Frontiers in Nutrition բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ գիտնականներն ուսումնասիրել են՝ արդյոք որոշակի սննդային սովորություններ կապված են աուտիզմի սպեկտրի խանգարման զարգացման վտանգի հետ, և արդյոք այդ կապերը կարող են կենսաբանական, դրանց թվում՝ իմունային բացատրություն ունենալ։ Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը դեռևս բարձր է, քանի որ աուտիզմից տառապող երեխաների թիվն աճում է ամբողջ աշխարհում, և ընտանիքները հաճախ սննդակարգը դիտարկում են որպես այն քիչ գործոններից մեկը, որոնց վրա կարող են ազդել։
Վերլուծելով գենետիկական տվյալները, հեղինակներն օգտագործել են անձի երկարաժամկետ սննդային նախասիրությունները արտացոլող Մենդելևյան պատահականացումը։ Նման մոտեցումը նվազեցնում է պատահական գործոնների ազդեցությունը և հակադարձ պատճառահետևանքային կապը։ Վերլուծությունը ներառել է գրեթե 200 սննդային գործոններ, ինչպես նաև սննդային ալերգիայի և նյութափոխանակության ցուցանիշներ։ Ուսումնասիրվել են նաև իմունային և բորբոքային մարկերներ, իսկ կլինիկական մասը ներառել է աուտիզմի սպեկտրի խանգարումով ախտորոշված 78 երեխաների դիտարկում, որոնցից մի քանիսը հետևել են գլյուտենից (բնական հացահատիկներում յուրահատուկ մածուցիկ և կպչուն հատկություններ ունեցող և խմորին առաձգականություն հաղորդող որոշակի կառուցվածքային սպիտակուց –խմբ.) և կազեինից (կովի կաթի և պանրի սպիտակուցի մոտ 80%-ը կազմող սպիտակուցային նյութ-խմբ.) զերծ սննդակարգի։
Արդյունքները ցույց են տվել, որ ոչ բոլոր սննդամթերքներն են հավասարապես կապված աուտիզմի վտանգի հետ։ Գլյուտեն պարունակող անխառն հացահատիկային մակարոնեղենի և կազեինով հարուստ մշակված պանրի ավելի հաճախակի օգտագործման գենետիկ նախատրամադրվածությունը կապված էր խանգարման վտանգի բարձրացման հետ: Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ դա չի արտացոլում առանձին կերակուրների ազդեցությունը, այլ երկարաժամկետ, հետևողական սննդակարգը: Գնահատականները ճշգրիտ չէին, ուստի արդյունքները համարվում են իբրև հավանական ասոցիացիաներ, այլ ոչ թե ապացուցված պատճառահետևանքային կապ:
Ի տարբերություն դրա, բանան ավելի հաճախ օգտագործելու միտումը կապված էր աուտիզմի ավելի ցածր վտանգի հետ, թեև հեղինակները նշում են, որ այդ ազդեցությունը կարող է արտացոլել սննդակարգի ընդհանուր որակը, այլ ոչ թե որոշակի սննդի ազդեցությունը:
Հետազոտության կլինիկական մասը ցույց է տվել, որ գլյուտենից և կազեինից զերծ սննդակարգը ստանդարտ սննդակարգի համեմատ էապես չի բարելավել վարքային ախտանիշները: Սակայն այդ սննդակարգերը զգալիորեն նվազեցրել են կաթի և ցորենի նկատմամբ իմունային հակամարմինների մակարդակը, ինչը վկայում է իմունային համակարգի վրա ազդեցության մասին:
Ընդհանուր առմամբ, հեղինակները հանգել են այն եզրակացության, որ գլյուտենով և կազեինով հարուստ որոշակի սննդամթերքներ իմունային մեխանիզմների միջոցով կարող են կապված լինել աուտիզմի հետ: Ընդ որում, սննդակարգը պետք է համարվի օժանդակ գործոն, այլ ոչ թե աուտիզմի կանխարգելման կամ բուժման եղանակ, և նրանք ընդգծում են ավելի լայնածավալ ուսումնասիրությունների անհրաժեշտությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day