• Latest news

Նյարդային վնասվածքները խաթարում են իմունային համակարգի աշխատանքը․ Neurobiology of Pain

6 նոյեմբերի, 2025  08:42

Նյարդերի վնասվածքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, ընդ որում, օրգանիզմի արձագանքները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ։ Այս եզրակացությանն են եկել ՄաքԳիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Neurobiology of Pain» ամսագրում։

Ձգումներով, ճնշումով կամ կտրվածքներով պայմանավորված նյարդերի վնասվածքները հաճախ հանգեցնում են քրոնիկական ցավի։ Նման վնասվածքների հետևանքներն ավելի լավ հասկանալու համար գիտնականները փորձ են անցկացրել մկների վրա։

Հետազոտողները վերլուծել են լաբորատոր մկների արյան նմուշները՝ նյարդային վնասվածքներ ստանալուց հետո և հայտնաբերել են համակարգային բորբոքման նշաններ։ Ընդ որում, արուների մոտ բորբոքային մարկերների մակարդակը կտրուկ բարձրանում էր և մնում բարձրացած, մինչդեռ էգերի մոտ այն ընդհանրապես չէր փոխվում։

Վնասված առանձնյակներից առողջ մկներին արյան փոխներարկման դեպքում, երկու սեռի ռեցիպիենտների մոտ էլ ուժեղանում էր ցավի նկատմամբ զգայունությունը։ Գիտնականները ենթադրել են, որ ցավային պատասխանը գործարկող մեխանիզմը տարածվում է արյան միջոցով, սակայն տղամարդկանց և կանանց մոտ գործում է տարբեր կենսաբանական ուղիներով։

Հետազոտողները պարզաբանել են, որ իմունային համակարգի փոփոխությունները կարող են բարձրացնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ տագնապայնությունը և դեպրեսիան։

«Նյարդային վնասվածքների արձագանքում սեռային տարբերությունները հասկանալը թույլ կտա անցնել քրոնիկ ցավի բուժման ավելի անհատականացված մեթոդների։ Եթե նյարդային վնասումից հետո իմունային պատասխանը կախված է սեռից, ապա թերապիան նույնպես պետք է հաշվի առնի այդ գործոնը»,- նշել է հետազոտության համահեղինակ, ՄաքԳիլի համալսարանի ցավի ուսումնասիրման ամբիոնի պրոֆեսոր Ջեֆրի Մոգիլը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll