Կապսաիցինը քիմիական նյութ է, որը պարունակվում է չիլի պղպեղի սերմերում և միջնապատերում, այն ուժեղ նյութ է։ Չիլի պղպեղը չի կարող սպանել մարդուն, սակայն այն կարող է նրան ուղարկել շտապօգնության բաժանմունք, հատկապես, եթե մարդը սովոր չէ կծվությանը։ Օրինակ՝ անցյալ տարի Դանիայի պարենի ազգային գործակալությունը երեք տեսակի արագ պատրաստվող լապշա ճանաչել է առողջության համար վտանգավոր՝ չափազանց կծու լինելու պատճառով, գրում է Popular Science-ը։
Հետազոտողների կարծիքով, այն նյութը, որը որոշ ճաշողների մոտ արցունքներ է առաջացնում, նաև զարմանալիորեն օգտակար է առողջության համար, հաղորդում է Ֆոկուսը: Նախ, կան հստակ ապացույցներ, որ կծու սնունդ ուտելը կարող է իրականում օգնել ձեզ պահպանել առողջ քաշ: Այնուամենայնիվ, միայն շատ կծու պղպեղ ուտելը բավարար չի լինի:
Հին միֆերից մեկն ասում է, որ աշխարհում գոյություն ունեն «բացասական կալորիականությամբ» մթերքներ, որոնք ավելի շատ էներգիա են այրում, քան տալիս են օրգանիզմին։ Իրականում, ըստ գիտնականների, չիլի պղպեղի օգտագործումն իսկապես կարող է ժամանակավորապես արագացնել մարդու նյութափոխանակությունը (մետաբոլիզմը)։
Բժիշկ Ուիլյամ Լիի խոսքով՝ կապսաիցինը լեզվի վրա ակտիվացնում է բջջային ընկալիչներ, որոնք հայտնի են որպես TRPV1 ընկալիչներ։ Կծու պղպեղի օգտագործումը ոչ միայն առաջացնում է ջերմության զգացողություն, այլև ստիպում է ուղեղին արտադրել նեյրոմեդիատոր նորադրենալին։ Այս նյութն առաջացնում է շղթայական ռեակցիա, որը հանգեցնում է «շագանակագույն ճարպի» ակտիվացմանը, որը ճարպի հատուկ ձև է և կատարում է եզակի նյութափոխանակային ֆունկցիա։
Հայտնի է, որ շագանակագույն ճարպային հյուսվածքը, կամ շագանակագույն ճարպը, խիստ տարբերվում է սպիտակ ճարպից, որը հիմնականում կուտակվում է ներքին օրգանների շուրջ և օգտագործվում է էներգիա պահպանելու համար։ Սպիտակ ճարպը կարևոր դեր է խաղում մարդու օրգանիզմում, բայց դրա ավելցուկը կարող է խնդիրներ առաջացնել, այդ պատճառով էլ որոշ դիետոլոգներ այն հաճախ անվանում են «վատ ճարպ»։
Միևնույն ժամանակ, շագանակագույն ճարպը նման է բարակ տափակ թիթեղի, որը գտնվում է թիակների միջև, կրծոսկրի հետևում, պարանոցի շուրջը և որովայնի վրա՝ մկաններին մոտ։ Այս օգտակար ճարպը կարևորագույն դեր է խաղում մարմնի ջերմաստիճանի կարգավորման գործում, երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանն իջնում է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ակտիվանում է անմիջապես այն բանից առաջ, երբ դուք սկսում եք դողալ, իսկ դրա ավելի մուգ գույնը պայմանավորված է միտոքոնդրիաների բարձր կոնցենտրացիայով։
Ըստ դոկտոր Լիի, երբ նորադրենալինը, որն արտադրվում է չիլի պղպեղի մեջ պարունակվող կապսաիցինի կողմից, ակտիվացնում է շագանակագույն ճարպը, շագանակագույն ճարպային բջիջները միացնում են իրենց մեխանիզմները, որոնք ջերմություն են արտադրում։ Այս գործընթացը հայտնի է որպես ջերմածնություն (թերմոգենեզ)։ Ջերմություն արտադրելու համար շագանակագույն ճարպային բջիջները պետք է օգտագործեն էներգիայի պաշարները, որոնք պահվում են այլ ճարպային բջիջներում։ Պարզ ասած՝ կծու ուտելիք օգտագործելով, մենք, ըստ էության, այրում ենք սպիտակ ճարպը։
Ըստ գնահատականներից մեկի, կծու ուտելիք օգտագործելը կարող է հանգեցնել օրական լրացուցիչ 116 կալորիա այրելուն։ Դա դժվար թե արմատապես փոխի իրավիճակը, բայց ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում ցանկացած մանրուք կարող է օգտակար լինել։
Հետազոտությունները ցույց են տվել, որ չիլին, անկասկած, դրականորեն է ազդում նյութափոխանակության վրա, բայց դա ընդամենը մեկ պատճառ է դրանից հաճույք ստանալու համար։ 2020 թվականի վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար չիլի են օգտագործում, կարող են 26%-ով նվազեցնել սրտանոթային հիվանդություններից և 23%-ով՝ քաղցկեղից մահվան ռիսկը։ Ավելին, կծու ուտելիք օգտագործող մարդիկ, որպես կանոն, ավելի երկար են ապրում։
Բացատրություններից մեկն այն է, որ կապսաիցինը նվազեցնում է բորբոքումը և կարող է նպաստել արյան ճնշման իջեցմանը։ Սա պայմանավորված է նրանով, որ կապսաիցինը նպաստում է արյունատար անոթների թուլացմանը, ինչը կարող է նպաստել արյան ճնշման իջեցմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day