանը։

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2023-ի նոյեմբերին իրականացրեց թոքի սկրինինգային հետազոտության պիլոտային ծրագիր։ Ցածր դոզավորմամբ համակարգչային շերտագրում անցան 72 պացիենտ։ ՈՒԱԿ–ի պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար և թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը ներկայացրեց պիլոտային ծրագրի արդյունքները՝ առաջին փուլում հայտնաբերվեցին մ երկու օջախային գոյացություններ, հավանաբար, քաղցկեղ, և այժմ նրանք գտնվում են վերահսկողության տակ։ «Եվ ունեցել ենք չորս GGO` ground glass opacities, այսինքն` թոքի հյուսվածքի փոփոխություն հաղճապակու տեսքով, որոնք ենթակա են հետագա հսկողության», – ասաց նա։

Հետազոտության երկրորդ փուլն իրականացվեց փետրվարի 4-ին նշվող Քաղցկեղի իրազեկման և քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ։ Դրան մասնակցեց 23 բուժառու։
«Ընդհանուր առմամբ համեմատելով մեր ստացված ցուցանիշները միջազգային փորձի հետ և արդեն իսկ կատարված պիլոտային և ազգային ծրագրերի հետ, մեր ստացած ցուցանիշներն իդենտիկ են։ Հետագայում իհարկե մենք պլանավորում ենք կրկնել նմանատիպ ծրագրերը», ասաց Տիգրան Բյուզանդյանը։

Առողջապահական ոլորտի կազմակերպությունները պատրաստվում են դիմել առողջապահության նախարարություն՝ առաջարկելով Հայաստանում ներդնել թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր։ Հովհաննես Սարկավագյանը վստահ է՝ մեկ տարվա ընթացքում նրանք կապացուցեն սկրինինգի արդյունավետությունը։

Գիտաժողովին ելույթ ունեցան նաև միջազգային մասնագետներ։ Լեհաստանի Գդանսկի բժշկական համալսարանի մասնագետ Թոմաս Մարջանսկին և Հռոմի Ռեգինա Էլենա Քաղցկեղի Ազգային ինստիտուտի նեկայացուցիչ Ֆեդերիկո Կապպուզզոն ներկայացրեցին թոքի քաղցկեղի վիրահատական բուժման և նորագույն դեղերի կիրառման փորձը։ Ի դեպ, քաղցկեղի բուժման համար Հայաստանում ևս կիրառվում են նորագույն մեթոդներ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day