Արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց միայն փոքր տոկոսն է օգտագործում աղի փոխարինիչներ, չնայած այն հանգամանքին, որ դրանք առաջարկում են նատրիումի ընդունումը նվազեցնելու եւ սրտի առողջությունը բարելավելու պարզ եւ մատչելի միջոց։ Այս մասին տեղեկացրել է American Heart Association-ը (AHA):
Հիպերտոնիան զարգանում է, երբ անոթներում արյան ճնշումը անընդհատ բարձր է: Սա մեծացնում է սրտի կաթվածի, ինսուլտի եւ այլ առողջական խնդիրների առաջացման ռիսկը: American Heart Association-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում մեծահասակների գրեթե կեսը տառապում է դրանից: Հիմնական պատճառներից մեկը համարվում է սննդակարգում նատրիումի ավելցուկը եւ կալիումի անբավարարությունը: Աղի փոխարինիչները լուծում են այս խնդիրը. դրանք նատրիումի մի մասը փոխարինում են կալիումով, որն օգնում է իջեցնել արյան ճնշումը:
«Մեծահասակների 6 տոկոսից պակասն է օգտագործում աղի փոխարինիչներ, չնայած այն հանգամանքին, որ դրանք արյան ճնշումը վերահսկելու էժան եւ արդյունավետ միջոց են, հատկապես դժվար բուժվող հիպերտոնիայի դեպքում»,- նշել է ուսումնասիրության առաջատար հեղինակ, Տեխասի համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի ասպիրանտ եւ դիետոլոգ Ինյին Վեյը:
Գիտնականները վերլուծել են 2003-2020թթ․ ազգային առողջության եւ սննդի հետազոտության հարցման (NHNSA) տվյալները, որոնք ներառել են ավելի քան 37 հազար մարդ: Նրանք պարզել են, որ աղի փոխարինիչների օգտագործումը մնում է կայուն ցածր՝ 2013-2014թթ․ գրանցելով առավելագույն 5.4 տոկոս, իսկ 2020թ․ այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 2.5 տոկոս:
Նույնիսկ այն մարդիկ, որոնց համար այդ մթերքները բժշկական տեսանկյունից նպատակահարմար են, կազմել են միայն 2-5 տոկոս: Սա ավելի տարածված էր արդեն իսկ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներ ընդունող հիվանդների շրջանում:
«Նույնիսկ անվերահսկելի կամ չբուժված արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց շրջանում մեծամասնությունը շարունակում է օգտագործել սովորական աղ»,- ընդգծել է Վեյը:
Մասնագետները, սակայն, սա համարում են բաց թողնված հնարավորություն: «Սա արյան ճնշումը բարելավելու պարզ միջոց է, որը հազվադեպ է օգտագործվում», - նշել է սրտաբան Ամիտ Խերան։
Փորձագետները հիշեցնում են, որ նատրիումի մեծ մասը գալիս է ոչ թե տանը գտնվող աղամանից, այլ վերամշակված սննդամթերքից եւ ռեստորանային սննդից: American Heart Association-ը խորհուրդ է տալիս սահմանափակել նատրիումի ընդունումը օրական 2 300, իսկ իդեալականում՝ 1 500 միլիգրամով։
Սակայն աղի փոխարինիչները բոլորին չէ, որ հարմար են: Կալիումի պարունակության պատճառով դրանք կարող են վտանգավոր լինել երիկամների հիվանդություն ունեցող կամ որոշակի դեղամիջոցներ ընդունող մարդկանց համար, ուստի դրանք օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day