• Latest news

Կանաչությանը պարզապես նայելը կարող է ամրապնդել հոգեկան առողջությունը. հետազոտություն

13 հունիսի, 2024  08:24

Ավելի ակնհայտ է դառնում այն, որ բնության մեջ գտնվելը կարող է օգուտ բերել մեր հոգեկան առողջությանը եւ բարեկեցությանը։ Բայց նոր հետազոտությունը, որն իրականացրել են գիտնական Ուիթնի Ֆլեմինգը եւ նրա գործընկերները, ցույց է տալիս, որ պարտադիր չէ լինել բնության մեջ՝ օգտակարության պտուղները քաղելու համար։

Բնական տարրերին պարզապես հայացք նետելը, անգամ քաղաքի կենտրոնում, կարող է բարելավել ինքնազգացողությունը։

People and Nature ամսագրում հրապարակված հոդվածում օգտագործվել է հայացքին հետեւելու տեխնոլոգիան՝ հետազոտելու համար, թե ինչպես է ուշադրության կենտրոնացումը բնական տարրերի վրա՝ արհեստականների համեմատ, ազդում հոգեկան առողջության վրա։

Հետազոտական խումբը հետազոտության համար հավաքել է 117 չափահաս մարդկանց։ Մասնակիցները պատահական կերպով բաշխվել են երեք խմբերից մեկում. մեկը կենտրոնացել է բնական տարրերի վրա, ինչպիսին են ծառերը (կանաչ խումբ), մյուսը՝ արհեստական տարրերի, ինչպիսին են շենքերը (գորշ խումբ), եւ երրորդը, որը կենտրոնացել է մեկի եւ մյուսի համադրման վրա (խառը խումբ)։ Քաղաքում ուղեկցորդի հետ միասին 45 րոպեանոց զբոսանքի ժամանակ յուրաքանչյուր մասնակից հագել է հատուկ ակնոցներ աչքերին հետեւելու համար։ Երթուղին ներառել է տասը հատուկ առանձնացված վայրեր կանգառի համար, որպեսզի ընդգծվեն բնական կամ ձեռակերտ տարրերը՝ կախված խմբից։

Զբոսանքից առաջ եւ հետո մասնակիցները ենթարկվել են հարցման, որի ընթացքում գնահատել են իրենց տրամադրությունը, տագնապայնության մակարդակը եւ զբոսանքի վերականգնողական հատկությունները։

Ակնոցները ֆիքսել են, թե ուր են նայել մասնակիցները զբոսանքի ընթացքում, ինչը թույլ է տվել հետազոտողներին քանակապես գնահատել ժամանակի քանակը, որը ծախսվել է կանաչ (բնական) կամ գորշ (արհեստական) տարրերի վրա ուշադրության կենտրոնացման վրա։ Փաստորեն, գիտնականների մեթոդիկան թույլ է տվել ստույգ եւ օբյեկտիվորեն գնահատել վիզուալ ներգրավվածությունը՝ ամրապնդելով կապը բնության մեջ գտնվելու եւ ինքնազգացողության բարելավման միջեւ։

Տվյալները հաստատել են, որ յուրաքանչյուր խումբ իսկապես ավելի շատ ժամանակ է անցկացրել՝ դիտելով բնանկարները, որոնց վրա նրանց խնդրել են կենտրոնանալ։ Արդյունքները ցնցող էին։

Մասնակիցները, որոնք ավելի շատ ուշադրություն էին հատկացրել կանաչ տարրերին, տեղեկացրել են տրամադրության զգալի բարձրացման եւ տագնապայնության նվազման մասին նրանց համեմատ, ովքեր ավելի շատ ուշադրություն էին հատկացրել գորշ տարրերին։

Զբոսանքից հետո նրանք ցուցադրել են դրական հույզերի ավելի բարձր եւ անհանգստության ավելի ցածր մակարդակ։ Նրանք նաեւ տեղեկացրել են, որ իրենց ավելի հանգստացած եւ երիտասարդացած են զգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է