• Latest news

Ծայրահեղ եղանակային պայմանները մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը. AJPM

21 ապրիլի, 2026  22:36

Գիտնականները հանգելեն այն եզրակացության, որ եղանակային ծայրահեղ երևույթները՝ շոգը, ցուրտը և առատ տեղումները, ուղղակիորեն կապված են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի աճի հետ:

Աշխատանքը, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Medicine բժշկագիտական հանդեսում, հիմնված է Չինաստանի ավելի քան 150 քաղաքների 2015–2020 թվականների տվյալների վերլուծության վրա: Հետազոտողներն օգտագործել են բժշկական դիտարկումների խոշոր բազաներ և կիրառել պատճառահետևանքային վերլուծության մեթոդներ՝ առողջության վրա եղանակային գործոնների ազդեցությունը ճշգրիտ գնահատելու համար:

Արդյունքները ցույց են տվել, որ ամենաուժեղ ազդեցությունն ունենում է ծայրահեղ շոգը. մոտ 38°C-ից բարձր ջերմաստիճանով յուրաքանչյուր հավելյալ օրը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների անհատական ռիսկը մոտ 3%-ով:

Ցուրտը ևս բարձրացնում է ռիսկը, թեև ավելի թույլ՝ օրական մոտ 0,1%-ով, այն դեպքում, երբ առատ տեղումները մեծացնում են այն մոտ 1,6%-ով:

Բացի դրանից, բնակչության մակարդակով դա արտահայտվում է հիվանդությունների թվի զգալի աճով. ծայրահեղ շոգի յուրաքանչյուր հավելյալ օրը կապված է 100 հազար մարդու հաշվով սիրտ-անոթային հիվանդությունների ավելի քան 1000 լրացուցիչ դեպքերի հետ:

Գիտնականները բացահայտել են նաև բարձր ռիսկային խմբերը: Շոգն ավելի ուժեղ է ազդում նախակենսաթոշակային տարիքի մարդկանց, ծխողների և օդի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող շրջանների բնակիչների վրա: Ցուրտը հատկապես վտանգավոր է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, քանի որ ուժեղացնում է սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով ճնշումը և արյան մածուցիկությունը:

Ուշագրավ է, որ ջերմաստիճանի ազդեցությունը կախված է դրա ծայրահեղության աստիճանից. ուժեղ շոգի ժամանակ ճարպային հյուսվածքը կարող է մասնակիորեն պաշտպանել օրգանիզմը գերտաքացումից, մինչդեռ ուժեղ ցրտի դեպքում այդ ազդեցությունը վերանում է, և ռիսկը, ընդհակառակը, աճում է:

Հեղինակներն ընդգծում են, որ կլիմայի փոփոխության պայմաններում ծայրահեղ եղանակային օրերի թիվն ավելանում է, ինչը նշանակում է, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը ևս կաճի: Նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ռիսկի չնչին բարձրացումը կարող է զգալի հետևանքների հանգեցնել ամբողջ քաղաքների և երկրների մակարդակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll