Գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել տղամարդկանց և կանանց միջև, թե ինչպես է սնունդը տարիքի հետ ազդում նյութափոխանակության վրա. տղամարդկանց մոտ ինսուլինի նկատմամբ ավելի լավ զգայունությունը կապված է բուսական սպիտակուցների և ամբողջահատիկ մթերքների հետ, մինչդեռ կանանց մոտ բարենպաստ ազդեցություն ունի գինու չափավոր օգտագործումը:
Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, և ոչ պատշաճ սննդակարգն ուժեղացնում է այս ազդեցությունը: Սեռը կարևոր դեր է խաղում նրանում, թե որքանով է ձևավորվում նյութափոխանակության առողջության տարիքային վատթարացումը: Վերջին ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում, վերլուծել է տարբեր սեռի տարեց մարդկանց սննդակարգը և նյութափոխանակության ցուցանիշները:
Տարիքի հետ արյան շաքարի ցուցանիշները վատանում են, աճում է ինսուլինառեզիստենտության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը։ Inflammaging տերմինը՝ ծերացման հետ կապված քրոնիկ բորբոքումը, դարձել է առանցքային գործոն, որն ազդում է նյութափոխանակության վրա։
Մինչև դաշտանադադարը կանանց լյարդն ավելի լավ է վերամշակում լիպիդները, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ, սակայն ծեր տարիքում տարբերությունները դեռ քիչ են ուսումնասիրված։
Ուսումնասիրությանը մասնակցել են 96 առողջ տարեց մարդիկ (միջին տարիքը՝ 69 տարեկան): Մասնակիցները սննդի օրագրեր են պահել, չափել են մարմնի կազմը, անցել են գլյուկոզայի հանդուրժողականության թեստեր և այլ հետազոտություններ։
Գիտնականները կիրառել են վիճակագրական մոդելներ՝ ճշգրտված ըստ մարմնի զանգվածի ինդեքսի և ֆիզիկական ակտիվության մակարդակի։
Բացահայտվել են սննդակարգի և ինսուլինի զգայունության միջև սեռի հետ կապված հատուկ կապեր. տղամարդկանց մոտ լավագույն արդյունքը գրանցվել է բուսական սպիտակուցի, ամբողջահատիկների, ինոզիտոլի և վիտամին E-ի ավելի մեծ օգտագործման դեպքում. հակառակը, տրանս-ճարպերի և վերամշակված հացահատիկի ավելի մեծ օգտագործումը վատթարացրել է ցուցանիշները: Կանանց մոտ գինու կամ քսիլիտոլի (շաքարի փոխարինիչ) չափավոր օգտագործումը կապված է եղել ինսուլինի նկատմամբ ավելի լավ զգայունության հետ, սակայն վիճակագրական ճշգրտումից հետո այս կապն այլևս նշանակալի չի եղել։
Հետազոտողները շեշտում են, որ այս արդյունքները նախնական են և հնարավոր է, որ չտարածվեն այլ էթնիկ ծագում կամ առողջության մակարդակ ունեցող մարդկանց վրա: Նրանք ընդգծում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը՝ պարզելու համար, թե կոնկրետ որ դիետան և ում համար է ավելի լավ տարեց տարիքում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում