Հապալասի մզվածքը կարող է դանդաղեցնել լյարդի ոչ ալկոհոլային ստեատոզի զարգացումը՝ ճարպոտ սննդի ակտիվ օգտագործման դեպքում։ Նման եզրակացության են հանգել Հուաչժունի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։
Փորձի ընթացքում մկներին 80 շաբաթ շարունակ կերակրել են գլիկացման վերջնական արդյունքների (AGEs) բարձր պարունակությամբ սննդով. դրանք վնասակար նյութեր են, որոնք ակտիվորեն առաջանում են թխելու և տապակելու ընթացքում: Այն կրծողների մոտ, որոնք լրացուցիչ կերպով հապալասի մզվածք են ստացել՝, նվազել է AGEs-ի կուտակումը արյան և լյարդի մեջ, բարելավվել են գլյուկոզայի փոխանակության ցուցանիշները և ինսուլինի նկատմամբ զգայունությունը:
Հյուսվածքների անալիզը նույնպես բորբոքման և ֆիբրոզի մարկերների նվազում է ցույց տվել։ Բացի այդ, կենդանիների մոտ նվազել է լյարդի այն ֆերմենտների կոնցենտրացիան, որոնք մատնանշում են օրգանի ճարպային վնասումը։
Հետազոտողները էֆեկտի հիմնական մեխանիզմը համարում են աղիքային միկրոբիոտայի վրա ազդեցությունը։ Հապալասի մզվածքը մասնակիորեն «վերակարգավորել» է խաթարված միկրոբային կազմը. ավելացել է օգտակար բակտերիաների մասնաբաժինը և աճել կարճ շղթայով ճարպաթթուների՝ ացետատի և պրոպիոնատի մակարդակը։ Այս փոփոխություններն ուղեկցվել են լյարդում GPR43 ռեցեպտորի ակտիվացմամբ և բորբոքային ազդանշանային ուղիների ճնշմամբ։
Հեղինակներն ընդգծում են, որ փորձն իրականացվել է կենդանիների վրա՝ լաբորատոր պայմաններում։ Մարդկանց մոտ նմանատիպ էֆեկտը հաստատելու համար անհրաժեշտ են կլինիկական հետազոտություններ, չափաբաժինների ճշգրտում և երկարաժամկետ անվտանգության գնահատում։ Այնուամենայնիվ, արդեն իսկ այս մզվածքները համարվում են լյարդի ճարպային հիվանդության կանխարգելման հեռանկարային ռազմավարություն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day