«Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար և Հայկական թիրեոիդ ասոցիացիայի համանախագահ և համահիմնադիր Նոննա Մարտիրոսյանը զեկույց է ներկայացրել Ասոցիացիայի երրորդ ամենամյա գիտական համաժողովում՝ նվիրված կլինիկական հիպերթիրեոզի համախտանիշի՝ թիրոիդ հորմոնների ավելցուկի հետևանքով առաջացած վիճակի դիֆերենցված ախտորոշմանը։ Համաժողովում «Նաիրի» բժշկական կենտրոնը ներկայացնում էին վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող մի քանի մասնագետներ։

Ուշադրության կենտրոնում էին այն թեմաները, որոնք անմիջականորեն ազդում են բուժառուների կյանքի որակի վրա. անհատականացված թերապիա, ախտորոշում վաղ փուլերում, հորմոնալ ֆոնի և հոգեզգայուն վիճակի միջև եղած կապը։ «Նաիրի»-ի թիմի մոտեցումը զեկույցներին էապես տարբերվում էր. սովորական «ախտանիշներ-հետազոտություն-դեղատոմս» սխեմայի փոխարեն զրույցներ ծավալվեցին բազմադիսցիպլինար փոխազդեցության, կանխարգելիչ բժշկության և բուժառուներին կրթելու կարևորության վերաբերյալ:
Անհատական մոտեցում հիպերթիրեոզի դեպքում
Նոննա Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծեց, որ հիպերթիրեոզը մեկ հիվանդություն չէ, այլ տարբեր պատճառներով հիվանդությունների մի ամբողջ համալիր՝ սկսած դիֆուզ թունավոր խպիպից մինչև հանգուցային պաթոլոգիաներ։ Ուստի ճշգրիտ ախտորոշումը բուժառուի անհատական բնութագրերը հաշվի առնող հստակ կլինիկական և լաբորատոր նշանների ուշադիր վերլուծություն է պահանջում:

Նոննա Մարտիրոսյանը ներկայացրեց բուժառուների վարման ժամանակակից տարբերակված մոտեցումները՝ հիվանդության ծանրությանը և բնույթին հանգույն։ Նման թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրին գործընկերների շրջանում և վստահաբար բժիշկների առօրյա պրակտիկայում օգտակար գործիքներ կդառնան։
Ուլտրաձայնային հետազատության (ՈՒՁՀ) ախտորոշման սխալները և դրանցից խուսափելու եղանակները
«Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգ Աննա Խաչատրյանը հանդես եկավ «Վահանաձև գեղձի ուլտրաձայնային ախտորոշման լաբիրինթ։ Որոգայթներ և սառցե գագաթներ (կլինիկական դեպքերի քննարկում)» խորագրով զեկույցով։ Առաջին հայացքից տեխնիկական թվացող թեման իրականում խոր արմատներ ունեցող խնդիր էր բացահայտում. հատվածական մոտեցման պայմաններում ախտորոշման սխալների վտանգը։

«Ամենահաճախ կրկնվող սխալն առանձին ախտանիշները կամ հանգույցներն ընդհանուր պատկերից անջատ դիտարկելն է։ ՈՒՁՀ-ն խճանկարի միայն մի մասն է»,- ընդգծեց դոկտոր Խաչատրյանը։ Նա պատմեց արդյունքների մեկնաբանման բնորոշ ծուղակների մասին և բժիշկների բազմադիսցիպլինար կոնսիլիում (tumor boards) ներդնելու կոչ արեց, որտեղ որոշումներն ընդունվում են համատեղ՝ ռադիոլոգների, էնդոկրինոլոգների, վիրաբույժների և պաթոմորֆոլոգների մասնակցությամբ։
Աննա Խաչատրյանի կարծիքով՝ նման ձևաչափը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ավելի ճշգրիտ ախտորոշում կատարելու, այլև բուժառուների համար օպտիմալ ուղիներ մշակելու։ Հենց այդ ուղղությամբ է այսօր առաջ ընթանում համաշխարհային բժշկական ստանդարտը, և հենց դա են «Նաիրի»-ում ձգտում կիրառել գործնականում։
Հանգույցներ առանց վիրահատության
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբան, էնդոկրին վիրաբույժ և գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանն իր զեկույցը նվիրեց նորարարական թեմայի՝ վահանաձև գեղձի հանգույցների՝ ջերմային աբլացիայի միջոցով ոչ վիրաբուժական ապաքինմանը։

«Սա մի եղանակ է, որի դեպքում մենք բառացիորեն «այրում ենք» հանգույցը՝ առանց վիրահատական նշտարի։ Այն հատկապես արդիական է տարիքի, ուղեկցող հիվանդությունների կամ գեղագիտական պատճառներով վիրահատությունից խուսափող բուժառուների համար»,- պարզաբանեց դոկտոր Բադալյանը։

«Նաիրի» բժշկական կենտրոնն այդ եղանակն օգտագործում է արդեն վեց տարի, իսկ վերջին երեք տարվա ընթացքում՝ առանձնապես ակտիվորեն։ Համագումարում ներկայացվեցին 33 բուժառուի բուժման տվյալները. դեպքերի 80%-ում հանգույցների ծավալը հաջողվել է կրճատել 70-80%-ով։ Մի շարք իրավիճակներում կրկնվող պրոցեդուրա է պահանջվում, սակայն դա համաշխարհային ստանդարտ է: Կարևոր է, որ եղանակն արդեն ներառված է Միացյալ Նահագների և Եվրամիության կլինիկական ուղեցույցերում, իսկ Հայաստանում այն սոսկ նոր է սկսում թափ հավաքել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day