• Latest news

Ինչո՞ւ է «օրական մեկ խնձորը» տարբեր կերպ ազդում տարբեր մարդկանց վրա

15 ապրիլի, 2026  08:47

12-շաբաթյա կլինիկական հետազոտությունը ցույց է տալիս, որ ամեն օր խնձոր ուտելը կարող է տարբեր ազդեցություն ունենալ առողջության վրա։ Դա կախված մարդու աղիքային միկրոբիոմի ելակետային տեսակից (էնտերոտիպից)։ Հենց էնտերոտիպն է որոշում, թե ինչպես է միկրոֆլորան արձագանքելու բջջանյութին և պոլիֆենոլներին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե արդյո՞ք միկրոբիոմի նախնական կառուցվածքը կարող է ազդել նյութափոխանակության և միկրոբային փոփոխությունների վրա՝ խնձորի կանոնավոր օգտագործման դեպքում։ Հետազոտությանը մասնակցել է Ճապոնիայի 38 չափահաս բնակիչ, որոնց միկրոբիոմը բաժանված է եղել երեք էնտերոտիպի՝ Bacteroidaceae (ET1), Ruminococcaceae (ET2) և Prevotellaceae (ET3)։

Արդյունքները փաստել են, որ մասնակիցների նյութափոխանակության ընդհանուր ցուցանիշները էականորեն չեն փոխվել։ Այնուամենայնիվ, խնձորի հանդեպ միկրոբիոմի արձագանքը տարբերվել է՝ կախված էնտերոտիպից։ Ամենակտրուկ փոփոխությունը նկատվել է ET1 խմբում. փորձարկումից հետո նրանց օրգանիզմում ավելացել է կարճ շղթայով ճարպաթթուների պարունակությունը»։

Սա մատնանշում է այն փաստը, որ միկրոբիոմի կառուցվածքը կարող է ազդել սննդի նկատմամբ անհատական արձագանքի վրա, ինչը կարևոր է սննդակարգի նկատմամբ անհատականացված մոտեցման մշակման համար։

Խնձորի պոլիֆենոլներ և էնտերոտիպերի տարբերություններ

Ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների աճը մեծացնում է սննդային բաղադրիչների, օրինակ՝ բջջանյութի և պոլիֆենոլների նկատմամբ հետարքրությունը, որոնք կարող են նպաստել նյութափոխանակությանը:

Խնձորը (Malus domestica) պեկտինի և ֆլավան-3-ոլների հարուստ աղբյուր է, որոնք կապված են առողջության վրա դրական ազդեցության հետ: Այնուամենայնիվ, մարդկանց շրջանում իրականացված հետազոտությունների արդյունքները մնում են հակասական:

Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է բացատրվել մարդկանց միկրոբիոմի տարբերություններով: Այդ տարբերությունները նկարագրելու համար օգտագործվում է «էնտերոտիպերի» հայեցակարգը, սակայն այն հաճախ դիտարկվում է որպես ստատիկ բնութագիր, այլ ոչ թե որպես սննդի նկատմամբ արձագանքի վրա ազդող գործոն:

12-շաբաթյա ուսումնասիրության դիզայն

Հետազոտությանը մասնակցել է 38 չափահաս ճապոնացի, որոնք 12 շաբաթ շարունակ ամեն օր կերել են մեկական Fuji տեսակի խնձոր։ Մասնակիցները խմբերի են բաժանվել՝ կախված իրենց միկրոբիոմի տեսակից։

Յուրաքանչյուր խնձոր պարունակել է մոտ 176,7 մգ պրոցիանիդին, 240,6 մգ պոլիֆենոլ և 4 գ բջջանյութ։

Հետազոտությունները, ներառյալ արյան և աղիքային միկրոբիոմի անալիզները, անցկացվել են փորձի սկզբում, ինչպես նաև 4, 8 և 12 շաբաթ անց։

Արդյունքներ ըստ էնտերոտիպերի

Առողջության ընդհանուր ցուցանիշները չեն փոխվել, սակայն ET1 խմբում նկատվել է կարճ շղթայով ճարպաթթուների (ացետատ, պրոպիոնատ, բուտիրատ) զգալի աճ։ Մյուս խմբերում նման փոփոխություններ չեն գրանցվել։

Ինչպես նաև առանձին կապեր են բացահայտվել բակտերիաների և նյութափոխանակության ցուցանիշների միջև, սակայն փոփոխությունները տեղի են ունեցել առանց կարճ շղթայով ճարպաթթուների (SCFA) արտադրության համար պատասխանատու բակտերիաների քանակի նկատելի աճի։

Անհատականացված սննդի հետևանքները

Հետազոտությունը փաստում է, որ խնձորի ազդեցությունը կախված է միկրոբիոմի նախնական վիճակից։ Այն մարդիկ, ում օրգանիզմում գերակշռում են Bacteroidaceae տեսակի բակտերիաները, կարող են ավելի մեծ օգուտ քաղել բջջանյութի խմորումից (ֆերմենտացիայից)։

Չնայած որոշակի սահմանափակումներին (մասնակիցների փոքր թիվը և ստուգիչ խմբի բացակայությունը), արդյունքները հաստատում են, որ էնտերոտիպերը կարող են ազդել սննդի նկատմամբ օրգանիզմի անհատական արձագանքի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll