Միգրենը մի քանի ենթատեսակներ ունեցող եզակի հիվանդություն է։ Այս ենթատեսակները շատ տարբեր են իրենց առաջացման մեխանիզմներով և կլինիկական դրսևորումներով, ընդսմին, դա մեկ հիվանդություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր, Գլխացավերի միջազգային դասակարգման հեղինակ Յես Օլեսենը, որը Երևանում մասնակցում է «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» միջազգային գիտաժողովին։
Բժշիշկը նշեց, որ միգրենն առաջնային գլխացավերի թվին է դասվում, երբ չկան հիվանդություններ, որոնք կարող են ցավի նոպա հրահրել։
Մասնագետը հիշեցրեց, որ 40 տարի առաջ մարդիկ հավատում էին, որ միգրենը առավելապես կանանց բնորոշ հոգեկան խանգարում է։ Եվ տասնամյակներ պահանջվեցին բազմաթիվ կլինիկական հետազոտություններ անցկացնելու և բավականաչափ գիտելիքներ կուտակելու համար, որպեսզի ապացուցվի, որ դա արյան շրջանառության խանգարումներին և կենսաքիմիական այլ գործընթացներին առնչվող նյարդամոլեկուլային պատճառներ ունեցող հիվանդություն է:
«Ես կարող եմ մասնավոր օրինակ բերել։ Օրինակ, մենք ապացուցել ենք կենդանական մոդելների, այնուհետև նաև մարդկանց վրա, որ աուրայով ուղեկցվող միգրենի նոպայի ժամանակ արյան շրջանառությունն էապես փոխվում է, և կարողացել ենք դա վիզուալիզացնել և տեսնել, որ գլխուղեղի կեղևի արյան շրջանառությունը շատ դանդաղում է, և դա հենց միգրենի պատճառներից մեկն է։ Դա ոչ թե սնուցման խանգարում է, ինչպես իշեմիկ ինսուլտի դեպքում է, այլ մոլեկուլյար մակարդակում փոփոխությունները փոխում են գլխուղեղի կեցվածքը և հրահրում այդ գլխացավը»,–ասաց Յես Օլեսենը։
Պրոֆեսորը հավելեց, որ իրեն հաջողվել է մոլեկուլային մակարդակով ցույց տալ, որ աուրայով միգրենի և առանց աուրայի միգրենի տարբերությունը պայմանավորված է ազդանշանային համակարգերի տարբեր փոփոխություններով, տվյալ պահին տարբեր նյութերի կոնցենտրացիաներով, և, հետևաբար, դրանք տարբեր կլինիկական պատկեր ունեն:
Անդրադառնալով բուժման, ավելի ճիշտ՝ գլխացավի կառավարման թեմային, Յես Օլեսենը նշեց, որ բժիշկներին դեռ չի հաջողվել հասնել միգրենի բոլոր տեսակների նկատմամբ ամբողջական վերահսկողությանը։
Որոշ դեղեր բոլոր երկրներում դեռևս հասանելի չեն, կամ եթե դրանք մատչելի էլ են, բժիշկները դեռևս բավարար գիտելիքներ չունեն դրանք ճիշտ նշանակելու համար, կամ հիվանդները միշտ չէ, որ հետևում են սահմանված սխեմաներին: Ըստ նրա՝ փորձի ու գիտելիքի փոխանակման, ինչպես նաև նոր դեղերի ստեղծման ուղղությամբ դեռ բավականաչափ անելիք կա, սակայն այս հարցում առաջընթացն ակնհայտ է։
«Գլխացավերի վարման արդի մոտեցումները» միջազգային համաժողովը Երևանում անցկացվում է «Գլխացավի իրազեկման արշավի» շրջանակում, որը կազմակերպել են Ցավի բժշկության ազգային ասոցիացիան և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը՝ Ցավի բուժման միջազգային ասոցիացիայի և Գլխացավի միջազգային ասոցիացիայի օժանդակությամբ: Արշավը մեկնարկել է հոկտեմբերի 11-ին և կտևի մինչև հոկտեմբերի 17-ը։
Ինչպես լրագրողներին հայտնեց Ցավի բուժման ազգային ասոցիացիայի նախագահ Ավետիս Ավետիսյանը, արշավի շրջանակում տեղի կունենա նաև «100 հարց գլխացավի մասին» Յես Օլսենի համահեղինակած գրքի շնորհանդեսը։ Արշավի հիմնական նպատակը, ըստ նրա, գլխացավի շուրջ «աղմուկ» բարձրացնելն է, քանի որ «Հայաստանում, ինչպես աշխարհի շատ զարգացող երկրներում, այս խնդիրը խիստ թերագնահատված է»։
«Մեր առաքելությունն է հանրահռչակել այս խնդիրը, որպեսզի յուրաքանչյուր բժիշկ և առողջապահության կազմակերպիչ փորձի մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնել գլխացավերին, և դրանց բուժմանը»,-նշեց նա։
Ըստ Ավետիս Ավետիսյանի՝ խնդիրն այն է, որ մեր ընկալման մեջ «գլխացավը» մեկ բառ է։ «Բայց կա գլխացավերի միջազգային դասակարգում, որի հեղինակը պրոֆեսոր Յես Օլեսենն է, որտեղ տարբերակվում են առաջնային և երկրորդային գլխացավերը, տրիգեմինալ նևրալգիաները՝ կրանիալգիաները, որոնք ունեն ենթատեսակներ, և կլինիկական ախտորոշում դնելիս պարտավոր ենք առաջնորդվել միջազգային ուղեցույցներով», –ընդգծեց Ավետիս Ավետիսյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day