Ի՞նչ ներուժ ունի Հայաստանը կլինիկական փորձարկումների անցկացման ոլորտում։ Ի՞նչ խոչընդոտների են բախվում երկրում գործող պայմանագրային հետազոտական կազմակերպությունները (CRO) և բժշկական կենտրոններն իրենց գործունեության ընթացքում։ Ի՞նչ օրենսդրական և կարգավորիչ միջոցառումներ են անհրաժեշտ ձեռնարկել այս ոլորտը Հայաստանում զարգացնելու համար, որպեսզի Հայաստանը ոչ թե սոսկ կլինիկական փորձարկումներ անցկացնող հերթական երկիր, այլև ՝դրա համար «գրավիչ» երկիր դառնա, Երևանում համաշխարհային ճանաչում ունեցող PHUSE Single Day Event միջազգային համաժողովը բացելով՝ հայտարարեց Gurus ընկերության ղեկավար Վահե Մարտիրոսյանը։
Այս և այլևայլ հարցերն այսօր Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում քննարկել են համաժողովին մասնակցած՝ կլինիկական փորձարկումներ իրականացնող մոտ 20 կազմակերպության ներկայացուցիչներ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից և այլ երկրներից, ինչպես նաև՝ Հայաստանի առողջապահության ոլորտի մոտ 200 պատվիրակ։

Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը տարիներ շարունակ ի վիճակի չի եղել իր հարկի տակ նման հետազոտություններ հյուրընկալելու։ Արտասահմանյան ընկերությունները հաճախ հարցնում էին՝ արդյոք փորձ ունե՞ք կլինիկական հետազոտությունների ոլորտում, և բացասական պատասխան ստանալով՝ հրաժարվում էին։ Եվ այդտեղ փակ շրջան էր ստացվում. ինչպե՞ս կարելի է փորձ ձեռք բերել, եթե հետազոտություններ չենք անցկացնում։ Սակայն վերջին տարիներին իրավիճակը արմատապես փոխվել է։

Հայաստանի դեղագործական ընկերությունների և պայմանագրային հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչները Դեղերի և բժշկական պարագաների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանին կլինիկական փորձարկումների կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել։ Նրանք համակարծիք էին նրանում, որ եթե կառավարությունը ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխան չկարգավորի, Հայաստանը չի կարողանա ավելի շատ արտասահմանյան պատվերներ ներգրավել և զարգացնել նաև բուժառուներին լավագույն բժշկական ծառայություններ մատուցելուն ուղղված այս տնտեսապես շահավետ ոլորտը։

PHUSE Single Day Event-ը մեկօրյա միջոցառում է, որը անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ այն այս տարի տեղի ունեցավ Հայաստանում: Միջոցառման գլխավոր նպատակը նվիրված է տվյալ տարածաշրջանում կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանը. այն ստեղծում է հարթակ մասնագետների և կազմակերպությունների համար՝ հնարավորություն ընձեռելով կապեր հաստատելու, փորձով և գիտելիքներով փոխանակվելու, ինչպես նաև իրենց փորձառությունը բարելավելու համար:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Gurus ընկերության ղեկավար Վահե Մարտիրոսյանը նշել է, որ իրենց ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում՝ 2019 թվականին։ Այն պայմանագրային հետազոտական կազմակերպություն է, որը հետազոտական տվյալների վերլուծության, տվյալների կառավարման և վիճակագրական ծրագրավորման ծառայություններ է մատուցում ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերություններին։
Մարտիրոսյանն ընդգծել է, որ հիմնադրումից ի վեր ընկերությունը խնդիրների է բախվել միջազգային շուկա մուտք գործելու հարցում, քանի որ ընկերությունը հայտնի չէր, և Հայաստանի մասին որպես կլինիկական փորձարկումներ անցկացնելու ներուժ ունեցող երկրի, ևս քիչ բան էր հայտնի։ Նրանք քայլեր ձեռնարկեցին ճանաչման և վստահության արժանանալու համար, և այդ նպատակով բազմիցս մասնակցել են դեղերի հետազոտությունների և կենսատեխնոլոգիայի ոլորտում ներգրավված ընկերությունների համար ամենակարևոր միջոցառումներին՝ PHUSE-ի եռօրյա Global Connect համաժողովներին։ Նրանց հաջողվեց նաև Հայաստան բերել մեկ այլ նշանակալի միջոցառում՝ PHUSE-Single Day Event-ը:

PHUSE-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի ղեկավար Ջոն Սոլթերը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմել է, որ PHUSE-ն կազմակերպություն է, որը միավորում է դեղագործական արդյունաբերության մարդկանց, որոնց աշխատանքի հիմնական բաղադրիչը կլինիկական հետազոտություններն են։
Ընկերությունը պարբերաբար Global Connect համաժողովներ է անցկացնում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Սակայն այդ եռօրյա միջոցառումներին մասնակցելը բավականին թանկ է, և ոչ բոլոր ցանկացողներն են ի վիճակի դա անել։ Այդ նկատառումով՝ ընկերությունը որոշել է միաժամանակ մեկօրյա արտագնա միջոցառումներ անցկացնել, որոնց մասնակցությունն անվճար է։
«Իսկ ինչո՞ւ ոչ»,- Սոլթերը հարցով պատասխանեց այն հարցին, թե ինչու են ընտրել Հայաստանը՝ հավելելով, որ PHUSE-ի հետաքրքրության շրջանակում Հայաստանի ցուցաբերած աճը նշանակում է, որ համաժողովը պետք է այստեղ լինի, և հնարավոր ամեն տեսակի օգնություն տրամադրվի։ Նա խոստովանել է նաև, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում և երկու օրում արդեն հասցրել է սիրահարվել մեր երկրին։ Եվ չբացառեց Global Connect համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

