Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի (EAN) տարեկան հանդիպման ժամանակ ներկայացված նոր հետազոտության համաձայն՝ հաճախ մղձավանջներ տեսնող մարդիկ վաղաժամ մահվան եռապատիկ ավելի մեծ ռիսկի են ենթակա, հաղորդել է UPI-ն։
Գիտնականների խոսքով՝ այս մարդկանց մոտ նկատվում են նաեւ զգալիորեն արագացված կենսաբանական ծերացման նշաններ, նրանց մարմինները մաշվում են ավելի շատ, քան վկայում է նրանց ծննդյան ամսաթիվը:
Սա, հավանաբար, պայմանավորված է այն սթրեսով, որը մղձավանջները կարող են թողնել քնած օրգանիզմի վրա:
Հետազոտությունն անցկացնելու համար հետազոտողները համախմբել են 8-10 տարեկան ավելի քան 2 400 երեխաների եւ 26-86 տարեկան 183 հազար մեծահասակների տվյալներ, որոնք մասնակցել են Միացյալ Նահանգներում անցկացված առողջապահական ուսումնասիրություններին։
Մասնակիցների կենսաբանական ծերացումը գնահատվել է նրանց տելոմերների երկարությամբ՝ ԴՆԹ փոքր հաջորդականություններ, որոնք ծածկում են քրոմոսոմների ծայրերը եւ կանխում դրանց քանդումը, ինչպես կոշիկի կապերի պլաստիկե ծայրերը։ Հետազոտողները նշել են, որ տելոմերների երկարությունը չափվել է՝ պարզելու համար, թե արդյոք մարդու բջիջներն ավելի արագ են ծերանում, քան ցույց է տալիս նրանց իրական տարիքը։ 19 տարվա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն մեծահասակները, ովքեր հայտնել են շաբաթական մղձավանջներ տեսնելու մասին, երեք անգամ ավելի հավանական է, որ մահանան մինչեւ 70 տարեկանը։
Հետազոտողների խոսքով՝ այս մղձավանջները վաղաժամ մահվան ավելի ուժեղ կանխատեսող գործոն են եղել, քան այլ ռիսկի գործոններ, ինչպիսին են ծխելը, ճարպակալումը, անառողջ սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվության պակասը: Հետազոտողները պարզել են, որ ավելի հաճախ մղձավանջներ տեսնող երեխաների ու մեծահասակների մոտ նաեւ ավելի արագ կենսաբանական ծերացում է նկատվել:
Հետազոտողները գնահատել են, որ արագացված ծերացումը հանգեցրել է մահվան ռիսկի աճի մասնակիցների մոտ 40 տոկոսի մոտ։
Գիտնականները պարզել են, որ հաճախակի մղձավանջները, կարծես, նույն կերպ են ազդում բոլորի վրա՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից կամ հոգեկան առողջությունից։
Եվ նույնիսկ ամսական մղձավանջները կապված են եղել ավելի արագ ծերացման եւ մահվան ավելի բարձր ռիսկի հետ՝ հազվադեպ կամ ընդհանրապես մղձավանջներ չտեսնողների համեմատ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day