Աշխարհում տարեկան 8 մլն մարդ մահանում է ծխախոտի օգտագործումից: Ընդ որում, նրանցից 1,3 միլիոնը ծխախոտ չօգտագործող մարդիկ են՝ այսինքն մարդիկ, որոնք երկրորդային ծխի ազդեցության տակ են գտնվել և ունեցել են տարբեր հիվանդություններ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հանրային առողջության կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ նշելով, որ մայիսի 31-ը ամբողջ աշխարհում համարվում է առանց ծխախոտի օր:
«Հայաստանում յուրաքանչյուր 2-րդ տղամարդ ծխախոտ է օգտագործում: Տարեցտարի աճում է ծխախոտ օգտագործողների թիվը, սակայն վերջին տարիներին մեծահասակ բնակչության շրջանում աճի կանգ է նկատվում: Դեռահասների շրջանում աճում է ոչ միայն ավանդական, այլև էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների թիվը: Կան դեպքեր, երբ տղաները սկսում են ծխել 11 տարեկանում»,-ասաց ԱՆ հանրային առողջության կազմակերպիչը:
Մարիամ Մնացականյանի խոսքով, ծխախոտային ինդուստրիան էլեկտրոնային սիգարետները ներկայացնում է որպես անվնաս, կամ պակաս վնասակար՝ երեխաներին ծխախոտային դաշտ բերելու համար, սակայն էլեկտրոնային սիգարետները պարունակում են նիկոտին: Երեխաների մոտ նիկոտնից կախվածություն է առաջանում, և շուտով արդեն սկսում են ավանդական ծխախոտ օգտագործել:
Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Բյուզանդյանի խոսքով, ապացուցված է, որ ծխախոտի օգտագործումը կարող է առաջացնել քաղցկեցային հիվանդություններ, թոքերի, սիրտանոթային համակարգի ոչ ուռուցքային հիվանդություններ: Ապացուցված է, որ ջրային ֆիլտրով ծխախոտը՝ նարգիլեն, պակաս քրոնիկ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, սակայն ամեն դեպքում ազդեցություն ունենում է:
«Աշխարհում թոքի քաղցկեղ ունեցողների մոտ 95 տոկոսը ծխող մարդիկ են: Մեր գրեթե բոլոր բուժառուները ծխախոտ օգտագործողներ են, հազվադեպ են լինում դեպքեր, երբ բուժառուն ասում է, որ երբևէ ծխախոտ չի օգտագործել»,-ասաց նա:
Տիգրան Բյուզանդյանը կարևորեց տարիներ առաջ ընդունված՝ հանրային վայրերում ծխելը արգելող օրենքը, հույս հայտնելով, որ դա ազդում է երկրորդային ծխախոտ օգտագործողների թվի նվազման վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day