«Ըստ իս՝ մենք այստեղ ենք առաջին հերթին իբրև օգտակար կապեր հաստատող ցանցային հարթակ։ Մենք տեսնում ենք տարբեր կլինիկական կազմակերպությունների և տարբեր տարածաշրջանների մարդկանց, որոնք շփվում են միմյանց հետ։ Մարդիկ սուրճ են խմում և զրուցում, և դա միավորում է հայկական կլինիկական խմբերին։ Մի կողմից՝ դա օգտակար կապերի հաստատման միջոցառում է, իսկ մյուս կողմից՝ բիզնեսի զարգացման միջոցառում։ Դա գիտելիքների փոխանակման հարթակ է։ Իրենց թեմաներով և գիտելիքներով ոգևորված մարդիկ ցանկանում են մյուսներին հաղորդակից դարձնել դրանց, և PHUSE-ն ընձեռում է նման հնարավորությունը»,-պատմել է նա։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը նշեց, որ կենտրոնում ներկայում անցկացվում են հաստ աղիքի և թոքերի քաղցկեղի որոշակի տեսակների բուժման համար իմունաթերապևտիկ դեղամիջոցների կլինիկական փորձարկումներ: Նա հավելեց, որ փորձարկումներին մասնակցող պացիենտները դեղերը ստանում են անվճար, և սա լավ հնարավորություն է նրանց համար, քանի որ հայտնի է, թե որքան թանկ են քաղցկեղի դեմ ժամանակակից դեղամիջոցները։ Ըստ ուռուցքաբանի՝ միակ բանը, որը մի փոքր անհանգստացնում է ոչ այնքան նման ուսումնասիրությունների մասնակիցներին, որքան՝ պարզապես Հայաստանի բնակիչներին, «փորձարկում» բառն է։ Բոլոր դեղամիջոցները կլինիկական փորձարկումներից առաջ շատ երկար ճանապարհ են անցնում՝ ստեղծումից մինչև նախակլինիկական փորձարկումներ, որոնց ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է դրանց անվտանգության վրա։
Ինչ վերաբերում է օրենսդրական խոչընդոտներին կամ վարչական քաշքշուկներին՝ մասնագետը նշեց, որ վերջին տարիներին այս առումով բավական շոշափելի առաջընթաց է գրանցվել. կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվությունը կարելի է բավականին արագ ստանալ, և դա Հայաստանի հիմնական առավելություններից մեկն է արտասահմանյան ընկերությունների համար, որոնք կարող են իրենց դեղերի կամ բժշկական սարքավորումների և տեխնոլոգիաների փորձարկումներն ավելի վաղ ավարտել և դրանք շուկա դուրս բերել ավելի վաղ՝ մրցակցային առավելություններ ձեռք բերելով։ «Այսինքն՝ նրանք առաջնորդվում են բիզնեսի օրենքներով։ Եվ Հայաստանը պետք է հետաքրքրված լինի այս ոլորտով, քանի որ այն ունի բազմապատկիչ ազդեցություն. դա կապահովի ֆինանսների ներհոսք և աշխատատեղերի ստեղծում, տնտեսական զարգացում և, ամենակարևորը, բուժառուների առողջությունը»,-ընդգծեց Արթուր Ավետիսյանը:
Vickino-ի գործադիր տնօրեն Վիգեն Օհաննեսյանը պատմեց, որ իրենց ընկերությունը կլինիկական փորձարկումների տվյալները վերլուծելու համար արհեստական բանականության լուծումներ է առաջարկում։ Նրանք նմանատիպ ծառայություններ են մատուցում ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բժշկական կազմակերպություններին և ընկերություններին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է արհեստական բանականությունը կիրառել կլինիկական հետազոտություններում, նա նշեց, որ Հայաստանում արդեն կան մի շարք հետազոտական կենտրոններ, որոնք դեղորայք արտադրելիս արհեստական բանականությունը կիրառում են մոլեկուլներն ընտրելու համար։ Դա առաջին փուլն է։ Արհեստական բանականությունը կարող է կիրառվել կլինիկական փորձարկումների տվյալներն արագ և ավտոմատ կերպով վերլուծելու համար։ Միևնույն ժամանակ, Vickino ընկերությունը նպատակ ունի արտասահմանյան գործընկերների մշակումներն օգտագործելու փոխարեն ստեղծելու իր սեփական հայկական նեյրոնային ցանցը։ Ավելին, Vickino-ում մտադիր են արհեստական բանականության հայկական մշակումներն առաջարկել օտարերկրյա ընկերություններին։
PHUSE Single Day Event համաժողովում Հայաստանում միասնական հարթակ, հնարավոր է՝ ասոցիացիա ստեղծելու առաջարկ արվեց՝ կլինիկական փորձարկումների ընթացքում ծագող խնդիրների քննարկման և համատեղ լուծումներ գտնելու նպատակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day