• Latest news

Մանուկ հասակում ատամների վատ վիճակը կարող է ազդել չափահաս տարիքում սիրտ-անոթային համակարգի վրա․ IJC

3 մարտի, 2026  12:22

Կոպենհագենի համալսարանի գիտնականների կողմից իրականացված նոր ծավալուն հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների ատամների և լնդերի վատ վիճակը կարող է հեռահար հետևանքներ ունենալ հասուն տարիքում սրտի և անոթների առողջության համար:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Cardiology ամսագրում:

1960-1970-ական թվականներին ծնված գրեթե 570,000 դանիացիների տվյալների վերլուծությունը վիճակագրական կապ է ցույց տվել մանկական տարիքի ատամնաբուժական խնդիրների և 30 տարեկանից հետո սրտի իշեմիկ հիվանդության, ինֆարկտի ու ինսուլտի զարգացման բարձր հավանականության միջև:

Հետազոտողներն օգտագործել են Մանկական ատամնաբուժության ազգային ռեեստրի տվյալները, որտեղ արձանագրված են եղել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բազմակի կարիեսային ախտահարումները և ծանր գինգիվիտը (լնդերի բորբոքում՝ արյունահոսությամբ և ցավոտությամբ):

Այս տվյալները համադրվել են մինչև 2018 թվականը Պացիենտների ազգային ռեգիստրում առկա սիրտ-անոթային հիվանդությունների մասին բժշկական վկայությունների հետ: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր մանկության տարիներին ունեցել են բազմակի կարիես, հասուն տարիքում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մինչև 45%-ով ավելի բարձր է եղել, իսկ արտահայտված գինգիվիտ ունեցող երեխաների մոտ՝ մինչև 41%-ով ավելի բարձր, քան առողջ ատամներ և լնդեր ունեցող հասակակիցների մոտ:

Գիտնականներն ընդգծում են, որ սա փոխկապակցվածություն է, այլ ոչ թե ուղղակի պատճառահետևանքային կապի ապացույց. հետազոտությունը չի կարող պնդել, որ ատամների խնդիրներն ինքնին առաջացնում են սրտի հիվանդություններ։ Այնուամենայնիվ, նման կապը համահունչ է այն տեսությանը, համաձայն որի՝ բերանի խոռոչի բորբոքային գործընթացները կարող են նպաստել օրգանիզմում համակարգային բորբոքմանը՝ ազդելով անոթների վրա և արագացնելով աթերոսկլերոզի զարգացումը (զարկերակներում ճարպային վահանիկների կուտակումը):

Հեղինակները հաշվի են առել նաև այնպիսի գործոններ, ինչպիսին է մասնակիցների կրթական մակարդակը, որը հաճախ արտացոլում է կենսակերպը և առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Նույնիսկ այս գործոնների ազդեցությունը հաշվի առնելուց հետո, մանկության տարիներին բերանի խոռոչի վիճակի և սիրտ-անոթային ռիսկերի միջև վիճակագրական կապը պահպանվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll