• Latest news

Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկվել են աշնանը ՀՀ-ում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները

30 մայիսի, 2024  11:55

Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ նախարարը քննարկել է մի քանի ոլորտներում համագործակցության ընթացքը`

  • բնակչությանը վարակիչ հիվանդություններից պաշտպանություն.
  • դեղագործության ոլորտում համագործակցության խթանում.
  • միջսահմանային արտակարգ իրավիճակների կառավարման ու վերահսկման նպատակով արագ արձագանքման բժշկական թիմերի սերտ համագործակցություն:

Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված դեղերի ապահովման հարցում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր:

Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ նախարարը ցավակցել է գործընկերոջը` Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս անձանց մահվան կապակցությամբ:

Ընդգծվել է հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել առողջապահության ոլորտում միջգերատեսչական հուշագրով սահմանված կոնկրետ քայլեր: Քննարկվել են աշնանը Հայաստանում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները:

Բրազիլիայի առողջապահության նախարարի տեղակալ Կառլոս Գադելհայի հետ հանդիպմանը երկուստեք ներկայացվել են ոլորտային առաջնահերթությունները, որոնց մասով երկու երկրներում էլ համընկնումներ կան`

  • ԱԱՊ օղակի բարելավում և ամրապնդում.
  • առողջության համապարփակ ապահովագրության ներդրում.
  • միջին բուժաշխատողների կարիքների լուծում:

Առանձնակի շեշտվել է դեղագործական ոլորտում փոխգործակցության ծավալումը։ Քննարկվել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի կետերը, որի հիման վրա մշակվում է գործնական ծրագիր։

Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովայի հետ հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը կարևորել է վերջին տարիներին Ղազախստանի առողջապահության նախարարության ձեռքբերումները` առողջապահության ոլորտի զարգացման գործում` ՏՏ֊ի գործիքակազմի միջոցով, և առաջարկել երկկողմ հարաբերություններով հաստատված կետերը խթանել ակտիվ շփումներով: Նաև բժշկագիտության ոլորտում համագործակցության առաջարկներ են քննարկվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել