Քաղցր գազավորված ըմպելիքների և ալկոհոլի կանոնավոր օգտագործումը մեծացնում է մազաթափության ռիսկը, մինչդեռ երկաթով և վիտամին D-ով հարուստ սնունդը պաշտպանում է ճաղատությունից։ Այդ մասին են վկայում Nutrition and Health (NutritHealth) ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։
Այս եզրակացությանը գիտնականները հանգել են նախկինում հրապարակված 17 գիտական աշխատանքների մետավերլուծության արդյունքում։ Դրանցում գնահատվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի 61 332 մարդու առողջական վիճակը և սննդակարգի առանձնահատկությունները։ Փորձարկվողների ընդհանուր թվի 97%-ը կանայք են եղել։
Վերլուծությունը ցույց է տվել, որ սննդակարգում վիտամին D-ի և երկաթի ավելի բարձր ցուցանիշները կապված են ալոպեցիայի ավելի ցածր հավանականության և մազերի արդյունավետ աճի հետ։ Սակայն ալկոհոլի և քաղցր ըմպելիքների օգտագործումն ընդհակառակը ավելի հաճախ ուղեկցվել է մազաթափությամբ և վաղաժամ ճերմակմամբ։
Գիտնականները նշում են, որ սոյայի մթերքների և խաչածաղկավոր բանջարեղենի օգտագործումը, ինչպիսիք են բրոկկոլին և կաղամբը, կապված է եղել մազաթափության նվազման հետ։ Դրական ազդեցություն է նկատվել նաև մի շարք համալիր հավելումների դեպքում, սակայն կլինիկական փորձարկումների մի մասի որակը միջին կամ ցածր է եղել։
Հեղինակները շեշտում են, որ խոսքն ասոցիացիաների, այլ ոչ թե ուղիղ պատճառահետևանքային կապի մասին է, քանի որ հետազոտությունների մեծ մասը դիտողական բնույթ է կրել և օգտագործել է սննդի ու մազերի վիճակի գնահատման տարբեր մեթոդներ։
Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ մազաթափության դեպքում իմաստ ունի ստուգել վիտամին D-ի և ֆերիտինի (երկաթի պաշարների ցուցիչ) մակարդակը, շտկել հայտնաբերված դեֆիցիտները և սահմանափակել քաղցր ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը։ Նրանց կարծիքով՝ նման մոտեցումը կարող է դառնալ մազերի առողջությանն աջակցելու պարզ և մատչելի ռազմավարություն՝ մաշկաբանական բազային թերապիայի հետ մեկտեղ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day