Հապալասի էքստրակտը կարող է նվազեցնել գեստացիոն դիաբետի դրսևորումները։ Նման եզրահանգման են եկել գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակվել է «Food & Function» (F&F) ամսագրում: Հետազոտությունը ցույց է տվել, որ հատապտուղների մեջ առկա նյութերը միաժամանակ մի քանի կենսաբանական մեխանիզմների միջոցով ազդում են նյութափոխանակության վրա:
Ի՞նչ է գեստացիոն շաքարախտը։
Գեստացիոն դիաբետը ածխաջրատային փոխանակության խանգարում է, որը զարգանում է հղիության ընթացքում և արտահայտվում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմամբ: Սովորաբար այն անցնում է ծննդաբերությունից հետո, սակայն կարող է մեծացնել բարդությունների առաջացման վտանգը ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:
Ինչպես է անցկացվել ուսումնասիրությունը
Կենդանիների վրա կատարված փորձի ընթացքում գիտնականները մոդելավորել են գեստացիոն դիաբետ՝ բարձր ճարպ պարունակող սննդակարգի միջոցով և սննդաբաժնում ավելացրել են անտոցիաններով հարուստ հապալասի էքստրակտ: Արդյունքում կենդանիների մոտ նվազել են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինսուլինակայունությունը, բորբոքումը և լիպիդային փոխանակության խանգարումները:
Գործողության հնարավոր մեխանիզմ
Վերլուծությունը ցույց է տվել, որ ազդեցությունը կապված է աղիքային միկրոբիոտայի փոփոխությունների հետ. ավելացել է օգտակար բակտերիաների քանակը, այդ թվում՝ Lactobacillus-ը: Սա ուղեկցվել է լեղաթթուների փոխանակության վերակազմավորմամբ և այն ազդանշանային ուղիների ակտիվացմամբ, որոնք ազդում են GLP-1 հորմոնի արտադրության վրա. վերջինս մասնակցում է շաքարի մակարդակի կարգավորմանը:
Ի՞նչ է սա նշանակում գործնականում։
Հեղինակները նշում են, որ ստացված տվյալները բացահայտում են հատապտուղների ազդեցության առավել բարդ մեխանիզմ. այն իրականանում է ոչ միայն հակաօքսիդանտների հաշվին, այլև միկրոբիոտայի և հորմոնալ գործընթացների վրա ունեցած ազդեցության միջոցով: Հեռանկարում սա կարող է օգտագործվել գեստացիոն դիաբետի կանխարգելման և վերահսկման նպատակով դիետիկ հանձնարարականների մշակման ժամանակ, սակայն մարդկանց մոտ այդ ազդեցության հաստատման համար անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day