• Latest news

Օրական երկու լիտր ջուր խմելը միշտ չէ, որ օգտակար է

18 ապրիլի, 2026  10:42

Ամենօրյա ջրի անհրաժեշտ քանակի հարցը պարբերաբար քննարկվում է տարբեր ոլորտենորւմ և շատերը սովոր են այն պարզ բանաձևին, թե օրական պետք է խմել մեկուկես-երկու լիտր ջուր։ Սակայն, ինչպես պարզաբանում է Վ. Ի. Ռազումովսկու անվան բժշկական համալսարանի Սննդային համակարգերի կենսատեխնոլոգիայի բարձրագույն դպրոցի փոխտնօրեն Վիկտորիա Ստրիժևսկայան, այս խորհուրդն այնքան էլ միանշանակ չէ։

Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե միայն մաքուր ջրի, այլ ընդհանրապես հեղուկի մասին է։ Այդ ծավալի մեջ են մտնում օրվա ընթացքում օգտագործած բոլոր ըմպելիքները, ինչպես նաև սննդի մեջ պարունակվող հեղուկը՝ ապուրները, բանջարեղենը, մրգերը և այլ ուտեստները, հայտնում է Naked Science-ը։ Եթե դրանք բավարար քանակով եք օգտագործում, ապա օրգանիզմին անհրաժեշտ հեղուկի մի մասն արդեն ստանում եք սննդի հետ։

Բացի այդ՝ օրգանիզմի պահանջարկը փոխվում է՝ կախված տարվա եղանակից ու եղանակային պայմաններից։

«Շոգ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է, մարդն ավելի շատ է քրտնում, հետևաբար՝ ջրային հավասարակշռությունը պահպանելու համար ավելի շատ հեղուկի կարիք ունի։ Ձմռանը կամ զով եղանակին հեղուկի պահանջարկը նվազում է, և ամենևին էլ պարտադիր չէ ինքդ քեզ ստիպելով ջուր խմել»,- նշում է փորձագետը։

Բացի այդ, ջրի չափից ավելի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել երիկամների և արտաթորության համակարգի համար։ Ջուրը համապարփակ լուծիչ է, և դրա ավելցուկը կարող է օրգանիզմից դուրս մղել ոչ միայն վնասակար, այլև օգտակար նյութերը, օրինակ՝ հանքանյութերը։ Սա կարող է հանգեցնել հավասարակշռության խաթարման և նույնիսկ առողջական խնդիրներ առաջացնել։ Հետևաբար, խորհուրդ չի տրվում լիտրերով ջուր խմել՝ առանց ծարավի զգացողության։

Վիկտորիա Ստրիժևսկայան ընդգծում է, որ եթե մարդը օրական հենց երկու լիտր մաքուր ջուր չի խմում, դա դեռ անհանգստանալու առիթ չէ։ Կարևորը հեղուկի ընդհանուր հավասարակշռությունը պահպանելն է և նախապատվությունը բնական ըմպելիքներին տալը։

«Այնուամենայնիվ, կան նաև բացառություններ, օրինակ՝ գազավորված ըմպելիքները։ Դրանք պետք է հնարավորինս քիչ օգտագործել», — ամփոփում է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll