• Latest news

Գիտնականները ֆասթ-ֆուդի մասին տագնապալի փաստ են բացահայտել

20 սեպտեմբերի, 2025  08:43

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են այն մեխանիզմը, որի պատճառով ճարպոտ սնունդը և արագ սնունդը (ֆասթֆուդ) բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, գրում է New Atlas-ը։

«Մենք գիտեինք, որ ուղեղը տուժում է սխալ սնվելուց, բայց չէինք սպասում, որ բջիջների որոշակի խումբ այդքան խոցելի կլինի: Հատկապես զարմացրել է այն, թե որքան արագ են դրանք փոխում իրենց ակտիվությունը գլյուկոզայի հասանելիության նվազման պայմաններում և թե ինչպես է դա բավական դարձել հիշողության աշխատանքը խաթարելու համար», - պատմել են հետազոտողները։

Խոսքը խոլեցիստոկինին-դրական (ԽՑԿ) ինտերնեյրոնների մասին է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս բջիջները «արգելակների» դեր են կատարում հիպոկամպում՝ ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածում։ Նրանց խնդիրն է պահպանել դրդող պիրամիդային նեյրոնների՝ հիպոկամպի «աշխատող ձիերի» ռիթմիկ աշխատանքը։ Երբ պիրամիդային բջիջները չափազանց ակտիվ են դառնում, տեղեկատվության մշակումը վերածվում է քաոսային հոսքի։ Սակայն ԽՑԿ-դրական ինտերնեյրոնների գերբեռնվածությունը, ընդհակառակը, կարող է ճնշել պիրամիդային բջիջների ակտիվությունը և հիպոկամպին զրկել նոր հիշողություններ ձևավորելու և ամրապնդելու հնարավորությունից։

Մկների վրա կատարված փորձի արդյունքում պարզվել է, որ ընդամենը չորս օր ճարպերով հարուստ սնունդով սնվելը նվազեցնում է գլյուկոզայի հասանելիությունը ուղեղում։ Սա առաջացրել է ԽՑԿ-դրական ինտերնեյրոնների չափազանց ակտիվություն և վատթարացրել կենդանիների հիշողությունը թեստերում, նույնիսկ մինչև ավելորդ քաշի կամ շաքարախտի ախտանիշների ի հայտ գալը։

Այս գործընթացում կարևոր դեր է խաղացել սպիտակուցային պիրուվատ կինազ-M2-ը (PKM2), որը կարգավորում է բջիջների կողմից օգտագործվող գլյուկոզի քանակը: Երբ գլյուկոզը սպառվում է՝ հավասարակշռությունը խախտվում է և ԽՑԿ-դրական նեյրոնները գերակտիվանում են:

Թեև հետազոտությունն անցկացվել է կենդանիների վրա, գիտնականները շեշտում են, որ ճարպոտ սննդի, այդ թվում՝ արագ սննդի (ֆասթֆուդի) երկարատև օգտագործումը զգալիորեն բարձրացնում է լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը՝ ինչպիսիք են դեմենցիան և Ալցհայմերի հիվանդությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll