• Latest news

Սթրես, Ալցհեյմեր և նվիրաբերված զեբրաձուկ. Երևանում մեկնարկել է Նեյրոգիտության շաբաթը

16 մայիսի, 2024  20:42

Հայաստանը հանդես է գալիս որպես մարդկանց, ներառյալ՝ գիտնականներին միավորող խաղաղ անկյուն, հուսով եմ, որ առաջիկա տարիներին այստեղ կշարունակենք գիտաժողովներ անցկացնել։  Դրա մասին լրագրողների հետ զրույցում ասել է հայտնի ռուս նյարդաբան, «Սթրեսը և վարքագիծը» համաժողովի նախագահ Ալան Կալուեֆը՝ այսօր Երևանում մեկնարկած «Նեյրոգիտության շաբաթ 2024»-ի շրջանակում։

«Մենք այստեղ ընկերներ ունենք, մեր համագործակցությունն այստեղ զարգանում է, և մենք զգում ենք, որ Հայաստանում նեյրոկնսաբանությունը, որը պատմականորեն շատ ուժեղ է, այժմ նոր շունչ է ստանում՝ մասամբ միջազգային գործընկերների աջակցությամբ, մասամբ՝ ինքնուրույն։ Մեզ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում»,- ասաց նա։

Ալան Կալուեֆը, ով գլխավորում է Սթրեսի և վարքագծի միջազգային ընկերությունը (The International Stress and Behavior Society, ISBS), նշել է, որ սա ISBS-ի 30-րդ համաժողովն է, որն անցկացվում է Հայաստանում արդեն երրորդ անգամ և արդեն երկրորդ անգամ՝ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների հայկական կենտրոնի հետ համատեղ։

Ինչպես պարզաբանեց մասնագետը, Երևանում ընթացող գիտաժողովում աշխարհի տարբեր երկրների գիտնականները քննարկում են մարդու ուղեղի աշխատանքը՝ ամենաբարդ օրգանը, որի աշխատանքը մարդկանց համար շատ անհայտ է մնում։ «Իհարկե, մենք լիարժեք փոխըմբռնում չենք գտնի, բայց հնարավորինս կմոտենանք, և որ ամենակարևորն է՝ նոր ստեղծագործական գաղափարների, նոր համագործակցությունների և նոր հնարավորությունների լիցք կստանանք։ Իսկ գիտության մեջ սա շատ կարևոր է, երբ գիտաժողովից հետո, գործընկերների հետ շփվելուց հետո, գալիս ես լաբորատորիա և ստանում ինչ-որ նոր իմպուլս, նոր լիցք՝ ավարտին հասցնելու շատ հետաքրքիր և կրեատիվ գիտական միտքը։ Այսպես պետք է աշխատի գիտությունը»,- ասել է նա։

«ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի տնօրեն և համաժողովի համանախագահ Կոնստանտին Ենկոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս գիտաժողովի անցկացումը Հայաստանում կարևոր է, քանի որ մեծացնում է հետաքրքրությունը երկրի նկատմամբ։ «Աշխարհում կան բազմաթիվ տարբեր գիտական վայրեր և լուրջ գիտական կենտրոններ։ Իսկ այս համաժողովն այստեղ անցկացնելը նշանակում է, որ մենք արդեն հասել ենք այդքան բանի, որ ականավոր գիտնականներին հետաքրիր է գալ ու խոսել այստեղ։ Իրականում մեզ հաջողվում է ստեղծել միջավայր, որը նրանց հետաքրքրում է այստեղ աշխատելու համար: Մեր հեռահար նպատակն է «ՔՈԲՐԵՅՆ»-ը դիրքավորել որպես կայացած գիտական կենտրոն՝ այն դնելով այս ոլորտի գիտական կենտրոնների համաշխարհային քարտեզի վրա»,- նշել է նա։

Ենկոյանն ասել է, որ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը սերտ համագործակցությամբ աշխատում է արտասահմանյան գործընկերների հետ, և մոտ ապագայում այս համաժողովին ներկա գործընկերների աջակցությամբ կենտրոնում կսկսվեն փորձեր զեբրաձկան վրա։ Այդ նպատակով Ալան Կալուեֆը «ՔՈԲՐԵՅՆ»-ին նման ձուկ է բերել։ Ինչպես պարզաբանել է գիտնականը, այս ձկները հետաքրքիր են, քանի որ նրանց ուղեղում բացակայում է կեղևը։ Սա գիտնականներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է փոխվում ուղեղի ֆունկցիայի մեջ, երբ ավելացվում է կեղևը՝ դրա պաշտպանիչ գործառույթից դուրս:

Կոնստանտին Ենկոյանը հայտնել է, որ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի հիմնական հետազոտությունը նվիրված է ուղեղի ախտաբանության հետազատմանը։ Այն ընդգրկում է նեյրոդեգեներատիվ խանգարումների լայն շրջանակ՝ վաղ մանկության շրջանում ի հայտ եկող աուտիզմից մինչև հիմնականում տարեց հասակում ուղեղի վրա ազդող Ալցհեյմերի հիվանդությունը:  

