ՄաքՄասթերի համալսարանի գիտնականների կարծիքով՝ աչքերի փոքրիկ արյան անոթները կարող են սրտանոթային հիվանդությունների և կենսաբանական ծերացման զարգացման ռիսկի կանխատեսման բանալի լինել։ Science Advances ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ենթադրում է, որ ցանցաթաղանթի սկանավորումը մի օր կարող է դառնալ ոչ ինվազիվ միջոց՝ ընդհանուր անոթային առողջությունը և օրգանիզմի կենսաբանական տարիքը գնահատելու համար՝ հնարավորություններ բացելով հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման համար։
«Ցանցաթաղանթի սկանավորումը, գենետիկական տվյալները և արյան բիոմարկերները համատեղելով՝ մենք բացահայտել ենք մոլեկուլային մեխանիզմներ, որոնք օգնում են բացատրել, թե ինչպես է ծերացումն ազդում անոթային համակարգի վրա,- նշել է ուսումնասիրության ավագ հեղինակ Մարի Պիժերը՝ ըստ Scientific Russia-ի,- Աչքը տալիս է մարմնի շրջանառության համակարգի եզակի, ոչ ինվազիվ պատկեր։ Ցանցաթաղանթի արյան անոթների փոփոխությունները հաճախ արտացոլում են օրգանիզմի փոքր անոթներում տեղի ունեցող փոփոխությունները»։
Ուսումնասիրությունն անցկացնելու համար գիտնականները համատեղել են 74 հազար մարդուց վերցված ցանցաթաղանթի սկանավորումը, գենետիկական տվյալները և արյան նմուշները։ Նրանք պարզել են, որ ավելի պարզ, պակաս ճյուղավորված արյան անոթներ ունեցող մարդիկ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեն և ցուցաբերում են կենսաբանական ծերացման նշաններ, ինչպիսիք են բորբոքման բարձր մակարդակը և կյանքի կարճ տևողությունը։
Ներկայում տարիքային հիվանդությունների, մասնավորապես սրտի հիվանդությունների, կաթվածի և դեմենցիայի, ախտորոշումը պահանջում է բազմակի սկրինինգներ։ Հույս կա, որ ապագայում ցանցաթաղանթի սկանավորումը կօգտագործվի որպես ծերացման և սրտանոթային ռիսկի գնահատման արագ և մատչելի միջոց, բայց առայժմ ամբողջական պատկեր ստանալու համար ավելի խոր կլինիկական գնահատում է անհրաժեշտ։
Ուսումնասիրության մեկ այլ կարևոր կողմ էր արյան բիոմարկերների և գենետիկական տվյալների վերլուծությունը։ Դրա շնորհիվ գիտնականները բացահայտեցին ոչ միայն փոխկապակցվածությունը, այլև աչքի արյան անոթների փոփոխությունների կենսաբանական պատճառները։ Սա օգնեց ծերացում և հիվանդություններ առաջացնող որոշակի սպիտակուցներ բացահայտելուն։
Երկու ամենակարևոր սպիտակուցներն են MMP12-ը և IgG-Fc-ընկալիչ IIb-ն։ Երկուսն էլ կապված են բորբոքման և անոթների ծերացման հետ։ «Այս արդյունքները մատնանշում են դեղամիջոցների պոտենցիալ թիրախներ, որոնք կարող են դանդաղեցնել անոթների ծերացումը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը և, ի վերջո, երկարացնել կյանքի տևողությունը»,- ամփոփել է Փայգերը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day