«Դանդաղ» ածխաջրերի գերակշռությամբ դիետան նվազեցնում է դեմենցիայի զարգացման ռիսկը, մինչդեռ արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացնող մթերքները 14%-ով մեծացնում են դրա զարգացման հավանականությունը։ Նման եզրակացության են եկել Ռովիրա և Վիրխիլի համալսարանի գիտնականները։ Ծավալուն հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology (IJE) ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի ավելի քան 200 հազար չափահաս բնակիչ։ Փորձարկվողների առողջական վիճակին հետևել են միջինում 13 տարի։ Մասնակիցների սննդակարգը գնահատվել է գլիկեմիկ ինդեքսի միջոցով. ցուցանիշ, որն արտացոլում է, թե որքան արագ են մթերքները բարձրացնում գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։ Դիտարկման ընթացքում ճանաչողական խանգարումներ են ախտորոշվել 2362 մասնակցի մոտ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ցածր և չափավոր գլիկեմիկ ինդեքսով դիետաները 16%-ով նվազեցրել են Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը։ Գիտնականները պարզաբանել են, որ մրգերը, ամբողջահատիկային մթերքները և լոբազգիներն արյան մեջ շաքարի մակարդակն ավելի սահուն են բարձրացնում։ Միևնույն ժամանակ, բարձր գլիկեմիկ ինդեքսով սննդակարգը, որտեղ գերակշռում են սպիտակ հացը, կարտոֆիլը և ռաֆինացված մթերքները, 14%-ով մեծացրել է հիվանդության առաջացման հավանականությունը։
«Ուղեղի առողջության համար կարևոր է ոչ միայն սննդակարգում ածխաջրերի քանակը, այլև դրանց որակը։ «Արագ» ածխաջրերն ազդում են գլյուկոզայի և ինսուլինի փոխանակման վրա, իսկ այդ գործընթացները սերտորեն կապված են նեյրոդեգեներատիվ փոփոխությունների հետ»,- նշել են աշխատության հեղինակները։
Հետազոտողները նշում են, որ սննդակարգի փոփոխությունը դեպի ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքները՝ կարող է դեմենցիայի կանխարգելման և տարեց հասակում ճանաչողական խանգարումների ռիսկի նվազեցման պարզ ու մատչելի միջոց դառնալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day