«Աուտիզմն ուսումնասիրելիս կենտրոնանում ենք սաղմի հետազոտության վրա. մասնավորապես՝ սաղմնային փուլում ինչ ախտահարումներ են հանգեցնում երեխաների մոտ խանգարոումների: Այսինքն՝ գիտենք, որ սաղմնային փուլում առկա են ուղեղի որոշակի ախտահարումներ, և, ըստ մեր վարկածի, դրանց գումարվում է  բորբոքային բաղադրիչը, և դա հանգեցնում է աուտիստիկ սպեկտրի տարբեր խանգարումների՝ կախված վնասվածքի և բորբոքման աստիճանից։

Ինչ վերաբերում է տարեց հասակում նեյրոգենեզին... Նույնիսկ բջիջների վերարտադրության պաթոլոգիայի դեպքում՝ ընդարձակումը շարունակվում է։ Սակայն խնդիրը այդ բջիջների հասունացման ու հետագա գործառնականության մեջ է։ Մեր խնդիրն է անել այնպես, որ դրանք հասուն բջիջներ դառնան։ Ի վերջո, ինչով է ուղեղն ուշագրավ. ուղեղի բջիջները վերականգնվում են, բայց արդեն չեն կատարում իրենց գործառույթը»,- կենտրոնում կատարվող աշխատանքների մասին պատմելիս նշել է Ենկոյանը։

Երևանյան գիտաժողովին երկրորդ անգամ մասնակցող Չինաստանի Ծյասինի համալսարանի գիտնական Ալեքսեյ Սեմյանովը պատմել է, որ Չինաստանում իրենց հետազոտական ​​կենտրոնն ուսումնասիրություններ է անում բջջային նյարդաբանության ոլորտում, և ինքը համաժողովին այդ թեմայով զեկույց կներկայացնի։

«Ուսումնասիրում ենք ուղեղի բջիջները, նրանց գործառույթները, միմյանց հետ այդ բջիջների փոխազդեցությունը՝ փորձելով հասկանալ երկու բան. նախ՝ ինչպես է աշխատում ուղեղը, և երկրորդ՝ կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդություններ բուժելու համար ինչ պաթոլոգիական պրոցեսներ կարող են լինել։ Մեզ հիվանդությունների բավականին լայն շրջանակ է հետաքրքրում, մասնավորապես՝ ծերացման գործընթացը։ Քանի որ մարդը ծերանում է, ուղեղը ծերանում է, և ախտաբանական գործընթացների զարգացման հավանականությունն ավելի մեծ է»,- նշել է Ալեքսեյ Սեմյանովը: Նա հավելել է, որ  մյուս կողմից՝ Ծյասինի համալսարանում հետաքրքրվում են  այնպիսի ախտաբանական պրոցեսներով, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը կամ էպիլեպսիան, ուղեղում կատարվող ցանկացած նեյրոդեգեներատիվ պրոցես: Գիտնականը հայտնել է, որ իրենք փորձեր են անցկացնում կենդանիների, հիմնականում մկների վրա, իսկ վերջերս սկսել են ուսումնասիրել դեպրեսիան։

«Երբ ախտաբանական պրոցես է զարգանում, հետևում ենք՝ ինչ է կատարվում բջիջների հետ՝ նրանց կազմաբանական հատկություններին, ֆիզիոլոգիային, և եթե նորմալ ուղեղից տարբերվող որևէ փոփոխություն ենք գտնում, փորձում ենք հասկանալ՝ այդ փոփոխությունների համար ինչ մոլեկուլային մեխանիզմներ են պատասխանատու:  

Եվ երբ գտնում ենք մոլեկուլային մեխանիզմներ, կարող ենք փորձել դրանք շտկել, և բուժման էությունը հենց այդ մոլեկուլային մեխանիզմների ուղղումն է: Այսինքն՝ եթե կենդանական մոդելն օգտագործելով կարող ենք շտկել այս վնասված մոլեկուլային գործընթացները, ուրեմն կարող ենք կլինիկայում դա փորձարկել մարդու վրա և փորձել օգտագործել այն որպես դեղամիջոց՝ այս կամ այն ​​հիվանդությունը բուժելու համար»,- շեշտել է Սեմյանովը:

Այս տարի գիտաժողովը նվիրված է Հայաստանում նեյրոգիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցած և այս ոլորտում աշխատող բժիշկների և գիտնականների մեկից ավելի սերունդ պատրաստած պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի հիշատակին։

Գիտաժողովին մասնակցում է 20 երկրի շուրջ 200 գիտնական, ներառյալ՝ Ռուսաստանից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և այլն: Չորս օրվա ընթացքում կներկայացվի 130 զեկույց, իսկ մայիսի 21-ին և 22-ին կանցկացվեն աշխատանքային սեմինարներ, որոնց ժամանակ հայ գիտնականները կծանոթանան զեբրաձկան հետ աշխատելու եղանակներին:

Գիտաժողովը Սթրեսի և վարքագծի միջազգային ընկերության (ISBS) հետ համատեղ կազմակերպել է «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը՝ Երևանի բժշկական համալսարանի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի և  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների մասնակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է